Գլխավոր Հրշեջ-փրկարարներ «Լավագույն լեռնափրկարար-2018»․ Պողոս Հակոբյան

«Լավագույն լեռնափրկարար-2018»․ Պողոս Հակոբյան

3217
Տարածել

2011 թվականից անցկացվող «Արիության համաստեղություն» հանրապետական փառատոնում 2018 թվականին «Լավագույն լեռնափրկարար» է ճանաչվել Լոռու մարզային փրկարարական վարչության Վանաձորի թիվ 1 հրշեջ փրկարարական ջոկատի ավագ հրշեջ՝ լեռնափրկարար, փ/ծ ավագ սերժանտ Պողոս Հակոբյանը։

«Ընտանիքումս բոլորը բժիշկ են, միակ «թամբալը» ես դուրս եկա։ Լեռների ու ձորերի մեջ եմ մեծացել, իմը սպորտն է ու էքստրիմը»,- լոռեցուն հատուկ հումորով ասում է վանաձորցի, 31-ամյա Պողոս Հակոբյանը։

Պողոսը ռազմական կրթություն ունի, զինվորական ծառայության ընթացքում բազմաթիվ խրախուսանքների է արժանացել։ Տասը տարի պրոֆեսիոնալ բռնցքամարտով է զբաղվել, քիքբոքսինգ եւ ֆուլ-կոնտակտ կարատե մարզաձեւերում Հայաստանի չեմպիոն է։ Ներկայումս վանաձորցի երիտասարդների հետ սպորտային եւ հրաձգային պարապմունքներ է անցկացնում։ Առողջ ապրելակերպը երիտասարդի համար աստիճան է դեպի նոր բարձունքներ։ Ֆուտբոլն ու հեծանվային արշավները հանգստյան օրերի պարտադիր զբաղմունքներն են։

2012 թվականին ծառայության է անցել Վանաձորի հատուկ ջրափրկարարական ջոկատում։ Մեկ տարի անց ջոկատը կազմալուծվեց, եւ Պողոսը գործուղվեց Սոչի՝ լեռնափրկարարների վերապատրաստման դասընթացի մասնակցելու։ Ամեն անգամ Վանաձորի լճի ափերին զբոսնելիս նախկին ջրասուզակի աչքի առջեւ են գալիս մանկության օրերն ու մարդիկ, որոնք փրկվել են իր շնորհիվ։ «Փրկարարի աշխատանքում ամեն ինչ հաշվարկել է պետք՝ տուժածին մոտենալու թույլատրելի հեռավորությունը, ձորն ընկած մեքենայի ճիշտ ամրակապումը, սեփական անվտանգությունդ։ Եղել է՝ բարձրահարկ շենքում աշխատանք կատարելիս մետաղյա թիթեղը վնասել է պարանը, կամ լուսարձակի մարտկոցի «նստելու» պատճառով գլորվել ես ձորը։ Ամեն ահազանգի հետ հոգեբանական լարվածություն ես ապրում եւ միայն գործն ավարտելուց հետո՝ հանգստանում։ Փրկարար դառնալու համար պետք է մի քիչ խենթ լինել», — նշում է փորձառու լեռնափրկարարը։

Լոռու մարզով ձգվող Փամբակի լեռնաշղթան բազմաթիվ վտանգներ ունի։ Գարնանը կանայք Մայմեխ լեռան փեշերին ազնվամորի հավաքելու են գնում։ Լեռը քարքարոտ է, ճանապարհները՝ դժվարանցանելի։ Երկու տարի առաջ ջոկատն ահազանգ էր ստացել եւ երկարատեւ որոնումներից հետո գտել ձորն ընկած կնոջը՝ ոտքի կոտրվածքով։ Փրկարարի խոսքով՝ Մայմեխն ուժեղ մագնիսական դաշտ ունի․ տեղանքում քայլելը դժվար է, փրկարարական աշխատանքները՝ առավել եւս։ Քիչ չեն դեպքերը, երբ լեռներում արշավականներ են մոլորվում․ այս պարագայում ֆիզիկական պատրաստությունը բավարար չէ, օգնության են հասնում ժամանակակից կապի միջոցները։ Առաջին օգնություն ցուցաբերելիս Պողոսը հաճախ բժշկուհի մոր՝ Սուսաննայի խորհրդին է դիմում։

Հերթափոխից ազատ ժամանակը նվիրում է ընտանիքին, ճամփորդություններին, որսորդությանը։ Իր հարազատ Վանաձորից այն կողմ կյանքը չի պատկերացնում։ Ասում է՝ մեծ քաղաքներում աղմուկը շատ է, մարդ իրենց մենակ է զգում, իսկ Վանաձորում բոլորը միմյանց բարեկամ են՝ պատրաստ ամեն պահի «մատիդ փուշը հանելու»։

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները տրամադրել է Պողոս Հակոբյանը

«Արիության համաստեղություն-2018» մրցույթի այլ հաղթողներ.

«Լավագույն հրշեջ-փրկարար» Մարատ Միրզոյան

«Լավագույն փրկարար» Կարեն Ավետիսյան