Գլխավոր Ուսուցողական նյութեր ԲԱՔՈՒ-ԳՅՈՒՄՐԻ ՕԴԱՆԱՎԻ ԿՈՐԾԱՆՈՒՄԸ 1988-Ի ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11-ԻՆ

ԲԱՔՈՒ-ԳՅՈՒՄՐԻ ՕԴԱՆԱՎԻ ԿՈՐԾԱՆՈՒՄԸ 1988-Ի ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11-ԻՆ

634
Տարածել

1988 թ. դեկտեմբերի 11-ի վաղ առավոտյան Գյումրիի օդանավակայանից 15 կմ հեռավորության վրա, վայրէջքից մի քանի րոպե առաջ, բախվելով մոտակա լեռներին, կործանվեց Բաքվից Գյումրի թռչող «ԻԼ-76Մ» ինքնաթիռը:

69 ուղևորներից և անձնակազմի ինը անդամներից փրկվեց միայն մեկը՝ ազգությամբ ադրբեջանցի Ֆահրադին Բալաևը, որը բախտ էր ունեցել գտնվելու օդանավի պոչի հատվածում տեղավորած բեռնատար ավտոմեքենայի մեջ: Հայաստանի տարածքում սա արձանագրված ամենախոշոր օդային աղետն է, որի մասին Հայաստանում և նրա սահմաններից դուրս հավանաբար քչերն են տեղյակ:

Մանրամասները կշարադրեմ մեկ պարբերությունից, սակայն մինչ այդ բացատրեմ, թե ինչո՞ւ եմ միայն այսօր՝ գրեթե երեք տասնամյակ անց անդրադառնում այս պատահարին: Ադրբեջանական CBC (Caspian Broadcasting Company) արբանյակային հեռուստաընկերությունը, որը հեռարձակվում է հիմնականում ռուսերենով (լուրերի թողարկումներ ունի նաև անգլերեն, հայերեն և պարսկերեն), դեկտեմբերի 11-ի երեկոյան հեռարձակեց մի ֆիլմ, որը պատմում էր «ԻԼ-76Մ»-ի կործանման մասին՝ ծայրից ծայր կեղծելով պատմությունը:

Բաքվից Գյումրի թռչող ինքնաթիռի կործանման մասին ժամանակին շատ քիչ է գրվել երկու պատճառով: Առաջին՝ Խորհրդային միության տարիներին, անգամ 1988 թ., օդային աղետների մասին ոչ միայն քիչ էին գրում, այլև փորձում էին դրանք թաքցնել հասարակությունից: Երկրորդ և հիմնականը՝ «ԻԼ-76Մ»-ի կործանումը տեղի է ունեցել 1988 թ. դեկտեմբերյան երկրաշարժից ընդամենը չորս օր անց, և, բնականաբար, 25 հազար մարդու կյանք խլած աղետի խորապատկերին, օդային այս պատահարը չէր կարող համընդհանուր ուշադրություն գրավել:

Ադրբեջանը միայն վերջին տարիներին է քարոզչական նպատակներով մեջտեղ բերել օդանավի կործանման դեպքը, և դա փորձում է օգտագործել ընդդեմ Հայաստանի: Եթե նախկինում ադրբեջանական կողմը խորհրդավոր էր համարում «ԻԼ-76Մ» օդանավի աղետը, ապա այսօր ուղղակի մեղադրում է Հայաստանին, թե իբր օդաչուներին միտումնավոր տրվել են ոչ ճիշտ կոորդինատներ, ինչի հետևանքով օդանավը բախվել է լեռներին: Իրականությունն այն է, որ օդանավի կործանման պատճառը, ըստ «սև արկղի» և պաշտոնական եզրակացության, եղել է անձնակազմի սխալը: Փորձաքննությունը պարզել է նաև, որ անձնակազմը թռիչքից առաջ չի ունեցել բավարար հանգիստ, իսկ նախորդող օրերին կատարել է մի քանի անընդմեջ չվերթեր:

Ի դեպ, 1988 թ. դեկտեմբերյան այդ օրերին Հայաստանում եղանակային պայմանները եղել են խիստ անբարենպաստ: Այդ օրերին կործանվեց ևս մեկ ինքնաթիռ, որն օգնության էր գալիս Հարավսլավիայից: Այն ընկավ Էջմիածին և Արմավիր քաղաքների միջև գտնվող դաշտավայրում: Պնդումներ կան, որ կործանումից հրաշքով փրկվել է ԽՍՀՄ առաջնորդ Միխայիլ Գորբաչովի օդանավը: Գորբաչովը երկրաշարժի օրը Նյու Յորքում էր: Նա դադարեցրեց այցը և ժամանեց աղետի գոտի՝ Գյումրի:

Բաքուն հայտարարում է, թե «ԻԼ-76Մ»-ն ադրբեջանական ինքնաթիռ էր, օգնության էր շտապում աղետյալներին, և «նենգ» հայերը խոցեցին այն: Իրականում օդանավը պատկանում էր ԽՍՀՄ պաշտպանության նախարարությանը՝ Լիտվայի տարածքում տեղակայված ռազմաօդային ուժերին: Օդանավի ողջ անձնակազմը՝ ինը հոգի, ռուսներ էին (ահա նրանց ազգանունները՝ Բրիլյով, Սոկոլով, Ռազումնի, Պլաշկին, Իվլև, Շերկով, Ռիբալչենկո, Ավիլով, Ալտուխով): Ադրբեջանական կողմը շարունակաբար հայտարարում է, թե օդանավում ադրբեջանցիներ էին, ինչը մասամբ է համապատասխանում իրականությանը: Կործանված օդանավի կազմը բազմազգ էր՝ 50 ադրբեջանցի, 13 լեզգին, 11 ռուս, երկու թաթար, մեկ հայ և մեկ հրեա: Բոլորը ԽՍՀՄ զինված ուժերի պահեստազորի ծառայողներ էին, որոնք Գյումրի էին գալիս փրկարարական աշխատանքներ կատարելու նպատակով: Միակ փրկվածը՝ ադրբեջանցի Ֆահրադին Բալաևը, մահացել է 2010-ին: Ադրբեջանցիները հայտարարում են, թե օդանավի կործանումից հետո Բալաևին Գյումրիում միտումնավոր կերպով օգնություն չի ցուցաբերվել, մինչդեռ իրականությունն այն է, որ Գյումրիից ռազմական ինքնաթիռով նրան հասցրել են Մոսկվա, որտեղ բուժվել և վերադարձել է Ադրբեջան:

Դեկտեմբերի 7-ի երկրաշարժը ցնցել էր ողջ աշխարհը: Հայաստանը օգնություն էր ստանում ինչպես արտերկրից, այդ թվում՝ Սփյուռքից, այնպես էլ նախկին ԽՍՀՄ հանրապետություններից, այդ թվում՝ Ադրբեջանից: Ճիշտ է, ղարաբաղյան խնդիրն արդեն ջրբաժան էր գծել հայերի և ադրբեջանցիների միջև, տեղի էր ունեցել Սումգայիթի ջարդը, սակայն Հայաստանն ու Ադրբեջանը դեռևս գտնվում էին և մինչև 1991 թ. գտնվելու էին ԽՍՀՄ կազմում: Աղետի օրերին Հայաստանում հավաքվեց ԽՍՀՄ ղեկավարությունը, որոնց մեջ էր նաև Ադրբեջանի առաջնորդ Աբդուռահման Վեզիրովը: Ճիշտ է նաև, որ երկրաշարժի առիթով Հայաստանի ժողովրդին և ղեկավարությանը ցավակցություն հղեց Ադրբեջանի կառավարությունը: Ավելին, Խորհրդային Հայաստանի կառավարությունը շնորհակալական դիպլոմի արժանացրեց նաև Ադրբեջանից եկած փրկարարներին (խումբը ղեկավարում էր Էմիլ Ախունդովը), ովքեր հաստատվել էին Գյումրիին մերձակա Ղարիբջանյան գյուղում և հիմնականում օգնում էին Ամասիայի շրջանի գյուղերին: Ամասիայի շրջանը ավելի քան 70 տոկոսով ադրբեջանաբնակ էր:

Իրականում Ադրբեջանի օգնությունը Գյումրիի երկրաշարժին եղել է խիստ սահմանափակ երկու հիմնական պատճառով: Առաջին, ինչպես նշեցի, հայ-ադրբեջանական հակամարտությունն արդեն սկսվել էր, երկրաշարժի օրերին Բաքվից Երևան էին հասնում գնացքի վագոններ, որոնց վրա մեծ տառերով հայ ժողովուրդը երկրաշարժի առիթով շնորհավորանքներ էր ստանում: Այսօր էլ որոշ ադրբեջանցիներ համարձակվում են բարձրաձայնել, որ ամաչում են իրենց հայրենակիցների այդ արարքի համար: Երկրաշարժից հետո Ադրբեջանի տարածքում թալանվում էին այն գնացքները, որոնք օգնություն էին բերում աղետյալներին ԽՍՀՄ զանազան քաղաքներից: ԽՍՀՄ տարիներին Հայաստանի ապրանքաշրջանառության շուրջ 85 տոկոսն իրականացվում էր Մախաչկալա (Դաղստան)-Բաքու-Նախիջևան-Երևան երկաթուղով:

Երկրաշարժից տուժածներին օգնության նպատակով Ադրբեջանից առաջին ինքնաթիռը Գյումրիի օդանավակայանում վայրէջք է կատարել դեկտեմբերի 9-ի առավոտյան: Այսօր ադրբեջանական քարոզչությունը, խեղաթյուրելով իրականությունը, կեղծ լուրեր է տարածում, թե իբր այդ օդանավը վայրէջքից հետո 11 ժամ պահվել է Գյումրիի օդանավակայանում, հայերը օգնության եկած ադրբեջանցի փրկարարներին անգամ ջուր չեն տվել: Անբարոյական կեղծիքները դրանով չսահմանափակվեցին: Ֆիլմում ասվում էր, թե իբր ֆրանսիացի փրկարարները աղետի գոտում հայտնաբերել են ադրբեջանցի սպանված երեխաների, որոնց նախքան դեկտեմբերի 7-ը դաժանաբար սպանել էին հայերը:

Ադրբեջանական կողմն այսօր կրկին շրջանառության մեջ է դրել 1988 թ. դեկտեմբերի 11-ին կործանված Բաքու-Գյումրի օդանավի դեպքը՝ փորձելով հակակշռել և հավասարության նշան դնել 2014 թ. նոյեմբերին Արցախ-Ադրբեջան շփման գծին մոտ տարածքում խոցված հայկական ուղղաթիռի միջև: Բաքվում, հավանաբար, մտածում են այս եղանակով մեղմել միջազգային հանրության արձագանքը, որը, թեկուզ անուղղակի կերպով, դատապարտեց ադրբեջանական կողմի սադրիչ քայլը՝ ուսումնավարժական թռիչք կատարող ուղղաթիռի խոցումը:

Թաթուլ ՀԱԿՈԲՅԱՆ

գրող, հրապարակախ