Գլխավոր Սպիտակ-30 Համերգ՝ փլատակների վրա․ ռուս լուսանկարչի հուշերը՝ Սպիտակի երկրաշարժի մասին

Համերգ՝ փլատակների վրա․ ռուս լուսանկարչի հուշերը՝ Սպիտակի երկրաշարժի մասին

863
Տարածել

Հունիսի 18-ից հուլիսի 10-ը Երեւանի «Թեքեյան» կենտրոնում կգործի լուսանկարիչ Եվգենիյ Ժիլյաեւի «Հինգ րոպե լռություն» խորագրով ցուցահանդեսը՝ նվիրված Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին։ Նախաձեռնությունը կյանքի է կոչվել PhotoPodium.com կայքի եւ «Մոսկովյան հանրագիտարաններ» հիմնադրամի աջակցությամբ։ 30 տարվա վաղեմության ֆոտոժապավենի՝ տեղ-տեղ «խունացած», կցկտուր, երբեմն՝ անդեմ կադրերը տանում են հեռավոր Սպիտակ, որի փլատակներում կյանքի ու մահվան կռիվ էր։

Ներկայացնում ենք հեղինակի հետ մեր զրույցը։

Ռուս կամավորները մեկնում են աղետի գոտի

Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտի 5-րդ կուրսի ուսանող էի, ալպինիզմով էի զբաղվում։ Դեկտեմբերի 7-ին ընկերս՝ Դմիտրի Նիկոլսկին, վազելով հանրակացարան մտավ ու հայտնեց, որ Հայաստանում երկրաշարժ է եղել։ Գնացինք դեսպանատուն, որտեղից մեզ «Բարեկամության միություն» ուղղորդեցին։ Որոշվեց լեռնափրկարարական ջոկատ ստեղծել, ռեկտորատի համաձայնությամբ ինստիտուտի ռադիոյով հայտարարվեց կամավորների հավաքի մասին։ Զինվորական ամբիոնը քիմիական պաշտպանության անհատական միջոցներ, սնունդ տրամադրեց եւ մեզ վերադաս կարգեց փոխգնդապետ Երշովին, որը հսկելու էր փրկարարական աշխատանքներն աղետի գոտում։ 47 հոգի ինքնաթիռով եւ գնացքով ուղեւորվեց Սպիտակ։

Դեկտեմբերի 9-ի լուսաբացին առաջին խումբը տեղում էր։ Ծանր տեսարան էր․ շենքերը նմանվել էին շերտավոր խմորի, հարկերն՝ իրարից հեռացել։ Ամենուրեք դիեր էին, խառնաշփոթ։ Ճամբարի տեղն ընտրելուց հետո գործի անցանք այն տեղանքում, որտեղ ալպինիստական աշխատանքների կարիք կար՝ ալրաղաց ու շաքարավազի գործարաններում, կարի ֆաբիկայում, դպրոցներում, մանկապարտեզներում ու բնակելի տներում։

Ջոկատը մասերի բաժանվեց․ Միշա Կուզանովը, Օլեգ Բորինը, Դմիտրիյ Նիկոլսկին, Ֆյոդոր Լազուտինը եւ մյուսները ստանձնեցին առանձին խմբերի ղեկավարումը։ Մեզ հետ էր նաեւ բժիշկ Դմիտրի Դոբրինինը, որն ամբողջ ընթացքում կազմակերպում էր ջոկատի եւ բնակիչների բուժսպասարկումը։

Օրն անցնում էր փլատակների վրա, ճամբար գրեթե չէինք վերադառնում։ Քնում էինք դագաղներում․ հարմարավետ էր ու տաք։ Տեխնիկան առավոտից երեկո քաղաքային մարզադաշտում «եղբայրական» գերեզման էր փորում։

Երկրաշարժի վտանգներն ու զոհված փրկարարները

Վեց օր անց Անգլիայից ու Ֆրանսիայից փրկարարներ եկան։ «Գրպանի» շներ ունեին, որոնք, ի տարբերություն մեր հսկա գերմանական հովվաշների, ազատ տեղաշարժվում էին փլատակներում ու գտնում տուժածներին։

Լեզվական խնդիրը փորձի փոխանակմանը չէր խանգարում։ Ամեն առավոտ եւ երեկո հավաքվում էինք, քննարկում կատարված աշխատանքը, վտանգավոր հատվածների ապամոնտաժման հարցը, թիրախավորում շենքերը, որտեղ դեռ ողջ մնացածներ կարող են լինել։ Դժբախտաբար երկրաշարժին հաջորդած հետցնցումը ճակատագրական եղավ ոմանց համար։ Ալրաղաց գործարանում բարձրացած ալյուրի փոշուց շնչահեղձ եղան եւ բնակելի տան փլուզումից զոհվեցին կամավորներ։

Դժվարությունները շատ էին․ 5-6 վերամբարձ կռունկը բավարար չէր, աշխատանքի մեծ մասը ձեռքով էր արվում։ Օգտագործում էինք սովորական մուրճ, դանակ, ալպինիստական գործիքներ։ Բետոնն անորակ էր, փլատակները տեղաշարժելիս փշրվում էին։

Ջոկատը 5 հոգու փրկեց, վերջինը մի կին էր, որը 14 օրից ավելի արգելափակված էր մնացել բանկի մետաղական պահարանների արանքում, գրեթե անգիտակից վիճակում։

Համաճարակի վտանգ կար։ Դմիտրին հետաքրքիր լուծում էր գտել՝ սննդին՝ լիներ ապուր, թեյ թե սուրճ, կալիումի պերմանգանատ էր ավելացնում։ Առայսօր համը բերանումս է․Մոսկվա վերադառնալուց հետո դեռ երկար ժամանակ այդ «համեմունքից» չէի հրաժարվում։

Սպիտակում անգլիացիները մեզ առաջին անգամ ինքնատաքացվող սնունդ հյուրասիրեցին․ զարմանալի բան էր։ Ընդհանուր առմամբ՝ սննդի մատակարարումը համակարգված չէր։ Դաշտային խոհանոցներում աշխատող զինվորականները կերակրում էին եւ՛ մեզ, եւ՛ ողջ մնացած բնակչությանը։ Ջրի խնդիրը սուր էր։ Երբեմն-երբեմն մարդասիրական օգնության մասին լուրեր էին պտտվում, սակայն այն այդպես էլ Սպիտակ չհասավ․ վրանների, ծածկոցների ու տաք հագուստի կարիքը շատ էր զգացվում։

Երեխաները մոտենում էին, ուտելիք խնդրում։ Փլատակներում մնացած մթերային խանութներից ինչ գտնում՝ անմիջապես նրանց բաժանում էինք։ Պահածոների մի մասը շներինն էր, որոնք մեզ շատ էին օգնում։

Ծանր իրականությունից վերանալու համար հանպատրաստից համերգներ էինք տալիս։ Տղաներից մի քանիսը կիթառ նվագել գիտեին, երիտասարդական երգեր էին երգում։ Դրանք ինքնաբուխ կատարումներ էին մեծ ցավ ապրած սպիտակցի հանդիսատեսի համար, որը դեռ պետք է ապրեր։

30 տարվա լռություն

1988 թվականի դեկտեմբերի 31-ին ջոկատը Մոսկվա վերադարձավ։ Ինսիտուտը շնորհակալագրով եւ 67 ռուբլիով պարգեւատրեց, իսկ 30 տարի անց Ռուսաստանի փրկարարների միությունը փրկարարական աշխատանքների համար մեդալ շնորհեց։

Դա իմ առաջին ու վերջին այցն էր Հայաստան։ 30 տարի շարունակ փորձում էի չհիշել այդ օրերը, ընկերներս նույնիսկ այրել էին իրենց ֆոտոժապավենները։ Ոչինչ էլ չմոռացվեց․ այսօրվա պես հիշում եմ Սպիտակ քաղաքի հատակագիծը, թվում է՝ առանց դժվարության կգտնեմ ինձ ծանոթ փողոցները։

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները՝ Վահրամ Ավոյանի

Հ.Գ. Եվգենիյ Ժիլյաեւի «Հինգ րոպե լռություն» ցուցահանդեսի լուսանկարները հուլիսի 10-ից կտեղափոխվեն Սպիտակ՝ մշտական ցուցադրության: