Գլխավոր Նորություններ ԻՄ ՏՈՒՆՆ` ԻՄ ԱՄՐՈՑԸ

ԻՄ ՏՈՒՆՆ` ԻՄ ԱՄՐՈՑԸ

816
Տարածել

Շենքերի սեյսմակայունության բարձրացման հաջողված փորձեր

Շենքերի սեյսմազինվածության բարձրացումը Հայաստանի համար շարունակում է մնալ խիստ այժմեական և հրատապ լուծում պահանջող հիմնախնդիր: Վերլուծությունները ցույց են տալիս, որ Հայաստանում կառուցված տիպային 5 հարկանի քարե և 9 հարկանի կարկասապանելային բնակելի շենքերի սեյսմակայունությունը զգալիորեն ցածր է տարածաշրջանի սեյսմիկ վտանգի մակարդակից: Սրանով է պայմանավորված Երևանի և հանրապետության այլ խոշոր բնակավայրերի սեսյմիկ ռիսկի բարձր մակարդակը:

1988 թվականի Սպիտակի երկրաշարժի գոտում վերականգնողական աշխատանքների վերլուծությունը ցույց տվեց, որ ավանդական մեթոդներով շենքերի ուժեղացումը միշտ չէ, որ տնտեսապես արդյունավետ է: Այսօր արդեն Հայաստանում սեյսմակայուն շենքեր ու կառուցվածքներ նախագծելիս և եղած շենքերն  ուժեղացնելիս կիրառվում են ժամանակակից մեթոդներ, որոնք սահմանված են ընդունված շինարարական նորմերով: Այս համակարգերից են տատանումների դինամիկական մարիչները, միացվող և անջատվող կապերը, մարումը բարձրացնող կոնստրուկցիաները, ռետինամետաղե շերտավոր հենարանների կիրառմամբ սեյսմամեկուսացումը, գոյություն ունեցող կառուցվածքի միացումը նորակառույց կոշտ կցակառույցի հետ:

Սեյսմապաշտպանության նշված մեթոդներից յուրաքանչյուրը թույլ է տալիս 2-3 անգամ նվազեցնել կառույցների սեյսմիկ հակազդեցությունը, ինչի արդյունքում նախագծումը կարելի է իրականացնել 1 բալով ցածր սեյսմայնությամբ: Սեյսմապաշտպանության յուրաքանչյուր համակարգ ունի կիրառման որոշակի առանձնահատկություն, որը պայմանավորված է շենքի կոնստրուկտիվ լուծումներով, հարկայնությամբ և հավանական երկրաշարժերի բնութագրերով:

Անդրադառնանք նշված մեթոդներից երկուսին:

 

Վերին ճկուն հարկ

Սկսած 1985 թվականից մինչև 1988-ի երկրաշարժը «ՀայՃարտՇին» ինստիտուտում կատարվել են «Վերին ճկուն հարկի» առաջին փորձարարական աշխատանքները: Այս եղանակը մոդելավորվել է, և իրականացվել են փորձարկումներ: Վերին լրացուցիչ ճկուն հարկը դառնում է դինամիկական մարիչ և մոտ երկու անգամ փոքրացնում սեյսմիկ բեռնվածքները: Այս եղանակով շենքի սեյսմազինվածության բարձրացումը նպատակահարմար է տեխնիկատնտեսական տեսանկյունից:

Բազմահարկ շենքերի սեյսմազինվածության ավելացման «Վերին ճկուն հարկ» եղանակը միջազգային ՁժկԸՀԾ-90 մրցույթում մրցանակ է շահել: Այս եղանակը կիրառվել է Հայաստանի Երևան, Վանաձոր և Արցախի Շուշի քաղաքներում: Մեթոդի առավելությունն այն է, որ կարելի է կիրառել ոչ բավարար սեյսմակայունություն ունեցող շենքերի վրա` առանց բնակիչների տարհանման: Շենքի վրա ավելացվում է մեկ լրացուցիչ հարկ: Հայտնի է, որ հարթ տանիքներով բարձրահարկ շենքերի տանիքներն անմխիթար վիճակում են: Ճկուն լրացուցիչ հարկի ավելացումը լուծում է նաև այս խնդիրը: Սա մեծ ֆինանսական միջոցներ չպահանջող եղանակ է: Այսօր «Վերին ճկուն հարկ» մեթոդի փորձարարական աշխատանքները շարունակվում են ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ծառայության կառուցվածքների սեյսմակայունության կենտրոնում:

Շենքհարկաշար

Այս համակարգը տարբերվում է ակտիվ սեյսմապաշտպանության համակարգերից, քանի որ սեյսմապաշտպանությունն իրականացվում է ոչ թե տատանումների մարումների ուժեղացմամբ, այլ` իներցիոն բեռնվածության զգալի մասի փոխանցմամբ շենքից դուրս տեղադրված կոշտ համակարգին:

Այս մեթոդով ուժեղացվել են Սպիտակի երկրաշարժից վնասված Գյումրի քաղաքի 5 հարկանի քարե շենքեր: Սեյսմակայունության բարձրացումը տեղի է ունենում ի հաշիվ շենքի և նրան կցված երկաթբետոնե կոշտ դիաֆրագմաներից կազմված հարկաշարի միջև հորիզոնական իներցիոն ուժերի վերաբաշխման: Համակարգի վրա ազդող ուժերի մեծ մասն ընդունում է հարկաշարը, որի կոշտությունն այնպիսին է, որ նրա տատանման հաճախականությունը մեծ է շենքի տատանման հաճախականությունից:

«Շենք-հարկաշար» մեթոդը ոչ միայն բարձրացնում է շենքի սեյսմակայունությունը, այլև մեծացնում օգտագործելի տարածությունը: Կախված շենքի տեսակից՝ կարելի է հարկաշարի և շենքի կապերի համար օգտագործել տարբեր ճկունություն ունեցող ամրանային ձողեր: Նման ձևով շենքերի սեյսմակայունության բարձրացման հաջող փորձ կա Գյումրի քաղաքում: «Շենք-հարկաշար» մեթոդի փորձարարական աշխատանքները շարունակվում են:

 

Հրապարակումը պատրաստվել է ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ծառայության կառուցվածքների սեյսմակայունության կենտրոնի պետ  Զավեն Խլղաթյանի «Իմ տունն` իմ ամրոցը» հոդվածի հիման վրա: