Գլխավոր ՀՀ ՆԳՆ Օգնում են փրկարարները

Օգնում են փրկարարները

687
Տարածել

Փրկարարներն ազատել են անձրեւի «պատանդներին»

 

Անցած յոթ օրում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ստորաբաժանումները արտակարգ իրավիճակների վերաբերյալ մոտ 400 ահազանգի են արձագանքել: Շատ դեպքերում փրկարարները դեպքի վայր մեկնելուն զուգահեռ տեղեկությունը փոխանցել են այլ ծառայության. շտապօգնություն, «Վեոլիաջուր», էլցանց, գազի վթարային ծառայություն, կանաչապատման, սանմաքրման ծառայություն, ոստիկանություն և այլն:

Գրանցվել է մոտ 50 հրդեհ. այրվել են տան գույք, շինությունների փայտյա կառուցատարրեր, շինանյութ, անասնակեր, բուսածածկ տարածքներ, ջերմահարվել են պտղատու եւ դեկորատիվ ծառեր: Փակ դուռ բացելու վերաբերյալ էլ 100 կանչ է ստացվել: Վատառողջ, ծանրաքաշ, սակավաշարժ քաղաքացուն բնակարանից իջեցնելու կամ բնակարանում տեղից տեղ տեղափոխելու կանչեր են սպասարկել Երևանի Կենտրոն, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք, Ավան, Աջափնյակ, Էրեբունի վարչական շրջանների եւ Կոտայքի փրկարարները:  Տարբեր վայրերում արգելափակված (դիտահոր, վերելակի հորան, նկուղ, շենքի օդատար-ծխատար, մեքենայի շարժիչի տակ և այլն) մի շարք կենդանիներ են ազատվել: Գետերի ու լճերի ափերին կամ այլ վայրերում ցեխակույտի մեջ արգելափակված 3 մեքենա է հանվել երթեւեկելի մաս: 35 օձ է հայտաբերվել եւ տեղափոխվել անվտանգ տարածք:

Հունիսի 12-ի երեկոյան Երեւանում տեղացած հորդ անձեւից հետո բազմաթիվ ահազանգեր են ստացվել: Փրկարարներն արձագանքել են բոլոր զանգերին եւ մի դեպքում նկուղային հարկում գտնվող էլեկտրոնիկայի խանութից հեռացրել անձրևաջուր, այլ դեպքում ջրալցված գետնանցումում արգելկափակված մեքենաներն ու ուղեւորներին անվտանգ հեռացրել տարածքից եւ այլն:

Այլ կանչեր. Նոր Նորքի փրկարարներն ահազանգ են ստացել, որ Հովհաննիսյան փողոցի թիվ 22 շենքի տանիքի թիթեղյա ծածկի տակ ագռավ է արգելափակվել: Հրշեջ-փրկարարներն ազատել են ագռավին: Էրեբունու փրկարարներն ահազանգ են ստացել, որ Սարի Թաղի տներից մեկի բակում ոզնին արգելափակվել է երկաթե կառուցատարրերի մեջ: Հրշեջ-փրկարարները ոզնուն դուրս են բերել արգելափակումից: Կոտայքի փրկարարներն ահազանգ են ստացել, որ Մրգաշեն գյուղի սկզբնամասում կովն ընկել է Արզնի-Շամիրամ ջրանցքը: Հրշեջ-փրկարարները ջրանցքից դուրս են բերել կենդանուն: