Գլխավոր Նորություններ ՎԱՆԱՀԱՅՐԸ՝ ՏԱԹԵՎԻ ՃՈՃՎՈՂ ԳԱՎԱԶԱՆԱՍՅԱՆ ՄԱՍԻՆ

ՎԱՆԱՀԱՅՐԸ՝ ՏԱԹԵՎԻ ՃՈՃՎՈՂ ԳԱՎԱԶԱՆԱՍՅԱՆ ՄԱՍԻՆ

1482
Տարածել
OLYMPUS DIGITAL CAMERA

Տաթևի վանական համալիրի բակում մինչև օրս կանգուն է 906-ին կառուցված ճոճվող գավազանասյունը, որը միջնադարյան հայկական ճարտարապետության յուրօրինակ կառույցներից  է: Սուրբ Երրորդության անվան գավազանասյունը կառուցվել է հայոց կաթողիկոս, գրող, պատմիչ Հովհաննես Դրասխանակերտցու գավազանի նմանությամբ: Այն ութանկյուն է, ունի 8 մ բարձրություն, իսկ գավազանագլուխն ամբողջանում է խաչքարով:

Կառուցված լինելով հոդակապային յուրահատուկ հանգույցի վրա՝ պատմական, հոգևոր մեծ արժեք ունեցող սյունն ի սկզբանե ճոճվելու հատկությամբ է օժտված եղել: Սյան ճոճվելու առանձնահատկության մասին կան տարբեր վարկածներ, ավանդույթներ:

Տաթև կատարած մեր այցելության ժամանակ փորձեցինք վանահորից, Հայր Միքայել վարդապետ Գևորգյանից լսել սյան կառուցման, դրա նշանակության և տարածված տեսակետների իրական և ոչ իրական լինելու մասին: «Քանի որ Տաթևը Սյունիքի հոգևոր կենտրոնն է եղել, գավազանասյունն այստեղ հաստատվել է որպես հոգևոր իշխանության խորհրդանիշ, իբրև թե Տաթևն իշխում է ողջ Սյունիքի վրա, և տեղադրվել է վանքի բակում: Այն պարզ գավազանասյուն է, որից մենք ունենք բոլոր վարդապետանոցներում՝ Էջմիածնում, Օշականում, Որոտնավանքում, սակայն դրանցից ճոճվում է միայն այս մեկը: Տաթևի գավազանասյան առանձնահատկությունն այն է, որ ամենահինն է՝ 1111 տարվա պատմություն ունի: Ճոճվելու հետ կապված կան ավանդություններ, կրկնում եմ՝ դրանք ավանդություններ են, ըստ որոնց՝ սյունը հիմքից ճոճվել է թշնամու մոտալուտ հարձակումների ժամանակ՝ ձիերի ուժգին դոփյունից, ինչպես նաև երկրաշարժի ցնցումներից: Ավանդությունը պատմում է նաև, որ թեկնածուները վարդապետի աստիճան ստանալուց առաջ կանգնում էին Սուրբ Երրորդության անվան գավազանասյան մոտ և աղոթում, եթե այն ճոճվում էր, ուրեմն թեկնածուն արժանավոր էր»,- նշեց վանահայրը:

Տաթևի գավազանասյան հետ կապված կա ևս մեկ տարածված տեսակետ, իբրև սյան կառուցման տեղը հատուկ է ընտրվել և ամեն տարի օգոստոսի 11-ին Օրիոն համաստեղության 3 աստղերն ուղղահայաց դիրքով հայտնվում են սյան գլխավերևում, ինչին ականատես լինելու համար հանրապետության տարբեր վայրերից մարդկանց հոծ խմբեր են այցելում այդ օրը: Հայր Միքայել վարդապետ Գևորգյանը քննադատում է այդ երևութը և այն որակում որպես հեթանոս ժողովրդին բնորոշ արարք:

«Օգոստոսի 11-ին աննկարագրելի իրավիճակ է ստեղծվում մեզ մոտ. մարդկանց հոսքը ձգվում է կիլոմետրերով, նույնիսկ հիվանդներին են գրկած բերում հեռվից, իբրև թե երկնքից զորություններ պետք է իջնեն, կպնում են գավազանասյանը, քարեր են լցնում արանքը, որպեսզի երկնքից լիցքավորում ստանան…

Մենք այդ ամբողջ գիշեր տանջվում ենք, մեծ խմբով հերթապահում, բացատրական աշխատանքներ տանում, որ, ժողովուրդ ջան, չի կարելի այդպես, դուք հեթանոս չեք, աստղերը ի՞նչ պետք է անեն ձեզ, բայց անօգուտ է, մեր ժողովուրդը շոու շատ է սիրում: Չգիտեմ՝ ով է այս ամբողջ նախաձեռնության հեղինակը, որ նման փորձանք բերեց մեր խեղճ ժողովրդի գլխին»,- մտահոգված ասաց վանահայրը:

Նրա պատմելով՝ 1931 թվականին ավերիչ երկրաշարժ է եղել Սյունիքում, որի հետևանքով շատ վանքեր են քանդվել, գրեթե ամբողջությամբ վնասվել էին նաև Տաթևի վանական համալիրի բոլոր կառույցները, սակայն գավազանասյունն իր ճոճվելու հատկության շնորհիվ կանգուն է մնացել, որոշ չափով խախտվել է միայն հիմքը:

Այսօր արդեն գավազանասյունը ճոճվում է ոչ սկզբնական տատանման մեծությամբ՝ 30 սմ-ի փոխարեն արդեն 5 սմ թեքությամբ: Առաջիկայում նախատեսվում է ճոճվող սյունը վերանորոգել «Տաթևի վերածնունդ» ծրագրի շրջանակներում, ներկայումս վանքի տարածքում ընթանում են Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու խցերի նորոգման աշխատանքները, որոնք շուտով ավարտին կհասցվեն:

 

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Տաթև

Տարածել
Նախորդ հոդվածՄի բարձի ծերանաք
Հաջորդ հոդվածՓՈՐՁ