Գլխավոր Հրշեջ-փրկարարներ ՎԵԴԻԻ ՓՐԿԱՐԱՐՆԵՐԸ՝ ՄԻ ԸՆՏԱՆԻՔԻ ՊԵՍ

ՎԵԴԻԻ ՓՐԿԱՐԱՐՆԵՐԸ՝ ՄԻ ԸՆՏԱՆԻՔԻ ՊԵՍ

873
Տարածել

Դեռ չի եղել մի դեպք, որից պատվով չվերադառնան

Արարատի մարզային փրկարարական վարչության Վեդիի հրշեջ-փրկարարական ջոկատը (ՀՓՋ) սպասարկում է Վեդի քաղաքը և 16 գյուղական համայնք: «Ունենք Թուրքիայի հետ սահմանամերձ մեկ գյուղ` Լուսառատը. եղել են դեպքեր, որ հրդեհ ենք մարել սահմանային գոտում, գետափին կախված ձկնորսների մեքենա էլ ենք դուրս բերել սահմանապահների ուղեկցությամբ: Ունենք նաև բարձրլեռնային Լուսաշող և Լանջանիստ համայնքները, խոտածածկ ու անտառապատ տարածքներով սարեր ու ձորեր, ներառյալ Խոսրովի արգելոցը, որ նույնպես մենք ենք սպասարկում»,- տեղեկացնում է Վեդիի ՀՓՋ հրամանատար, փ/ծ փոխգնդապետ Պարույր Սահակյանը: Ջոկատի անձնակազմը ներառում է 27 ծառայող, այդ թվում՝ տեխնիկական աշխատողը: Ծառայությունն իրականացնում են 4 հերթափոխով: Հրամանատարը նշում է, որ ջոկատում թափուր տեղեր չկան, անձնակազմը համալրված է, պարզապես 3 հոգի, ավարտելով ծառայությունը, մայիս ամսին կանցնեն հանգստի: «Նրանք 30 և ավելի տարիներ ծառայել են, մեծ փորձ ունեն, և ես ինչպես հպարտությամբ, այնպես էլ ցավով եմ ճանապարհում նրանց: Ես չգիտեմ, թե փոխարինելու եկողներին որքա՞ն ժամանակ կլինի անհրաժեշտ, որպեսզի համապատասխան հմտություն ձեռք բերեն: Երբ նրանք իմ կողքին են, ես ինձ առավել վստահ ու ապահով եմ զգում»,- հանգստի մեկնող ամեն մարտական ընկերոջ համար ափսոսանք հայտնելով՝ հավելում է հրամանատարը:

Վեդիի հրշեջ-փրկարարական ջոկատը 2016 թ. ունեցել է 248 ելք, որից 57-ը՝ հրդեհի կանչ, 50-ը` հրշեջ-մարտավարական պատրաստվածություն, ինչպես նաև 11 ճանապահատրանսպորտային և 19 կենցաղային կանչեր: Ապա նաև՝ որոնողափրկարարական աշխատանքների 10 դեպք, այդ թվում՝ 2-ը լեռներում: 6 դեպք էլ ձնաբքում արգելափակվածներ էին` մարդ ու մեքենա. փրկարարները դուրս են բերել շուրջ 50-60 մարդու, այդ թվում` երեխաների ու հղի կանանց: Հրշեջ-փրկարարները նշում են, որ Լուսաշող համայնքի տարածքում կա միջացիկ մի հատված, որտեղ մշտապես ձնաբքեր են լինում. «Եղել է դեպք, որ ձնաբքի հետևանքով մինչև 70 ավտոմեքենա ենք դուրս բելել` շուրջ 140 մարդկանցով. Տիգրանակերտի ոլորաններում էր, երբ օգնության էինք գնացել Արարատի հրշեջ-փրկարարներին»: Իսկ մնացած կանչերը եղել են հերթապահության, վառելիքի ու ջրի լիցքավորման և նման անհրաժեշտ ելքեր: Մինչդեռ այս տարի միայն 18 հրդեհի կանչ են ունեցել արդեն: «Սեզոնը նոր է բացվում»,- կատակում են տղաները, քանի որ այս տարածքում հիմնական հրդեհները լինում են ամռան եղանակին` պայմանավորված չոր ու արևոտ կլիմայով:

Բնակլիմայական պայմաններով առանձնացող կիսալեռնային տարածքը սպասարկող Վեդիի հրշեջ-փրկարարների ծառայությունը նմանապես առանձնակի ու համարժեք ճիգ ու ջանք է պահանջում, կրկնակի աշխատանք ու ֆիզիկական ուժի առավել գործադրում, ինչի համար անհրաժեշտ է հատուկ պատրաստվածություն: Երբեմն միայն մարդկային ուժի գործոնն է իրավիճակը փրկում: Մարզում միայն Վեդու ջոկատն ունի «Գազ 66» մակնիշի մարտական մեքենա` դժվար ու վերելքային տեղանքը հաղթահարելու, փրկարար ջուրը հրդեհի օջախ հասցնելու նկատառումով: Սակայն երբեմն մեքենայի ամենագնացությունն էլ անկարող է դառնում հաղթահարել անանցանելին` հասնելով հրդեհի օջախին: Նման իրավիճակներում հրշեջ-փրկարարները վստահում են իրենց ուժին ու ձեռքերին, փորձին ու հմտությանը` կիրառելով փոխարինող միջոցներ: «Օրերով սարերում ու անտառածածկ տարածքներում ենք մնում, երբեմն առանց հացի ու ջրի, հենց տեղում էլ իրականացնում ենք հերթափոխը: Երբ մեքենան չի հասնում հրդեհին, ջուրը բարձրացնում ենք տարաներով, ստիպված ենք լինում թրջած պարկերով, «պլետների» հարվածներով մարել` անընդհատ ծեծելով հողն ու կրակը: Ավելի հեշտ է, որ մենք մեկ մարտական հաշվարկով մարենք բռնկված խոտի 1000-1500  հակ, ինչը նույնպես աշխատատար է և մանրակրկիտ մոտեցում է պահանջում, քան սարում 5 հեկտար անտառային տարածք, որի մարելը չոր խոտածածկ տարածքից էլ դժվար է»,- նկատում են Վեդիի ջոկատի տղաները: Իսկ Խոսրովի անտառում գրեթե ամեն տարի հրդեհներ են լինում, զբոսաշրջիկներ են մոլորվում, և հրշեջ-փրկարարները ստիպված են պաշտպանել արգելոցի և՛ անտառը, և՛ հազվադեպ կենդանիներին, և՛ իրականացնել որոնողափրկարարական աշխատանքներ:

«Նախանցյալ տարի մի ռուս զբոսաշրջիկ փորձել էր անցակետով արգելոց մուտք գործել, թույլ չէին տվել, շրջանցելով էր ներս մտել ու մոլորվել: Ահազանգ ստանալով` մեկնեցինք դեպքի վայր, հեռախոսով կարողացանք կապ հաստատել մոլորվածի հետ, բայց անծանոթ լինելով տեղանքին` չէր կարողանում մոտավոր տեղը նկարագրել, որպեսզի արագ հասնեինք և դուրս բերեինք:  Խուճապի մեջ էր, ասում էր, որ արդեն ուժասպառ է եղել: Մեզ հետ էր նաև Արարատի մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Մուրադ Մարգարյանը և շտապօգնության մեքենան: Ի վերջո, կարողացանք կողմնորոշվել ու փրկել մեր հերթական մոլորվածին: Անցյալ տարի էլ 60-ն անց մի կին էր կոտրված ոտքով մնացել արգելոցի դժվարանցանելի տարածքում: Արշավախմբի հետ էր եկել կինը, սայթաքել էր ու ոտքը կոտրել: Արշավախումբը, որ իրավունք չուներ նման բան անելու, կնոջը թողել էր անօգնական վիճակում և հեռացել: Ճգնաժամային կառավարման կենտրոնից ահազանգեցին, երբ տեղ հասանք, արդեն օրը մթնում էր, գրեթե անտեսանելի պայմաններում մոտ 4 կմ մեր տղաները սար ու ձորի միջով` գրեթե անանցանելի ճանապարհով, քանի որ շուտ տեղ հասնելու համար շրջանցել էինք մատչելի ու երկար 10 կմ ճանապարհը, պատգարակով, իսկ նեղ ու զառիթափ կածաններին` ժայռերի արանքով ու քարափի պռունկով, թևերի վրա բերեցինք կնոջն ու հանձնեցինք շտապօգնության մեքենային»,- հիշում է փ/ծ փոխգնդապետ հրամանատարը: Իսկ Խոսրովի արգելոցը լի է վտանգավոր գազաններով, թունավոր սողուններով ու ագրեսիվ օձերով, առհասարակ մարզի այն տարածքը, որ Վեդիի ջոկատն է սպասարկում, աչքի է ընկնում բազմանուն օձերի առատությամբ:

Մի դեպք էլ են հիշում փրկարարները, թե ինչպես բենզալցակայանում չեզոքացրեցին գյուրզա օձին, երբ կանգնել էր պոչի վրա` պատրաստ հարձակվելու: «Սպասասրահում էր, 7-8 տղամարդ կանգնել էին և չէին համարձակվում մոտենալ` մինչև մենք տեղ կհասնեինք: Ես այդ չափի` հաստ ու երկար գյուրզա դեռ չէի տեսել: Երբ փորձում էինք վնասազերծել, օձը թռիչք գործելով ցատկեց տղաներից մեկի ուղղությամբ, ես ստիպված էի օդում թիով հարվածել կատաղած գյուրզային և սպանել: Գիտեի, որ իրավունք չունեի սպանելու, պետք է վնասազերծեինք օձին, տանեինք անվտանգ տարածք ու բաց թողնեինք, բայց ընկերոջս կյանքին էր վտանգ սպառնում, օձն ավելի թանկ չէր, ստիպված էի գործել իրավիճակի թելադրած պայմաններով»,- բացատրում է հրամանատար Պարույր Սահակյանը:

Ահազանգ չկա, տղաները զբաղված են տարածքի ծառերի ու ծաղիկների խնամքով: Փ/ծ սերժանտ Ռաֆիկ Խաչատրյանը ջոկատ է ընդունվել 2006 թ. և արդեն շուրջ 11-ամյա փորձառություն ունի որպես հրշեջ-փրկարար: Շատ դեպքեր է հիշում, ասում է, որ այդ տարիների բոլոր հրդեհներին ու պատահարներին մասնակցել է: 2011 թ. «Այրում» երկաթգծի կայարանամերձ ճանապարհի փլուզված հատվածի որոնողափրկարարական աշխատանքներին էլ է մասնակցել. «Օրերով մնացել ենք սարերում ու Խոսրովի անտառում, գիշեր ու ցերեկ հսկել-հերթապահել ենք` կանխելով հրդեհի նոր վտանգները հատկապես ամռան շրջանում: Չեմ դժգոհում, մեր աշխատանքն է, պիտի անենք, մեր երկրորդ տունն է, ընտանիքը»: Իսկ Համլետ Ռուստամյանը, նույնպես փ/ծ սերժանտ, դեռևս 3 տարվա փորձառություն ունի և ասում է, որ այս ծառայության մեջ ամեն պահը հետաքրքիր է՝ և՛ դեպքի վայր մեկնելը, և՛ մարդկանց օգնելը, և՛ առհասարակ ամեն բան. «Բոլոր դեպքերն էլ հիշում եմ, հետաքրքիր է ամեն պահը, ամեն վայրկյանը: Շատ տպավորվել է, երբ առաջին անգամ ճանապարհատրանսպորտային պատահարից տուժածներին օգնելու մեկնեցիք. Ոսկետափ գյուղի մոտ էր, խառնվել էի, գրեթե ինձ կորցրել, չգիտեի, թե ինչպես առաջին բուժօգնություն ցույց տամ վիրավորներին: Հետո կամաց-կամաց ամեն ինչ իր տեղն ընկավ, հիմա իրավիճակին տիրապետում եմ վարժ ու հմուտ»:  2013 թ. օգոստոս ամսից էլ Վանիկ Մանուկյանն է ջոկատի անձնակազմում, հրշեջ-փրկարար է, նույնպես հիշում է իրեն շատ տպավորած մի դեպք, երբ շինանյութի խանութում հրդեհ էր բռնկվել. «Պահեստի մի անկյունում պայթյունավտանգ նյութերով լիցքավորված տարաներ էին, իսկ կողքին կրակն էր ծավալվում և պետք է անմիջապես ու շատ զգույշ մարեինք, որ պայթյուն չառաջանար ջրի շիթից կամ անզգույշ որևէ շարժումից»: Իսկ բակում հայկական գամփռը` Ջեկը, վզի շղթան աշխույժ տարուբերելով, ուշադիր հսկում է տարածքի երկու կողմի ճանապարհներն էլ և այնպես խորամանկորեն, իբր ոչինչ չի նկատում: Տղաներն ասում են, որ փրկարարներին ճանաչում է, համազգեստ կրողի վրա չի հաչում, հսկում է քաղաքացիական հագուստով մարդկանց:

Ջոկատի հրամանատարի տեղակալ, փ/ծ մայոր Գարեգին Ղազարյանն էլ, որ մինչ այդ եղել է Արարատի մարզի փրկարարական ջոկատի հիմնադիր-հրամանատարը, անձնակազմի մասին խոսելիս նրբորեն նկատում է, որ ջոկատի բոլոր տղաների հոգեբանությունը, մտածողությունն ինքն ու հրամանատարը մեկ առ մեկ կարդում են` հասկանալու համար, թե ում ինչպես դիմեն, որ հանձնարարությունը կատարի ճիշտ և լիարժեք. «Ունենք ընտիր անձնակազմ և՛ մարդկային, և՛ մասնագիտական առումներով, ուղղակի ցավալի է, որ առաջիկայում մեր հրշեջ-փրկարարներից 3-ը կենսաթոշակի են գնալու, մեզ համար դժվար կլինի` մինչև արժանի փոխարինողներ պատրաստենք և՛ մարդկային, և՛ մասնագիտական համապատասխան որակներով»:

Իսկ Վեդիի ՀՓՋ հրամանատար, փ/ծ փոխգնդապետ Պարույր Սահակյանը, բռունցքը թեթև թխկթխկացնելով սեղանին, հանգիստ խղճով նշում է. «Թու-թու, սատանի ականջը խուլ, դեռ չի եղել մի դեպք, որից մենք պատվով չվերադառնանք»:

2015 թ. Վեդիի ՀՓՋ-ն լավագույնն է ճանաչվել Արարատի մարզում, իսկ անձնակազմից Մկրտիչ Մարտիրոսյանը, որն այժմ Արտաշատի ՀՓՋ-ում խմբի պետ է,  հանրապետության լավագույն հրշեջ: