Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Փրկարարները սարից իջեցրել են տուժած քաղաքացուն

Փրկարարները սարից իջեցրել են տուժած քաղաքացուն

330
Տարածել

Անցած շաբաթ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ստորաբաժանումները արտակարգ իրավիճակների, դեպքերի ու պատահարների վերաբերյալ 755 ահազանգի են արձագանքել: Շատ դեպքերում փրկարարները դեպքի վայր մեկնելուն զուգահեռ տեղեկությունը փոխանցել են այլ ծառայության. շտապօգնություն, «Վեոլիա Ջուր», «Սանիթեք», էլցանց, գազի վթարային ծառայություն, կանաչապատման ծառայություն, ոստիկանություն եւ այլն:

Շոգ եղանակով պայմանավորված մեծ է հրդեհների քանակը, գրանցվել է 428 հրդեհ. այրվել են տան գույք, շինությունների փայտյա կառուցատարրեր, շինանյութ, անասնակեր, բուսածածկ տարածքներ, աղբ, ջերմահարվել են պտղատու եւ դեկորատիվ ծառեր: Գրանցվել է նաեւ հրդեհի 40 կեղծ կանչ:

Փրկարարները 154 կենցաղային կանչ են ստացել, որից մոտ 100-ը փակ դուռ բացելու վերաբերյալ: Վատառողջ, ծանրաքաշ, սակավաշարժ քաղաքացուն բնակարանից իջեցնելու, բնակարան բարձրացնելու կամ բնակարանում տեղից տեղ տեղափոխելու կանչեր են սպասարկվել Երեւանի Արաբկիր, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններում, Արարատում, Լոռիում: Տարբեր վայրերում արգելափակված  (դիտահոր, վերելակի հորան, նկուղ, տանիք, շենքի օդատար-ծխատար, մեքենայի շարժիչի տակ, ջրանցք եւ այլն) մի շարք կենդանիներ են ազատվել: Բնակավայրերի տարբեր մասերում՝ փողոցներ, բակեր, բնակիչներին անհանգստացնող շներին եւ կատուներին փրկարարները հեռացրել են անվտանգ տարածք: Արգելափակված 5 մեքենա է հանվել երթեւեկելի հատված, անվտանգ տարածք է տեղափոխվել 5 մարդ: Բնակարաններում կամ այլ վայրերում օձ նկատելու վերաբերյալ 48 ահազանգ է ստացվել: Օձ հայտնաբերվել եւ անվտանգ տարածք է տեղափոխվել 22 դեպքում:

Այլ կանչեր. Կոտայքի փրկարարներն ահազանգ են ստացել, որ Աբովյան-Ջրաբեր ավտոճա­նա­պարհին՝ ջրանցքի մոտակայքում գտնվող ֆերմայի տարածքում, խոզն ընկել է փոսը, դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Փրկարարները կենդանուն անվնաս դուրս են բերել փոսից: Գեղարքունիքի փրկարարները Շորժայի հանրային լողափում շուրջօրյա հերթապահություն իրականացնելիս նկատել են, որ երկու քաղաքացի հեծանվանավակով չեն կարողանում ինքնուրույն մոտենալ ափին: Փրկարարները նավակը եւ քաղաքացիներին մոտեցրել են ափին: Արագածոտնի փրկարարներն ահազանգ են ստացել, որ Արագած լեռան խառանարանի մոտակայքում քաղաքացին ընկել եւ կոտրել է ոտքը. իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Հրշեջ-փրկարարները հայտնաբերել են 32-ամյա տղամարդուն եւ տեղափոխել Արտաշավան գյուղի տառերի պուրակ:

Անցած շաբաթ փրկարարները դպրոցներում, մանկապարտեզներում եւ այլ հաստատություններում կազմակերպել են «Հրդեհաշիջումը նախադպրոցական հաստատությունում», «Բեմի ետնամասում ծագած հրդեհի դեպքում ծխապատ գոտուց մարդկանց տարհանում», «Հրդեհաշիջման աշխատանքների իրականացումը հրդեհապայթյունավտանգ օբեյկտում», «Ջրածածկման վտանգի դեպքում համայնքի բնակչության պաշտպանության կազմակերպումը», «Հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպումը եւ իրականացումը բազմահարկ շենքում» եւ այլ թեմաներով ուումնավարժանքներ եւ դասընթացներ: