Անցած տարի ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության քաղաքացիական պաշտպանության աշխատանքային խմբերը քաղաքացիական պաշտպանության վիճակի համալիր գնահատում իրականացրեցին Հայաստանի բոլոր մարզերում:
Այս տարի նույն աշխատանքային խմբերը մարզերում ուսումնասիրում են քաղաքացիական պաշտպանության վիճակի համալիր գնահատման արդյունքում ի հայտ եկած թերությունների վերացման ուղղությամբ արվածը:
Նշված նպատակով հունիսի 26-29-ը Վայոց ձորում էր ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության քաղաքացիական պաշտպանության վարչության աշխատանքային խումբը՝ ՔՊ վարչության պետ, փ/ծ գնդապետ Արտակ Նահապետյանի գլխավորությամբ: Հետազոտությունն իրականացվել է ՀՀ կառավարության «ՀՀ պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների քաղաքացիական պաշտպանության վիճակի համալիր գնահատման» կարգի համաձայն:
Մարզպետարանում անցկացվել է «Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի բնակչության եւ տարածքային պաշտպանության կազմակերպումը հակառակորդի հարձակման դեպքում» թեմայով շտաբային ուսումնավարժություն:
Ուսումնասիրվել են Վայոց ձորի Վայք, Ջերմուկ, Արենի (Խաչիկ) եւ Զառիթափ (Նոր Ազնաբերդ, Բարձրունի, Խնձորուտ) համայնքները, «Եղեգնաձորի բժշկական կենտրոն», «Ֆիդան եւ Լուսինե», «Սիմբաբ», «Ջերմուկ Գրուպ» ընկերությունները:
Փրկարար ծառայության քաղաքացիական պաշտպանության վարչության աշխատանքային խումբը մեթոդական եւ գործնական օգնություն է ցուցաբերել մարզի համայքներին եւ կազմակերպություններին` ՔՊ միջոցառումների պլանավորման փաստաթղթերը կազմելու եւ ճշգրտելու աշխատանքներում: