Անցած շաբաթ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ստորաբաժանումները արտակարգ իրավիճակների վերաբերյալ մոտ 250 ահազանգի են արձագանքել: Շատ դեպքերում փրկարարները դեպքի վայր մեկնելուն զուգահեռ տեղեկությունը փոխանցել են այլ ծառայության. շտապօգնություն, «Վեոլիա Ջուր», էլցանց, գազի վթարային ծառայություն, կանաչապատման, սանմաքրման ծառայություն, ոստիկանություն և այլն:
Գրանցվել է 40 հրդեհ. այրվել են տան գույք, շինությունների փայտյա կառուցատարրեր, շինանյութ, անասնակեր, բուսածածկ տարածքներ, ջերմահարվել են պտղատու եւ դեկորատիվ ծառեր: Փակ դուռ բացելու վերաբերյալ էլ 90 կանչ է ստացվել: Վատառողջ, ծանրաքաշ, սակավաշարժ քաղաքացուն բնակարանից իջեցնելու, բնակարան բարձրացնելու կամ բնակարանում տեղից տեղ տեղափոխելու կանչեր են սպասարկել Երևանի Կենտրոն, Շենգավիթ, Աջափնյակ, Ավան վարչական շրջանների եւ Լոռու ու Շիրակի փրկարարները: Տարբեր վայրերում արգելափակված (դիտահոր, վերելակի հորան, նկուղ, տանիք, շենքի օդատար-ծխատար, մեքենայի շարժիչի տակ և այլն) մի շարք կենդանիներ են ազատվել: Տարբեր տարածքներում արգելափակված տասսնյակ մեքենաներ են դուրս բերվել երթեւեկելի հատված:
Այլ կանչեր. Արաբկիրի փրկարարներն ահազանգ են ստացել, թե Կոմիտասի պողոտայի բակերից մեկում գազի հոտ է զգացվում: Փրկարարները պարզել են, որ գազի հոտն առաջացել է ավտոտնակում գազի բալոնների լիցքավորման հետևանքով:
Սյունեցի փրկարարներն ահազանգ են ստացել, թե Գորիս Մռավյան փողոցում կատաղած շունն անհանգստացնում է բնակիչներին: Հրշեջ-փրկարարները բռնել են շանը և տեղափոխել անվտանգ տարածք:
Նույն մարզում ահազանգ է ստացվել, թե Գորիս-Շուռնուխ ճանապարհին ավտոմեքենան խափանվել է: Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենան հեռացրել են երթևեկելի գոտուց, իսկ վարորդին տեղափոխել են թիվ հրշեջ-փրկարարական ջոկատ՝ գիշերելու:
Վայոց ձորի փրկարարներն ահազանգ են ստացել, թե Գետափ-Մարտունի ավտոճանապարհին մերկասառույցի պատճառով ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և արգելափակվել ձյան շերտում: Հրշեջ-փրկարարները արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենան և ուղեկցել մինչև Վայք քաղաք, որտեղից մինչև Երևան-Մեղրի ավոտճանապարհի «Զանգեր» կոչվող հատված մեքենան ուղեկցել են հրշեջ-փրկարարական այլ ջոկատի փրկարարներ: Դրանից հետո ավտոմեքենան շարունակել է իր ընթացքը: