Գլխավոր Նորություններ INSARAG-Ի ՉԱՓԱՆԻՇՆԵՐՈՎ

INSARAG-Ի ՉԱՓԱՆԻՇՆԵՐՈՎ

792
Տարածել

36-ժամյա 14-րդ վարժանքը վերջին 3 տարում

2015-ի սեպտեմբերի 1-4-ը Երևանի քաղաքային որոնողափրկարարական թիմը հաջողությամբ անցավ «Քաղաքային որոնողափրկարարական հարցերով միջազգային խորհրդատվական խմբի»՝ INSARAG-ի  արտաքին որակավորման  քննությունը և դարձավ որոնողափրկարարական

միջին թիմ:

 

Քննության հիմնական բաղադրիչը 36-ժամյա վարժանքն էր: Սրանից անցել է 1,5 տարի: Հիմա Հայաստանն ունի INSARAG-ի արտաքին որակավորում անցած մեկ և ազգային որակավորում ունեցող չորս թիմ՝ Սյունիք, Լոռի, Տավուշ, Շիրակ: INSARAG-ի  արտաքին որակավորում ստանալու համար անցկացված 36-ժամյա վարժանքն առաջինը չէր, ու որակավորում ստանալուց հետո նման վարժանքների կազմակերպումը չդադարեցվեց: 2014-ից մինչ օրս հայկական քաղաքային որոնողափրկարարական թիմերի մասնակցությամբ 36-ժամյա 13 վարժանք է կազմակերպվել՝ նախաքննական, քննական, պատրաստվածության բարձրացման: Վարժանքներից ամենամեծը 2016 թվականի հունիսի 7-9-ը Գյումրիում էր  բոլոր թիմերի՝ մոտ 250 փրկարարի մասնակցությամբ: 36-ժամյա 14-րդ վարժանքը կազմակերպվել էր ապրիլի 27-ին և 28-ին՝ ՀՀ ԱԻ նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի «Լուսակերտ» ուսումնական բազայում և Կոտայքի մարզի Արզնու ձորում: Վարժանքին մասնակցում էր INSARAG-ի արտաքին որակավորում անցած թիմը: Նաև վարժանքի տեղամասերի պատրաստման թիմ՝ 10 հոգի, խաղարկողներ՝ 10 հոգի, վարժանքի ղեկավարման խումբ՝ երկու հոգի: Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի 10 ուսանող աղետից տուժածների էին նմանակում:

Քաղաքային որոնողափրկարարական թիմերի վարժանքների թեման նույն է՝ «Երկրաշարժի դեպքում որոնողափրկարարական աշխատանքների կազմակերպում և իրականացում», իր ենթաթեմաներով՝ «Տեղակայման բազայի ծավալում», «Մաքուր կտրում», «Որոնում փլատակներում», «Տարհանում վնասված շենքի բարձր հարկերից», «Ամրակապում» և այլն: Տարբեր են վարժանքների սցենարները: Օրինակ՝ 2016-ի հունիսին Գյումրիում անցկացված 36-ժամյա վարժանքի սցենարի համաձայն, Շիրակի մարզում երկրաշարժ է գրանցվել, առաջինը օգնության են հասել լոռեցի փրկարարները: Նույն տարվա սեպտեմբերին անցկացված վարժանքի սցենարն այլ էր. Երևանում գրանցվել է 7,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, փլվել են բազմաթիվ շենքեր, Հաղթանակի, Կիևյան, Աշտարակի կամուրջները, օգնության են հասել շիրակցի փրկարարները: Ապրիլի 27-ի և 28-ի վարժանքի սցենարի համաձայն, Հայաստանին հարևան երկրներից մեկում գրանցվել է 7,2 մագնիտուդով երկրաշարժ, կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ: Երկրաշարժից տուժած երկրի կառավարությունը մարդասիրական օգնության հայտով դիմել է միջազգային հանրությանը: Հայաստանի Հանրապետությունն արձագանքել է ու ՀՀ ԱԻ նախարարի որոշմամբ, հայկական քաղաքային որոնողափրկարարական ջոկատը մեկնում է տուժած երկիր: 36-ժամյա վարժանքին հետևում էր նաև ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը:

INSARAG-ի արտաքին որակավորում անցած թիմի պահեստային հրամանատար, Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի փրկարարական ֆակուլտետի դեկան Գևորգ Հովակիմյանի խոսքով, վարժանքը ուսուցողական մեծ դեր կատարեց, մեր փրկարարները լավ են պատկերացնում իրենց խնդիրները և դրանց լուծման ուղիները: Արդյունքները գոհացուցիչ են: Արձանագրվել են բացեր և թերություններ: Դավիթ Տոնոյանի հանձնարարությամբ ԱԻՆ փրկարար ծառայության և Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի մասնագետները կկազմեն թերությունների վերացման ժամանակացույց և, ըստ դրա, ակադեմիայում վերապատրաստման դասընթացներ կկազմակերպվեն: Փրկարարների հմտությունների զարգացումից բացի անդրադարձ կլինի թիմի նյութական ապահովմանը՝ սարքեր-սարքավորումների թարմացում-համալրում:

Քաղաքային որոնողափրկարարական արագ արձագանքման թիմերի ձևավորման հարցում Հայաստանին մեծապես օգնել է Շվեյցարիան: Մոտ վեց միլիոն ֆրանկով իրականացվել է 3000 փրկարարի, 800 բուժաշխատողի վերապատրաստում, Հայաստանին տրամադրվել են փրկարարական գույք և հանդերձանք: Օգնություն ենք ստացել նաև լեհ փրկարարներից: 36-ժամյա նախկին վարժանքներին դիտորդ են եղել թե շվեյցարացիները, թե լեհերը: Վերջին վարժանքին դիտորդ է եղել ռուսաստանցի 3 փրկարար: Ըստ Գևորգ Հովակիմյանի՝ ռուսները դրական են գնահատել մեր փրկարարների աշխատանքն ու զարմացել, որ Հայաստանի քաղաքային որոնողափրկարարական թիմերը 36-ժամյա վարժանք են կազմակերպում: 36-ժամյա վարժանքը մեր փրկարարների հնարավորությունների սահմանագիծը չէ:

Հայկական արագ արձագանքման, քաղաքային որոնողափրկարարական թիմերի մասնագիտական որակները, պատրաստվածությունն ու տեխնիկական հագեցվածությունը թույլ են տալիս 24-ժամյա ռեժիմով (8-ժամյա հերթափոխներով) 7-10 օր անընդմեջ որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնել: