Գլխավոր Նորություններ ՀԱՊԿ ԱԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏՈՒՄ

ՀԱՊԿ ԱԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏՈՒՄ

696
Տարածել

Մինսկում անցկացվեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների արտակարգ իրավիճակների համակարգող խորհրդի (ԱԻՀԽ) 10-րդ նիստը:

Խորհրդի նիստերին մասնակցում էին ՀԱՊԿ անդամ պետությունների արտակարգ իրավիճակների հարցերով գերատեսչությունների ղեկավարները: Նիստերն անցկացվում են տարին մեկ անգամ:

Հոկտեմբերի 17-ին գումարված նիստին մասնակցում էր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում էին ՀՀ ԱԻՆ աշխատակազմի փրկարար ծառայության կազմակերպման վարչության հատուկ պահպանության բաժնի հրահանգիչ Վահան Խորխոռունին, նախարարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջազգային համագործակցության բաժնի պետ Աղվան Սարգսյանը:

Նիստի օրակարգում ընդգրկված հիմնական հարցերը վերաբերում էին բնական և տեխնածին արտակարգ իրավիճակների դեպքում միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության խորացմանը՝ աղետներից տուժածներին օգնություն ցուցաբերելու ուղղությամբ, ՀԱՊԿ-ի հետ համատեղ կազմակերպվող հատուկ տակտիկական ուսումնավարժանքների, ուսումնամեթոդական հավաքների անցկացմանը: Նիստում քննարկվեցին 2017-ի պլանին համապատասխան փոխգործակցության արդյունքները, 2018-2020 թվականներին փոխգործակցության համակարգման պլանի՝ խոշոր աղետների դեպքում համատեղ արձագանքման և աղետների հետևանքների վերացման նախագիծը:

Նիստին ելույթով հանդես է եկել նախարար Դավիթ Տոնոյանը: Նա խոսել է ՀՀ ԱԻՆ հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի գործունեության, կարողությունների և տարածաշրջանում աղետներին արձագանքելու հնարավորությունների և զարգացման հեռանկարների մասին:

Հայաստանի պատվիրակությունը հետևել է նաև հոկտեմբերի 18-19-ին Բելառուսում անցկացվող «Ճառագայթային վթարներին հակազդման» հրամանատարաշտաբային վարժանքներին:

ԱԻՀԽ 9-րդ նիստը գումարվել էր նախորդ տարի Երևանում, որտեղ ՀԱՊԿ ԱԻՀԽ նախագահությունը փոխանցվել էր մեր երկրին:

Անդամ պետությունների համագործակցությունը արտակարգ իրավիճակների մասին նախազգուշացման և դրանց հետևանքների վերացման ոլորտում Կազմակերպության գործունեության գլխավոր ուղղություններից է:

ԱԻՀԽ շրջանակներում մշտական աշխատանքներ են տարվում ՀԱՊԿ-ի արտակարգ իրավիճակներին կոլեկտիվ արձագանքման համակարգում, ընթանում է համագործակցություն մասնագետների պատրաստման և նրանց ունակությունների կատարելագործման, համատեղ ուսումնավարժանքների և մրցույթների անցկացման, ինչպես նաև միասնական գիտատեխնիկական քաղաքականության ձևավորման ու արտակարգ իրավիճակների մասին նախազգուշացման և դրանց հետևանքների վերացման տեղեկատվության փոխանակման ոլորտներում:

ՀԱՊԿ անդամ պետությունների բնական և տեխնածին արտակարգ իրավիճակներին արձագանքման բնագավառում համագործակցության մեխանիզմների ձևավորման գործընթացն սկսվեց 2006-ի հունիսյան նստաշրջանում, որի արդյունքում էլ 2007-ին ստեղծվեց ՀԱՊԿ ԱԻՀԽ-ն: Նիստերն անցկացվում են տարին մեկ անգամ:

«ՀԱՊԿ ԱԻ համակարգող խորհրդի ստեղծումից անցել է 10 տարի: Պատմության համար կարճ ժամանակաշրջան է, բայց այդ ընթացքում մենք մեծ ճանապարհ ենք անցել: Արտակարգ իրավիճակներին դիմակայելու համար այսօր կարևոր է միավորել ուժերը, համատեղ միջոցներով կատարելագործել աղետների դեմ պայքարի մեխանիզմները նոր տեխնոլոգիաներով, պատրաստել բարձրակարգ փրկարար-մասնագետներ: Այսօր բոլորին է պարզ արտակարգ իրավիճակներին միայնակ դիմակայելը ցանկացած պետության համար մեծ դժվարություն է՝ մեծ ջանքեր ու միջոցներ են պահանջում: Անհրաժեշտ են համատեղ գործողություններ: Նիստում քննարկվում էին այս հարցերը, փոխգործակցության այս մեխանիզմները ձևավորելու, դրանք շարժի դնելու հնարավորությունները»,- լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀԱՊԿ ԱԻՀԽ նախագահությունը ստանձնած Բելառուսի ԱԻ նախարար Վլադիմիր Վաշչենկոն: