Գլխավոր Նորություններ ՔԱՂՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ 

ՔԱՂՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ 

728
Տարածել

2018-ին նախատեսվող միջոցառումները

Նոյեմբերի 28-ին ՀՀ ԱԻ նախարարությունում կայացավ քաղաքացիական պաշտպանության հիմնահարցերին առնչվող սեմինարխորհրդակցություն, որին  մասնակցում էին ՀՀ գերատեսչություններիկրթական հաստատությունների, ինչպես նաև՝ հանձնաժողովների քաղաքացիական պաշտպանության հարցերով պատասխանատուները:

Հանդիպման նպատակն էր քննարկել արտակարգ իրավիճակներում  բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության ոլորտներում ՀՀ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների պատրաստվածությունը, ինչպես նաև՝ տվյալ ոլորտների հիմնահարցերով բնակչության ուսուցման կարգն ու սահմանել ծրագրերը:

Սեմինարը համակարգում էր ՀՀ ԱԻՆ ՓԾ քաղաքացիական պաշտպանության վարչության պետ, փ/ծ գնդապետ Արտակ Նահապետյանը:

ՀՀ պետական կառավարման մարմինների ՔՊ հարցերով պատասխանատուները ներկայացրեցին ԱԻ և ՔՊ բնագավառում կատարված աշխատանքները՝ նշելով բնագավառի ձեռքբերումները և առկա խնդիրները:

Սեմինարի ընթացքում քննարկվեցին արտակարգ իրավիճակներում գործելու պլանները, ինչպես նաև՝ ՀՀ պետական կառավարման մարմիններում անցկացված ՔՊ վիճակի համալիր գնահատման արդյունքները:

Հանդիպման մասնակիցները նախանշեցին նաև 2018-ին սպասվող հիմնական միջոցառումները:

Քաղաքացիական պաշտպանության բնագավառում նախատեսվում է.

  • ՀՀ պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների և կազմակերպությունների կողմից քաղաքացիական պաշտպանության պլանների և տարհանման պլանների ճշգրտում,
  • ՀՀ տարածքում առկա պաշտպանական կառույցների ցանկի ճշգրտում, հնարավորության դեպքում դրանց վերանորոգման աշխատանքների իրականացում և համապատասխան գույքով ու տեխնիկական սարքավորումներով կահավորում,
  • Սահմանամերձ համայնքների բնակչության պատսպարման նպատակով համապատասխան շինությունները թաքստոցների ձևափոխման և նորերի կառուցման պլանավորում,
  • Տնտեսության օբյեկտների կայուն գործունեության ապահովման գործընթացների կազմակերպում և իրականացում:

2018 թ. նախատեսվում է կազմակերպել նաև մի շարք ուսումնական վարժանքներ՝ թեմաներն ընտրելով տարածաշրջանի, ինչպես նաև՝ համապատասխան ոլորտի առանձնահատկություններից և առաջադրված խնդիրներից:

Նախատեսվող միջոցառումներն ուղղվելու են կառավարման մարմինների և ուժերի՝ պատրաստվածության տարբեր աստիճանների բերմանը, արտակարգ իրավիճակներում, ինչպես նաև՝ ռազմական գործողությունների վարման ընթացքում կամ այդ գործողությունների հետևանքով ստեղծված պայմաններում բնակչության և նյութական արժեքների պաշտպանությանը, կառավարման մարմինների միջև փոխհամագործակցության իրականացմանը:

 

Կսահմանվեն քաղաքացիական պաշտպանություն դասավանդող մասնագետներին ներկայացվող միասնական պահանջներ

Ինչպես տեղեկացրել էինք մեր թերթի նախորդ համարում, Քաղաքացիական պաշտպանության միջազգային կազմակերպության (ICDO)  նախաձեռնությամբ նոյեմբերի 23-ին և 24-ին Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում անցկացված քաղաքացիական պաշտպանության ուսումնական հաստատությունների ներկայացուցիչների երկրորդ միջազգային սեմինարը:

Սեմինարին մասնակցել է նաև ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի Ղեկավար կազմի որակավորման բարձրացման ֆակուլտետի դեկան Դավիթ Թադևոսյանը: Հավաքի նպատակներն էին՝ աղետներից բնակչության պաշտպանության և  քաղաքացիական պաշտպանության ոլորտներում կադրերի վերապատրաստման ազգային համակարգերի կատարելագործում, առաջավոր ուսումնամեթոդական և դասավանդման նոր մոտեցումների, նորարարական տեխնոլոգիաների ներդրում, կադրերի վերապատրաստման ոլորտում միջազգային  համագործակցության և Քաղաքացիական պաշտպանության միջազգային կազմակերպության դերակատարության բարձրացում, կրթական ծրագրերի կատարելագործում: Մասնակցել է 16 երկիր. Հայաստան, Տաջիկստան, Ղրղզստան, Ռուսաստան, Քուվեյթ, Ուզբեկստան, Ալժիր, Թունիս, Բելառուս, Ղազախստան, Սերբիա, Սաուդյան Արաբիա, Հարավային Կորեա, Հորդանան, Եգիպտոս, Ադրբեջան: Երկու օրում ներկայացվել է ավելի քան 10 զեկույց. «Բազմատարբերակ ծրագրեր բնակչության և տարածքների պաշտպանության և արտակարգ իրավիճակների ոլորտում», «Բնակչության պաշտպանության ոլորտի շարժունակ խմբերի համար դասընթացավարներին ներկայացվող ընդհանուր պահանջներ», «Բնակչության և տարածքների պաշտպանության ոլորտի շարժունակ խմբերի նյութատեխնիկական ապահովման հարցեր», «Լեռնափրկարարների պատրաստման միասնական չափանիշներ», «Կադրերի վերապատրաստման միասնական չափանիշներ» և այլն:

Դավիթ Թադևոսյանի խոսքով՝ հավաքի վերջում արձանագրվել է, որ զեկույցներում ներկայացված մոտեցումները կդառնան Քաղաքացիական պաշտպանության միջազգային կազմակերպության անդամ երկրների քաղաքացիական պաշտպանության ուսումնական հաստատությունների կրթական ծրագրերի մշակման հիմք և կախված աղետի բնույթից և երկրի քաղաքացիական պաշտպանության կառուցվածքից, կիրականացվի համապատասխան գործողություն: Սեմինարի արդյունքում սահմանվել են հետևյալ թիրախները. մշակել քաղաքացիական պաշտպանության մասնագետների որակավորման բարձրացման բազմատարբերակ կրթական ծրագրեր, ընդունել բնակչության և տարածքների պաշտպանության շարժունակ խմբեր կրթող մասնագետներին ներկայացվող միասնական պահանջներ, միջազգային վերապատրաստում անցած քաղաքացիական պաշտպանության մասնագետների համար սահմանել Քաղաքացիական պաշտպանության միջազգային կազմակերպության միասնական վկայագիր:

Այս ամենը պետք է կյանքի կոչվի մինչև 2018 թվականի մարտ, որից հետո կկազմակերպվեն Քաղաքացիական պաշտպանության միջազգային կազմակերպության անդամ երկրների ներկայացուցիչների հանդիպումներ, այդ թվում՝ առցանց՝ տեսակապով քննարկումներ:

Դավիթ Թադևոսյանից տեղեկացանք, որ Քաղաքացիական պաշտպանության մասնագետների կրթության համաշխարհային ցանցի կատարելագործման համար որոշվել է կազմել Քաղաքացիական պաշտպանության միջազգային կազմակերպության վերապատրաստման դասընթացներն ավարտած և վկայագիր ստացած դասավանդող-ուսուցանողների տվյալների միասնական շտեմարան, աջակցել և խրախուսել քաղաքացիական պաշտպանության ոլորտում գիտահետազոտական աշխատանքները, Քաղաքացիական պաշտպանության միջազգային ակադեմիայի կայքում տեղադրել կրթական և մեթոդական նյութեր, Քաղաքացիական պաշտպանության միջազգային կազմակերպության համակարգման և մոնիթորինգի կենտրոնի ուժերով հրապարակել աշխարհում տեղի ունեցած աղետների վերաբերյալ ամսական և եռամսյակային զեկույցներ:

 

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ