Արցախի եւ Ադրբեջանի միջեւ ռազմական գործողությունների օրերին էլ, ինչպես ցանկցած այլ ժամանակ, Արցախի փրկարար ծառայողները շարունակել են իրենց առաքելությունը մի քանի ճակատում: Նոյեմբերի 16-ից Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության աշխատանքներին միացել են նաեւ Ռուսաստանի փրկարարները:
ԱԻՊԾ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ, փ/ծ լեյտենանտ Հունան Թադեւոսյանի խոսքով՝ այս պահին Ստեփանակերտում եւ մյուս բնակավայրերում կատարվում են ականազերծման աշխատանքներ: Մասնակցում են նաեւ ռուս սակրավորները, իսկ մյուս ջոկատները կատարում են այլ փրկարարական գործողություններ։
ԱԻՊԾ տնօրեն, գեներալ-մայոր Կարեն Սարգսյանի առաջարկով ստեղծվել է միջգերատեսչական հանձաժողով՝ բաղկացած 6 աշխատանքային խմբից։ Պատերազմական գործողություններից վնասված շենք-շինությունների ու ենթակառուցվածքների վերանորոգման, վերակառուցման նպատակով կատարվում է վնասների գույքագրում եւ չափագրում:
Հետպատերազմական այս ժամանակահատվածում ամենադժվար աշխատանքը վերապահված է փրկարարներին: ՌԴ խաղաղապահ զորակազմի միջամտությամբ՝ հայկական եւ ադրբեջանական կողմերի համաձայնությամբ, փրկարարներն իրականացնում են զոհված զինծառայողների մարմինների որոնում, իսկ դիերի փոխանակման գործը համակարգում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեն:
911 ճգնաժամային կառավարման կենտրոնը շարունակում է աշխատել արտակարգ ռեժիմով։ Արցախ վերադարձած ընտանիքներին ծառայությունը տրամադրում է պարեն ու անհրաժեշտ պարագաներ: Միայնակ ու սահմանափակ կարողություն ունեցող քաղաքացիներին օգնություն հասցվում է առաքումով։
«Արցախը կամաց-կամաց փորձում է վերադառնալ նախկին կյանքին: Համակերպվելը դժվար է․ մեր սրտի չափ հայրենիքը դարձավ ցորենի հատիկի չափ։ Այնուամենայնիվ փորձում ենք ուղղել մեջքը եւ շարունակել ապրել՝ լուսավոր գալիքի հավատով»,- ամփոփում է Հունան Թադեւոսյանը։
Անի ԱՆՏՈՆՅԱՆ