Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Սերը երեւակայության հաղթանակն է բանականության հանդեպ

Սերը երեւակայության հաղթանակն է բանականության հանդեպ

2493
Տարածել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տարբեր ստորաբաժանումներում՝ կենտրոնական ապարատից մինչեւ մարզային փրկարարական վարչություններ եւ հրշեջ-փրկարարական ջոկատներ, քիչ չեն կին ծառայողները: Հարյուրավոր կանայք են աշխատում մի ոլորտում, որտեղ առաջնայինը էմոցիաները մի կողմ թողնելու, ցանկացած իրավիճակում սառնասրտությունը չկորցնելու եւ նման որակներն ու կարողությունները: Եվ քանի որ ունենք փոխգնդապետի կոչման հասած կանայք (որ դեռ գնդապետ էլ են դառնալու), նշանակում է նրանք կարողացել են տղամարդուց առնվազն ոչ պակաս արդյունավետությամբ աշխատել: Կանանց միամսյակի շրջանակներում կին փրկարարների հետ հարցազրույցներից հերթականի հերոսը փրկարար ծառայության Արագածոտնի մարզային փրկարարական վարչության Ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ հերթապահ հերթափոխի համակարգչային օպերատոր, փ/ծ ավագ սերժանտ Վեներա Պապանյանն է:

Փրկարարի համազգեստով կինը․․․մի արարած է, որն իրավունք չունի թույլ լինելու։ Երբեւէ չեմ մտածել, որ մի օր ես էլ պատիվ եմ ունենալու հասարակությանը ներկայանալ համազգեստով։ Համազգեստը սոսկ հագուստ չէ, յուրաքանչյուր ոք մեծ հույսեր եւ համոզմունք է կապում համազգեստ կրող ծառայողի հետ՝ անկախ սեռից նրա մեջ տեսնելով իր փրկության միակ եւ վերջին հնարավորությունը։ Կնոջ պարագայում Էլ ավելի դժվար եւ պատասխանատու է փրկարարի համազգեստ կրելը, քանզի այդ ժամանակ մոռանում ես քո կանացի նրբությունը, փափկությունը, դառնում ես մեկը, որն իր վրա է վերցնում մարդկանց կյանքի եւ առողջության փրկության դժվարին առաքելությունը։ Պարտավորվում ես լինել ավելի խոհեմ եւ իրավիճակին լրջագույնս մոտենալ։

Եթե չլինեի փրկարար․․․Մանկուց շատ եմ սիրել փիլիսոփայություն, աստվածաբանություն, հոգեբանություն։ 15 տարեկանում անգամ հնարավորություն եմ ունեցել գիտական հոդված գրելու գերմանացի փիլիսոփա Ֆրիդրիխ Նիցշեի «Այսպես խոսեց Զրադաշտը» գրքի վերաբերյալ, որը թարգմանվել է 3 լեզվով եւ լույս տեսել Սանկտ-Պետերբուրգում հրատարակվող հայտնի ամսագրերից մեկում։ Կարծում էի՝ գտել եմ ինձ հետաքրքրող եւ հոգեհարազատ ոլորտը՝ փիլիսոփայությունը։ Սակայն, ինչպես ասում են, Աստծո գործերն անքննելի են։ Հանգամանքների բերումով դարձա փրկարար։ Շատ եմ սիրում մասնագիտությունս, կարծում եմ՝ ոչինչ պատահական չէր։ Փորձում եմ պատասխանատվությամբ կատարել փրկարար ծառայողի առջեւ դրված խնդիրները։

Ինքնակրթությունը․․․մարդու հաջողության գրավականներից կարեւորագույնն է։ Մենք մշտապես զարգանալու եւ առաջ շարժվելու միտում ունենք, որը միայն համալսարանական կրթությունը չի կարող ապահովել։ Պետք է շարունակաբար աշխատել մեր գիտելիքների եւ հնարավորությունների վրա։ Ինքնակրթությունը շատ կարեւոր որակ է նաեւ փրկարար ծառայության մեջ, որն իր մեջ ընդգրկում է մի շարք այլ մասնագիտություններ՝ բժշկություն, հոգեբանություն, իրավունք եւ այլն։ Իսկ լավ փրկարարը պետք է նախ լինի լավ մարդ, հետո՝ խելացի եւ պրոֆեսիոնալ մասնագետ։

Հավատը․․․մարդուն առաջ մղող գործոն է։ Պետք է մշտապես հավատալ սեփական ուժերին եւ հնարավորություններին։ Հավատն առ Աստված եւս հզոր ուժ է։ Ի վերջո՝ ինչպես Ֆրիդրիխ Շիլլերն է ասում․ «Որտեղ չկա հավատ՝ խախուտ է ամեն բան»։

Կյանքում ամենաթանկ կապիտալը․․․մարդն է։ Այն մարդը, որը շրջապատված է լավ ընկերներով, հարազատներով, ծանոթներով եւ այլն, հաջողակ է։ Նման մարդկանց կարող եմ նաեւ երջանիկ անվանել։

Ամեն ճամփորդությունից հետո․․․մտածում եմ նորի մասին։ Նոր խենթություններ ու արկածներ են պետք։ Ի վերջո ժամանակն անցնում է, իսկ մեզ կյանքից մնում են միայն լուսավոր ու դրական օրերի մասին հաճելի հիշողությունները։

Լավ երաժշտությունը․․․մի աշխարհ է, որի գույները ստեղծվում են մեր երևակայության հաշվին։ Մենք ճախրում ենք, սավառնում կամ գահավիժում անհատակ անդունդը։ Ինչպես կասեր Նապոլեոն Բոնապարտը․ «Բոլոր արվեստների մեջ կրքերի վրա ամենամեծ ազդեցություն գործողը երաժշտությունն է»։ Երաժշտությունը մարդկությանը ծանոթ մայրենի լեզուն է։ Սիրում եմ տարբեր ժանրեր՝ դասական, փոփ, ռեփ, ռոք, բլյուզ, ջազ եւ այլն։ Կախված տրամադրությունից՝ փոխվում է նաեւ երաժշտությունս։

Լավ գրականությունը․․․յուրաքանչյուրիս կյանքի լավագույն խորհրդատուն է, անդավաճան ընկերը։ Սիրում եմ կարդալ բազմաժանր գրականություն, որը ծանոթացնում է կյանքի ամենատարբեր իրավիճակներին՝ ամենաանսպասելի ելքերով։

Աշխարհին պակասում է․․․սեր եւ բարություն։ Մարդիկ անտարբեր են դարձել։ Դա է բոլորիս դժբախտության պատճառը։ Եթե մարդիկ մի փոքր բարի, հանդուրժող եւ ներողամիտ լինեն միմյանց նկատմամբ, կյանքն էլ ավելի հեշտ ու հետաքրքիր կլինի։

Մարդուն սիրելու համար․․․պետք է փորձել հասկանալ եւ գնահատել նրան։ Միայն այդ դեպքում կարելի է սիրել։ Յուրաքանչյուրս ունենք մեր բնավորության եւ արտաքինի լավ-վատ կողմերը։ Իդեալներ լինում են, բայց ոչ ոք իդեալական չէ։ Ոչ միայն առավելությունները, այլեւ թերություններն ընդունելը կարող է բերել սիրո վեհ գաղափարին։

Երազում եմ․․․ քանի ապրում եմ։ Մարդկային կյանքն արժեզրկվում է այն ժամանակ, երբ երազանքներ էլ գոյություն չունեն։ Երազանքներն ուժ են տալիս կատարելագործվելու եւ առաջ գնալու համար։ Երազել նշանակում է ապրել։

Սիրում եմ․․․շատ հաճախ ենք սկսել լսել այս բառերը։ Ոմանք չեն հասկանում դրանց նշանակությունը, ոմանք շահարկում են այս բառերը՝ չսիրելով, ոմանք էլ պարզապես սիրում են սիրել։ Սերն աշխարհի ամենավեհ, ամենանուրբ, ամենաապրեցնող եւ ամենակործանարար զգացմունքն է։ Այն երեւակայության հաղթանակն է բանականության հանդեպ։ Ասում են՝ ոչ մի իրական եւ հեքիաթային մեծ սեր չի դառնում ամուսնություն։ Դա էլ իր պատճառներն ունի։ «Ոչ թե սիրո, այլ ընկերության պակասն է հանգեցնում դժբախտ ամուսնությունների»,- կասեր Նիցշեն։ Սակայն այդ ամենից զատ՝ չմոռանանք, որ սերը հեքիաթ է, որը կառուցում են սիրահարներն իրենց ստեղծած աշխարհ-իրականությունում։ Այդ իրականությանն ուզում ես հետեւել միշտ սթափ եւ արթուն, քանի որ այն ավելի խորն է եւ գեղեցիկ, քան մեր երազները։

Հավատում եմ․․․իմ ուժին։ Վստահ եմ, որ երբեք մարդուն չի տրվում ավելի մեծ փորձություն, քան նա ի զորու է հաղթահարել։

Կյանքում ամեն ինչի կարելի է հասնել․․․աշխատասիրության, քրտնաջան աշխատանքի եւ հաջողության շնորհիվ։ Կյանքի ամեն նոր քայլ նոր փորձություն է, որը հաղթահարելի է։ Այդ փորձություններն ու ապտակներն են մեզ դարձնում այնքան ուժեղ, որ կարողանանք հասնել ցանկացած երազանքի։

Իմ ուժը․․․իմ ընտանիքն է, ընկերներս եւ աշխատասիրությունս։

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Հ.Գ. Կարդացեք նաեւ.

Հասմիկ Պետրոսյան. Իսկ սերը․․․ քիմիա է եւ վերջ

Հերմինե Նավասարդյան. Իմ ուժը իմ թուլություններն ու վախերն են եւ իմ տարիների փորձը

Սուսան Գեւորգյան. Փրկարարը շատ մասնագիտությունների խաչմերուկում է