Գլխավոր ՀՀ ՆԳՆ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՓՐԿԱՐԱՐԸ, ՈՐԸ ՇՈՒՏՈՎ ՀԱՅՐ Է ԴԱՌՆԱԼՈՒ

ԵՐԻՏԱՍԱՐԴ ՓՐԿԱՐԱՐԸ, ՈՐԸ ՇՈՒՏՈՎ ՀԱՅՐ Է ԴԱՌՆԱԼՈՒ

744
Տարածել

Դժվարություններն անխուսափելի են, անում ենք առավելագույնը

«Փրկարարի համար որևէ նշանակություն չունի, թե դեպքի վայրում ում կյանքն է փրկում. լինի հայ, արաբ,  թուրք, թե պարսիկ… մենք աշխատում ենք բոլորին հավասար ձեռք մեկնելու սկզբունքով՝ առանց խտրականություն դնելու»,- Սիսիանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարար, փ/ծ ենթասպա Արտակ Մովսիսյանի խոսքը փրկարարական գործի առանձնահատկության մասին է: Արմատներով Սիսիանի տարածաշրջանի Ույծ գյուղից է: Փրկարար եղբոր վառ օրինակն աչքի տակ ունենալով, երբևէ չի մտածել, որ ինքն էլ մի օր փրկարարի համազգեստ կրելու որոշում կկայացնի: Ամեն ինչ որոշվեց մեկ ակնթարթում, պատահականորեն: Պատմում է, որ 2006-ին դպրոցը նոր էր ավարտել, երբ ձեռքն ընկավ «Արտակարգ թերթում» ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ընդունելության վերաբերյալ հայտարարությունը. երկար չտատանվեց, շուտով նա էլ հարյուրավոր ուսանողների պես ԱԻՆ-ի համակարգ մուտք գործելու առաջին վճռորոշ քայլն արեց: «Ընդունվեցի ակադեմիայի «Հրդեհային պաշտպանություն և ճարտարագիտություն» ֆակուլտետը, մեկ տարի անց զորակոչվեցի բանակ: Մասնակցել եմ մեծ զորավարժանքների, պարաշյուտադեսանտային ստորաբաժանման անդամներից եմ եղել, ունեմ մի քանի թռիչք: Բանակից վերադառնալուց հետո ընդունվեցի ԱԻՆ-ի հատուկ փրկարարական ջոկատ, որտեղ աշխատեցի 3,5 տարի, զուգահեռ էլ ավարտեցի ակադեմիան»,- ասում է փ/ծ ենթասպան և խոստովանում, որ ակադեմիայում մասնագիտանալուց և հատուկ փրկարարական ջոկատում աշխատելու տարիներից սկսած սիրեց ընտրած մասնագիտությունը: 2013-ից տեղափոխվել է Սիսիան և գործի անցել տեղի հրշեջ-փրկարարական ջոկատում: Անկեղծանում է՝ փրկարար աշխատելու տարիները շատ բան են տվել իրեն, վերացրել բնավորության վատ կողմերը, ամենակարևորը՝ իր մեջ հաստատված անտարբերությունը փոխարինվեց դիմացինի հանդեպ սրտացավությամբ: «Սկսեցի այլ տեսանկյունից արժևորել մարդու կյանքը, ինչի շնորհիվ դեպքերի արձագանքելիս անմնացորդ նվիրվում եմ գործին: Կարծում եմ, շատ ճիշտ ընտրություն եմ արել, կյանքը փոխհատուցում է իմ ամեն կատարած գործի համար, ես ու ընտանիքս մեր կաշվի վրա զգում ենք դա»,- նկատում է 28-ամյա փրկարարը, որն իր փրկարարական առաքելությունն իրականացնելիս չի խնայում իրեն, մանավանդ, երբ նժարին դրված է երեխայի կյանքի հարցը: Աշխատանքային տարիներին Երևանում և Սիսիանում բազմապիսի դեպքերի է արձագանքել՝ կապիկ իջեցրել ծառից, շան ձագ հանել անիվի միջից, կենդանուն ջոկատում շահել-պահել, հրդեհներ մարել, դաժան վթարներում փրկարարական գործին մասնակից եղել…

Հիշողության մեջ դրոշմված հարյուրավոր դեպքերից առանձնացնում է 2012-ին Երևանում 12-ամյա Իննային փրկելու ծանր, բայց բարեհաջող ավարտ ունեցած դեպքը: «2012-ն էր, թե 2013-ը, ահազանգ էինք ստացել, որ 12-ամյա աղջկա ձեռքը մնացել է ինքնաշեն մսաղացի մեջ: Դեպքի վայրում իմացանք, որ շտապօգնության մեքենան աղջնակին տեղափոխել է հիվանդանոց և մտադիր են անդամատել երեխայի ձեռքը: Բժիշկներին հավաստիացրի, որ ամեն գնով կբացեմ մսաղացը, ձեզանից միայն կպահանջվի աղջնակի վերականգնման պատասխանատվությունը ստանձնել: Իննային հոգեբանորեն պատրաստեցի և գործիքի օգնությամբ կտրեցի ու բացեցի  մսաղացը՝ դուրս բերելով ձեռքի մատներն այնտեղից: Մինչև Սիսիան գալս կապ ունեի այդ ընտանիքի հետ, նրանց մոտ՝ Ռուսաստան գնալու հրավեր էինք ստացել, այսօր նա այնտեղ  երգչուհի է, մեծ հաջողությունների է հասել»,- ոգևորությամբ պատմում է զրուցակիցս և ընդգծում, որ աշխատելու տարիներին ժամանակ առ ժամանակ դեպքերի բերումով ոչ միայն փրկարար է եղել, այլև բժիշկ, հոգեբան, ընկեր և այլն:

Սիսիանում մեծամասամբ ավտովթարի վերաբերյալ են ահազանգեր ստացվում, երբեմն խոտի դեզերի, անասնագոմերի հրդեհների, ջրահեղձման, իսկ ձմռան ամիսներին էլ ձնաբքի հետևանքով ճանապարհային խցանումների և դժվարանցանելիության կանչերն են գերակշռում: Ցավով է նշում, որ մահվան ելքերով վթարները քիչ չեն, շատ ժամանակ էլ հաջողվում է հմուտ գործելու շնորհիվ փրկել վիրավորներին: Ասում է՝ Սիսիանի ժողովուրդը փրկարարների օգնությանը դիմում է խիստ անհրաժեշտության դեպքում և շատ վայրերի բնակիչների պես չի անհանգստացնում՝ շանը կամ կատվին այս կամ այլ վայր հեռացնելու խնդրանքով:

Փրկարարական գործում դժվարություններն անխուսափելի են, հատկապես, երբ րոպե առաջ տեղ հասնելուց շատ բան է կախված: «Մենք լեռնային պայմաններում ենք աշխատում, դեպքի մեկնելու ժամանակ միշտ սար ենք բարձրանում և որոշ դժվարություններ են լինում, երբ «Զիլ-130», «Զիլ-131» ծանր հրշեջ մեքենաներով փորձում ես հնարավորինս արագ տեղ հասնել: Բայց անկախ ամեն ինչից, անում ենք առավելագույնը, ինչ կախված է մեզանից…»,- հավելում է Արտակը:

Ամենաբարդ ու ամենաերկարատև փրկարարական աշխատանքն իր գործունեության տարիներին եղել է 2015-ի հունվարի 3-ին ձնաբքի հետևանքով 3 օր շարունակ Սիսիան-Գորիս ավտոճանապարհին 5-6 կմ երկարությամբ ձգվող խցանումների միջից մարդկանց ու մեքենաներ դուրս բերելը:

«Վրանային հենակետեր դեռ չէին գործում այդ ժամանակ: Սարսափելի վիճակ էր ճանապարհին, մեքենաներից բարձր ձնաշերտեր էին գոյացել, ձյուն մաքրող մեքենաները չէին հասցնում մաքրել ճանապարհը, քամին սարերից ձյունն անդադար լցնում էր ու փակում այն: Մեքենաների մեջ Կապանի, Մեղրու, Գորիսի  տարածաշրջաններից, Ղարաբաղից, Երևանից ուղևորներ կային մեծ ու փոքր: Սիսիանի ու Գորիսի ՀՓՋ-ի տղաներով ուղևորներին հանել ու այդ պայմաններում 4 անգամ տեղափոխել ենք մոտակա հյուրանոցներ, այլ կացարաններ: Օգնության էին հասել նաև զինվորականները: Միևնույն ժամանակ Գորիսի «Սդղի գյոլ» կոչվող տեղանքում մարդ էր կորել, նաև նրա որոնողափրկարարական աշխատանքներին էինք մասնակցում»,- պատմում է Արտակ Մովսիսյանը և հիշում, թե ինչպես են սառնամանիքի ու բքի հետ կռիվ տալով՝ հաղթահարել անհաղթահարելի թվացող իրավիճակը: Իսկ իրենց ուժ տվողը խցանումների մեջ օգնության սպասող ուղևորների վստահությունն էր փրկարարների հանդեպ:

Երիտասարդ փրկարարին դժվարությունները չեն կարող կանգնեցնել, նա պատրաստ է օրվա ցանկացած ժամին, հերթապահելիս, թե տանը՝ հարկ եղած դեպքում րոպե առաջ շտապել գործընկերներին օգնության: Ասում է՝ կյանքից շատ բան չի ուզում, դժբախտ դեպքերը քիչ լինեն, փրկված մարդկանց թիվն էլ անհամեմատ մեծ: «Նաև ցանկանում եմ, որ, Աստծո կամոք, շատ երեխաներ ունենամ, և նրանցից յուրաքանչյուրը մեր հայրենիքի, ժողովրդի նվիրյալը լինի»,- ասում է Արտակ Մովսիսյանը և մեզ հետ զրույցն ամփոփում ուրախալի լուրով. «Շուտով  հայր եմ դառնալու, սեպտեմբերին կծնվի առաջնեկս, տղա է լինելու…»:

 

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ