Գլխավոր Նորություններ ՄԱՐԶԵՐԻ ՔՊ ՎԻՃԱԿԻ ԳՆԱՀԱՏՈՒՄՆ ԱՎԱՐՏՎԵՑ

ՄԱՐԶԵՐԻ ՔՊ ՎԻՃԱԿԻ ԳՆԱՀԱՏՈՒՄՆ ԱՎԱՐՏՎԵՑ

717
Տարածել

«911.Արտակարգ թերթի» այս տարվա սեպտեմբերի 22-ի 35-րդ համարում տեղեկացրել ենք, որ, ՀՀ կառավարության «ՀՀ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների քաղաքացիական պաշտպանության վիճակի համալիր գնահատման» կարգի համաձայն, ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության քաղաքացիական պաշտպանության վարչության աշխատանքային խումբը մինչև 2019 թվականի ավարտը քաղաքացիական պաշտպանության վիճակի համալիր գնահատում է իրականացնելու մարզային և համայնքային 35 կազմակերպությունում: Նոյեմբերի 13-17 հատվածում գնահատվել է Շիրակի մարզի քաղաքացիական պաշտպանության վիճակը: Սա վերջին մարզն էր, որտեղ նման գնահատում արվեց: Այսպիսով՝ Հայաստանի բոլոր 10 մարզի ՔՊ վիճակն էլ գնահատված է՝ ներառելով բոլոր համայնքները:

Քաղաքացիական պաշտպանության վիճակի գնահատման աշխատանքներն այնպես են կազմակերպված, որ ուշադրությունից դուրս չի մնում ոչ մի կազմակերպություն: Օրինակ, Արմավիրի մարզի համալիր գնահատման մեջ ներառվել է Մեծամորի ատոմակայանը, Շիրակի մարզում ՝ «Գյումրի գարեջուր» ընկերությունը և այլն:

Գնահատումը սովորաբար տևում է 4 օր, հինգերորդ օրն անցկացվում է շտաբային ուսումնավարժություն՝ ստուգելու համար տեղի քաղպաշտպանության կազմավորումների պատրաստվածության աստիճանը: Վերջում քաղպաշտպանության վիճակի համալիր գնահատման աշխատանքային խումբը ակտ է կազմում, որում, բացի վիճակը ներկայացնելուց, նաև առկա թերությունները և բացերը վերացնելու՝  քաղպաշտպանության համակարգը բարելավելու հստակ առաջարկներ են լինում. արդիականացնել ազդարարման համակարգը, ձեռք բերել այս կամ այն գույքը և այլն: Ակտը հաստատում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարը, իսկ գնահատված կազմակերպությունը ակտի հիման վրա կազմում է թերությունների վերացման ժամանակացույց: Չի բացառվում, որ քաղպաշտպանության վիճակի համալիր գնահատման աշխատանքային խումբը ևս մեկ անգամ անցնի արդեն գնահատված գերատեսչություններով ու կազմակերպություններով` տեսնելու, թե ով ուր է հասել թերությունների վերացման հարցում: