Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Փրկարարները 383 կանչի են արձագանքել

Փրկարարները 383 կանչի են արձագանքել

101
Տարածել

2023 թվականի ապրիլի 24-30-ը ժամանակահատվածում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության ստորաբաժանումները արտակարգ իրավիճակների, դեպքերի ու պատահարների վերաբերյալ 383 ահազանգի են արձագանքել: Շատ դեպքերում փրկարարները դեպքի վայր մեկնելուն զուգահեռ տեղեկությունը փոխանցել են այլ ծառայության. շտապօգնություն, «Վեոլիա Ջուր», էլցանց, գազի վթարային ծառայություն, կանաչապատման ծառայություն, ոստիկանություն եւ այլն:

Անցած շաբաթ գրանցվել է 43 հրդեհ: Այրվել են տան գույք, շինությունների փայտյա կառուցատարրեր, շինանյութ, անասնակեր, բուսածածկ տարածքներ, աղբ, ջերմահարվել են պտղատու եւ դեկորատիվ ծառեր: Գրանցվել է նաեւ հրդեհի 18 կեղծ ահազանգ:

Անցած շաբաթ փրկարարները 143 կենցաղային կանչ են ստացել, որից մոտ 80-ը՝ փակ դուռ բացելու վերաբերյալ: Վատառողջ, ծանրաքաշ, սակավաշարժ քաղաքացուն բնակարանից իջեցնելու, բնակարան բարձրացնելու կամ բնակարանում տեղից տեղ տեղափոխելու կանչեր են սպասարկվել Երեւանի Արաբկիր, Նոր նորք, Էրեբունի, Շենգավիթ, Կենտրոն, Նուբարաշեն, Շենգավիթ, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններում, Կոտայքում, Արմավիրում, Գեղարքունիքում, Շիրակում, Լոռիում: Տարբեր վայրերում արգելափակված (դիտահոր, վերելակի հորան, նկուղ, տանիք, շենքի օդատար-ծխատար, անձրեւաջրերի հեռացման խողովակ, մեքենայի շարժիչի տակ, ջրանցք եւ այլն) մի շարք կենդանիներ են ազատվել: Բնակավայրերի տարբեր մասերում՝ փողոցներ, բակեր, բնակիչներին անհանգստացնող շներին եւ կատուներին փրկարարները հեռացրել են անվտանգ տարածք: Բնակարաններում, գրասենյակներում եւ փակ այլ տարածքներում օձ նկատելու վերաբերյալ 7 կանչ է ստացվել: 4 դեպքում փրկարարները բռնել են օձերին եւ տեղափոխել անվտանգ տարածք: Տարբեր վայրերում, տարբեր պատճառներով արգելափակված մեքենաների վերաբերյալ 15 կանչ է ստացվել: Բոլոր դեպքերում փրկարարները ազատել են  մեքենաները, անվտանգ տարածք է տեղափոխվել 22 մարդ:

Անցած շաբաթ փրկարարները տարբեր ուսումնական, առողջապահական հաստատություններում, համայնքապետարաններում, մասնավոր հիմնարկներում կազմակերպել են «Հրդեհաշիջումը նախադպրոցական հաստատություններում», «Հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպումը եւ իրականացումը քիմիական արտադրամասում», «Հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպումը եւ իրականացումը դպրոցում», «Ծխապատ գոտում հակածխային օղակի աշխատանքը», «Հրդեհաշիջումը անտառում», «Երկրաշարժի ժամանակ բնակչության վարվելակերպի կանոները եւ տարհան­ման կազմակերպումը», «Ազդարարում, տարհանում եւ պատսպարում», «Օդային տագնապ ազդանշանի դեպքում բնակչության պատսպարման կազմակերպումը», «Հրդեհաշիջման եւ տարհանման աշխատանքների կազմակերպումն ու իրա­կանացումը գրադարանում բռնկված հրդեհի դեպքում» եւ այլ թեմաներով դասախոսություններ, ուսումնավարժություններ եւ գործնական պարապմունքներ: