Գլխավոր ՀՀ ՆԳՆ INSARAG-ի վերաորակավորմանն ընդառաջ. Գնահատողները գոհ են

INSARAG-ի վերաորակավորմանն ընդառաջ. Գնահատողները գոհ են

2576
Տարածել

Ապրիլի 15-ին եւ 16-ին Հայաստանում անցկացվեց «Որոնողափրկարական հարցերով միջազգային խորհրդատվական խմբի» (The International Search and Rescue Advisory Group՝ INSARAG) չափանիշներով 36-ժամյա վարժանք, որը INSARAG-ի արտաքին որակավորում ունեցող հայկական ՔՈՓ թիմի 2020 թվականին նախատեսված վերաորակավորման հիմնական քայլերից է:

Վարժանքի գնահատողները գերմանացի եւ շվեյցարիացի մասնագետներն էին՝ Պեթեր Վոլֆ, Ալեսիո Մարազա, Դեյվիթ Սոչոր, Մաթիաս Ֆիսթեր:

INSARAG-ի արտաքին որակավորում ունեցող հայկական ՔՈՓ թիմի հրամանատար, ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի փրկարարական ֆակուլտետի դեկանի տեղակալ, փ/ծ գնդապետ Սամվել Շահմուրադյանի խոսքով, վարժանքը գնահատվել է INSARAG-ի 136 կետանոց ստուգաթերթիկով: Թիմերի աշխատանքը երեք գույնով է գնահատվում. կանաչ՝ ամեն ինչ նորմալ է, դեղին՝ կան թերություններ, կարմիր՝ արվածի մակարդակը գոհացուցիչ չէ: Մեր փրկարարների աշխատանքների ոչ մի բաղադրիչ կարմիր չի գնահատվել, եղել են դեղին գնահատված որոշ աշխատանքներ, սակայն գնահատողները նշել են, որ սա արվում է ավելի շատ խթանելու եւ ավելի հմտանալու, տեխնիկական նոր միջոցներ կիրառելու համար: Այս վարժանքում հայկական թիմը աղետի գոտու հետախուզման համար կիրառել է անօդաչու թռչող սարքեր՝ ԱԹՍ: Գնահատողները սա որակել են տեխնիկական շարունակական զարգացում:

Վարժանքի արդյունքների ամփոփման ժամանակ գնահատողները նշել են, որ այս արդյունքների պահպանման դեպքում INSARAG-ի արտաքին որակավորում ունեցող հայկական ՔՈՓ թիմը կվերաորակավորվի: Ավելին. առանձին դեպքերում եվրոպացիները զարմացել են մեր փրկարարների ունակություններից: Օրինակ երկրաշարժից տուժած շենքի ճաքած պատի ամրակապումը տեսնելով ասել են, որ հայկական թիմից սովորելու բան ունեն:
2020 թվականի հունիսին նախատեսված է INSARAG-ի արտաքին որակավորում ունեցող շվեյցարիական թիմի վերաորակավորումը: Մեր վերաորակավորոււմը՝ 2020 սեպտեմբերին: Չի բացառվում, որ մեր թիմը շվեյցարիացիների վերաորակավորման վարժանքում խաղարկային թիմ լինի, ինչը լավ դասընթաց կլինի մեզ համար:

ՏԵՂԵԿԱՆՔ

1985 թվականին Մեքսիկայում երկրաշարժը 10 000 մարդու կյանք խլեց, 1988-ին Հայաստանում երկրաշարժը 25 000 մարդու կյանք խլեց: Երկու դեպքում էլ տուժած երկրներին օգնության ձեռք մեկնեցին շատ երկրներ ու միջազգային կազմակերպություններ: Մարդասիրական այս քայլերը ցույց տվեցին, որ, ցավոք, գոյություն չունեն մեծածավալ աղետների դեպքում միջազգային մարդասիրական օգնության տրամադրման եւ համակարգման ընթացակարգեր եւ խնդիր դրվեց ունենալ ինքնաբավ, սեփական միջոցներով 8-10 օր աշխատող փրկարարական թիմեր, որոնք կգործեն նույն ոճով, ինչը կբարձրացնի փրկարարական աշխատանքների արդյունավետությունը, կհեշտացնի տարբեր երկրներից ժամանած փրկարար ուժերի համագործակցությունը: 1991-ին ՄԱԿ-ի մարդասիրական հարցերի գրասենյակի ներքո ձեւավորվեց «Որոնողափրկարարական հարցերով միջազգային խորհրդատվական խումբ»` The International Search and Rescue Advisory Group (INSARAG): Կարգախոսը՝ «Պատրաստվածություն եւ արձագանքում»: Այսօր աշխարհի ավելի քան 30 երկրի ավելի քան 40 թիմ արդեն ստացել է INSARAG-ի արտաքին որակավորում: INSARAG-ի չափանիշներին համապատասխան քաղաքային որոնողափրկարարական` ՔՈՓ, թիմ ունենալու Հայաստանի քայլերը սկսվել են 2004 թվականին: 2015 թվականին մեր թիմը հաջողությամբ անցնելով որակավորման վարժանք-քննությունը ստացել է INSARAG-ի արտաքին որակավորում: Թիմերը հինգ տարին մեկ վերաորակավորվում են: Հայկական ՔՈԹ թիմի վերաորակավորումը նախատեսված է 2020 թվականին:

 

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարը՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ