2020 թվականի դեկտեմբերից, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչությունները սկսեցին համայնքների բնակիչների ներգրավմամբ ուսումավարժություններ եւ գործնական պարապմունքներ անցկացնել:
Փետրվարի 19-ին Աբովյանի թիվ 45 հրշեջ-փրկարարական ջոկատը «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում անձնակազմի պատսպարման իրականացումը» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն է անցկացրել Բյուրեղավանի Ս․Վարդանյանի անվան ավագ դպրոցում:
Ըստ սցենարի՝ ազդարարման համակարգի միջոցով տրվում է «Օդային տագնապ» ազդանշանը: Ամբողջ անձնակազմը՝ 289 հոգի, իջնում են շենքի նկուղային հարկ: Դպրոցի հասարակական կարգի ապահովման խումբն ուղեկցում է պատսպարվողներին եւ իրականացնում հասարակական կարգի պահպանում: Տեղում ուսուցիչները ստուգում են աշակերտների թվաքանակը եւ զեկուցում զինղեկին, որն էլ իր հերթին ուսումնավարժության ղեկավարին ներկայացնում է պատսպարման գործընթացի արդյունքները։ «Օդային տագնապի ավարտ» ազդանշանը ստանալուն պես բոլորը կազմակերպված դուրս են գալիս թաքստոցից եւ վերադառնում աշխատասենյակներ ու դասասենյակներ:
ՀՓՋ հրամանատար, փ/ծ փոխգնդապետ Ջիվան Մխիթարյանի գնահատմամբ՝ դպրոցի անձնակազմն իրազեկված է «Oդային տագնապ» ազդանշանի դեպքում պատսպարման գործողություններից։ Մինչ այս էլ դպրոցում ամեն տարի անցկացվել են տակտիկական ուսումնավարժություններ եւ դասախոսություններ՝ երկրաշարժից պաշտպանության, պատսպարման, հրդեհաշիջման եւ տարհանման վերաբերյալ։
Անի ԱՆՏՈՆՅԱՆ
Հ.Գ. Լուսանկարները տրամադրել է ՀՓՋ հրամանատարի տեղակալ, փ/ծ մայոր Գեւորգ Սեդրակյանը: Կարդացեք նաեւ.
Հունվարի վարժանքներն ու բնակչության ուսուցման այլ միջոցառումներ