Աղվես Չարենցի փողոցում
Անցած յոթ օրում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ստորաբաժանումները արտակարգ իրավիճակների վերաբերյալ մոտ 300 ահազանգի են արձագանքել: Շատ դեպքերում փրկարարները դեպքի վայր մեկնելուն զուգահեռ տեղեկությունը փոխանցել են այլ ծառայության. շտապօգնություն, «Վեոլիա Ջուր», էլցանց, գազի վթարային ծառայություն, կանաչապատման, սանմաքրման ծառայություն, ոստիկանություն և այլն:
Գրանցվել է 50 հրդեհ. այրվել են տան գույք, շինությունների փայտյա կառուցատարրեր, շինանյութ, անասնակեր, բուսածածկ տարածքներ, ջերմահարվել են պտղատու և դեկորատիվ ծառեր: Փակ դուռ բացելու վերաբերյալ էլ 100 կանչ է ստացվել: Վատառողջ, ծանրաքաշ, սակավաշարժ քաղաքացուն բնակարանից իջեցնելու, բնակարան բարձրացնելու կամ բնակարանում տեղից տեղ տեղափոխելու կանչեր են սպասարկել Երևանի Աջափնյակ, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք, Շենգավիթ, Կենտրոն, Արաբկիր վարչական շրջանների և Արարատի փրկարարները: Տարբեր վայրերում արգելափակված (դիտահոր, վերելակի հորան, նկուղ, տանիք, շենքի օդատար-ծխատար, մեքենայի շարժիչի տակ և այլն) մի շարք կենդանիներ են ազատվել: Տարբեր տարածքներում արգելափակված մի շարք մեքենաներ են դուրս բերվել երթևեկելի հատված:
Այլ կանչեր. Կենտրոնի փրկարարներն ահազանգ են ստացել, թե Չարենցի փողոցի շենքերից մեկի մոտ աղվես կա: Փրկարարները աղվեսին բռնել և տեղափոխել են անվտանգ տարածք: Գեղարքունիքի փրկարարները գիշերն ահազանգ են ստացել, թե Սևան-Գավառ ճանապարհի Չկալովկա գյուղի սկզբնամասում ավտոմեքենա է խափանվել: Հրշեջ-փրկարարները վարորդին և ուղևորին տեղափոխել են թիվ 32 ՀՓՋ: