Գլխավոր Նորություններ «ASALA-Ն ՆԵՐՍԻՑ»

«ASALA-Ն ՆԵՐՍԻՑ»

1484
Տարածել

Մենք աղերսելու փոխարեն պահանջեցինք

Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանի «Պայթյուններ Թուրքիայում և… ոչ միայն» իրապատում վեպը ներկայացնում է Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի (ASALA) չբացահայտված անդամներից մեկի տրամադրած տեղեկությունները, որոնցից շատերն առաջին անգամ են դրվում շրջանառության մեջ: Ներկայացնում ենք գրքի մանրամասների և կարևորության մասին մեր զրույցը հեղինակի հետ:

 

— Ինչո՞ւ «Պայթյուններ Թուրքիայում և… ոչ միայն»: Ի՞նչ շեշտադրում ունի գրքի խորագիրը:

— Լավ է, որ այս հարցը վերջապես տրվեց: Շտապեմ ասել, որ վերնագիրն իմ սրտով չէ, ավելի շատ հոդվածի վերնագիր է, ոչ թե գրքի, հատկապես, որ գեղարվեստական շարադրանք ունի:

— Գիրքը շարադրել եք գեղարվեստական ոճով. ո՞վ է ձեր հերոսը:

— ASALA-ի առանցքային անդամներից էր՝ Գաղտնի բանակի առաջին կազմում ընդգրկվածներից, ինչը շատ կարևոր է: 1975-ի հունվարի 20-ին,  երբ ASALA-ն իր առաջին գործողությամբ հայտարարեց իր մասին՝ ստանձնելով կատարվածի պատասխանատվությունը, այդ ժամանակ, չհաշված մի քանի մտավորականների, մարտիկները 4-6 հոգի էին: ASALA-ն սկսել է ստվարանալ 1980-ից հետո, իսկ մինչ այդ մի քանի հոգի էին, բայց անմնացորդ նվիրյալներ, որոնք կարողացան այնպիսի պարբերականությամբ կազմակերպել գործողությունները և այնքան հաջողված ու անվրեպ, որ շատ արագ հայտնվեցին տարբեր երկրների գաղտնի ծառայութնունների ուշադրության կենտրոնում՝ դառնալով նրանց մտահոգության առարկան: Եվ այդ ընկերը, որը դարձել է գրքի առանցքային հերոսը, այդ մի քանի հնաբնակ մարտիկներց մեկն է: Հենց նրա հետ հանդիպումն էր առիթը, որ միտք հղացա գրել այս գիրքը:

— Ի՞նչ աղբյուրներից եք օգտվել գիրքը շարադրելիս:

— Թող անհամեստ չհնչի, բայց ես նույնչափ հերոս եմ, որքան իմ գրքի հերոսը, քանի որ նրա պատմածը գրքի բովանդակության մի մասն է, մնացյալը տարիներով հավաքած իմ տեղեկություններն են, որ վերագրել եմ հերոսիս, որպեսզի գիրքը կառուցվածք ունենա, և կազմակերպության մասին պատմությունն ամբողջական դառնա: Մենք ունենք պատմաբաններ Ստեփան Պողոսյանի և Վլադիմիր Պետրոսյանի աշխատությունները, որոնք ուսումնասիրել են միջազգային մամուլը և, հիմնականում հենվելով դրա վրա, գրել ASALA-ի պատմությունը: Բայց երբ խոսքը գաղտնի կազմակերպության մասին է, բնականաբար, մամուլը հիմնական պատկերացում չի կարող տալ, որովհետև որևէ գաղտնի կազմակերպություն իր ներքին խոհանոցը չի բացի մամուլի առաջ: Այդ երկու աշխատություններից և մամուլից զատ կա մեր ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի երկու գիրքը՝ «Պատմություն ASALA-ի», որ 1983-ին գրել է Այնճարում անգլերենով, և լույս է տեսել 1990-ին Լոզանում հայերեն թարգմանությամբ, իոկ հաջորդը՝ «Իրականություն» վերնագրով, կնոջ՝ Սեդայի հետ գրել է այստեղ 1992-ին: Էլի կա մեկ-երկու գիրք, Մոնթեի ընկերներից Վահե Շահմուրադյանի գիրքը՝ «Կառլեն Նանամյան. էջեր նահատակ հերոսի մասին», նաև Մոնթեի եղբոր՝ Մարգար Մելքոնյանի գիրքը, որ դարձյալ ստորագրել է Սեդայի հետ համատեղ: Բայց դրանք բոլորն էլ կողմնապահ գրքեր են: Սրանք են գրավոր աղբյուրները, որ տարիների ընթացում փորձել եմ համադրել, մարսել այդ ամենը: Սակայն շատ ներհակ են դրանք: Իսկ գլխավոր աղբյուրները հենց կազմակերպության անդամներն են՝ բացահայտված և չբացահայտված, որոնց հետ տարիներ շարունակ հաջողվել է շփվել, և իմ հավաքած փաստերը փորձել եմ ստուգել, թե բանակի ամեն անդամ ինչպես է նայում, ինչպես է վերաբերվում դրանց: Այսինքն՝ կենդանի գործող անձինք՝ ականատեսները, մասնակիցները շատ ավելի հավաստի աղբյուր են, բայց դա չի նշանակում, որ նրանց ասածը հալած յուղի տեղ եմ ընդունել, դրանք էլ փորձել եմ ճշտել այլ անդամների, ընկերների միջոցով: Թե ինչ է ստացվել արդյունքում, կասեմ, որ երբեք չեմ հավակնել ինչ-որ վերջնական պատմություն գրել:

— Ո՞րն է գրքի շարադրման հիմնական նպատակը:

— ASALA հապավումը հայտնի է ոչ միայն հայերիս, այլև միլիոնավոր օտարների: Իսկ մենք, անկախ ունեցած հայացքներից, ծածուկ, թե բացահայտ, հատկապես մեր սերունդը, հպարտանում ենք այդ անունը ասելով: Երբ 80-ականներին լսում էինք՝ գաղտնի բանակ, կարծում էինք՝ դիվիզիա է, բայց իրականում 5-6 հոգանոց նվիրյալների մի խմբակ էր առաջին տարիներին, հետո ընդլայնվեց: Սակայն որքան էլ ընդլայնվել է, իր շուրջ 15-ամյա գործունեության ընթացքում, եթե հաշվենք՝ մոտ 40 նահատակ, երկու տասնյակի չափ քաղբանտարկյալ, նաև չբացահայտված անդամներ, նրանց թիվը հազիվ անցնի 100-150-ից: Մեծ չի եղել կազմը, այլ հարց է, որ կարողացավ համաշխարհային աղմուկ բարձրացնել՝ աշխարհի ուշադրությունը սևեռելով մեր դատի վրա: Ահա գրքի նպատակը, որ անունը ամեն ոք գիտի, բայց ոչ բոլորը գիտեն, թե ինչ կար այդ անվան տակ: Փորձել եմ բացել այդ անվան տակ եղածը, էությունը, որ ինչ դժվարությամբ ու նվիրվածությամբ են գործել և իրենց անձը զոհաբերել հանուն Հայ դատի:

— Գրքի խորագրերից է նաև՝ «ASALA-ն ներսից»: Ի՞նչ տվեց ASALA-ն մեզ, ինչպե՞ս եք գնահատում նրա դերը պատմության մեջ:

— «ASALA-ն ներսից». ինչո՞ւ եմ ընտրել այս ենթախորագիրը: Նշածս գրավոր աղբյուրները կարելի է դիտարկել «ASALA-ն դրսից»: Իսկ երբ աղբյուրներդ ապրող մարդիկ են, որոնք եղել են կազմակերպության անդամներ, որոնք շատ բան էլ չգիտեին, միայն իրենց հանձնարարվածը և մեկ-երկու ընկերոջ մասին, հավաքելով դրանք՝ 10 և ավելի աղբյուրներ, այ հենց դա է ASALA-ն ներսից: Մասնակիցների պատմածները, վկայությունները, ահա այս գրքի արժեքը:

Հայ գաղտնի բանակը մեզ տվեց հպարտություն, նաև խղճի, զոհի կարգավիճակից դուրս բերեց և աշխարհին ստիպեց լսել Հայ դատի մասին:

 

Հարցազրույցը Հուսիկ ԱՐԱՅԻ

Տարածել
Նախորդ հոդվածՆՈՐ ՄԵԾ ԽԱՂ
Հաջորդ հոդվածԱՐՑԱԽԻ ԿԼԻՄԱՆ