Գլխավոր Միջոցառումներ Դավոսում կխոսեն նաեւ աղետների ռիսկերից

Դավոսում կխոսեն նաեւ աղետների ռիսկերից

422
Տարածել

Հունվարի 22-25-ը Շվեյցարիայի Դավոս քաղաքում կանցկացվի Համաշխարհային տնտեսական հերթական համաժողովը (World Economic Forum), որի օրակարգում ներառված են նաեւ աղետների ռիսկի կառավարմանը՝ մասնավորաբար կլիմայի փոփոխությամբ պայմանավորված ռիսկերին վերաբերող հարցեր:

Դավոսում նման համաժողովներ անցկացվում են 1971 թվականից, իսկ 1974 թվականից համաժողովներին մասնակցում են ոչ միայն փորձագետներ, այլ նաեւ երկրների ղեկավարներ, խոշոր անդրազգային կորպորացիաների ներկայացուցիչներ: Հայաստանը այս համաժողովներին մասնակցում է ավելի քան 10 տարի: Այս տարի Դավոսում մեր ներկայացուցիչը վարչապետ Նիկոլ Փաշինյանն է: Այսօր նա մեկնել է Շվեյցարիա:

«Գլոբալացում 4:0. գլոբալ ճարտարապետության կառուցումը չորրորդ արդյունաբերական հեղափոխության ժամանակաշրջանում» կարգախոսով «Դավոս-2019»-ի շրջանակներում կազմակերպվելու է 350 քննարկում-կլոր սեղան-նստաշրջան: Համաժողովին կմասնակցի 110 երկրի 3000 ներկայացուցիչ, այդ թվում՝ ավելի քան 60 երկրի առաջնորդ: Խոսելու են աշխարհաքաղաքական հարցերից, հանրային կարծիքից, սպառող հասարակություն չունենալու կարեւորությունից եւ այլն:

Կլիմայի փոփոխության եւ դրանով պայմանավորված բնապահպանական արտակարգ իրավիճակներին ու ռիսկերին մի քանի նստաշրջան է նվիրվելու: Վերջին տարիներին աճել է կլիմայի փոփոխությունների բերած վնասի չափը: Միայն 2017 թվականին եղանակային անոմալիաները ավելի քան 306 միլիարդ ԱՄՆ դոլարի վնաս են տվել: Աճել է նաեւ դրանց քանակը:

Համաժողովից առաջ հրապարակված վերլուծության մեջ փորձագետները նշում են, որ տարիների ահազանգերից հետո երկրների ղեկավարները հասկացել են, որ կլիմայի փոփոխությունների դեմ միասնական պայքար է պետք եւ Երկիր մոլորակը բնական տեսքով պահելը ապահով ու անվտանգ ապագայի միակ երաշխիքն է: Արդեն բոլորն են հասկանում, որ կենսաբազմազանության ոչնչացումը կարող է հանգեցնել անդառնալի կորուստների:

Միաժամանակ, ակնհայտ է, որ տարածաշրջանային զինված հակամարտությունները, հարեւան պետությունների տարաձայնությունները բացասաբար են ազդում հանուն անվտանգ մոլորակի միասնական պայքար կազմակերպելու վրա: