Գլխավոր ՀՀ ՆԳՆ Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության ոլորտում 2022 թվականին իրականացված հիմնական աշխատանքները

Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության ոլորտում 2022 թվականին իրականացված հիմնական աշխատանքները

110
Տարածել

Ապրիլի 27-ին ՀՀ կառավարությունը հաստատեց Հայաստանի հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը եւ այն սահմանված կարգով կներկայացնի Ազգային ժողովի հաստատմանը: Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության բնագավառում իրականացվող քաղաքականությունը նպատակաուղղված է եղել բնական եւ մարդածին աղետների ռիսկի նվազեցմանը, հետեւանքների կանխարգելմանը եւ վերացմանը: 2022 թվականին իրականացվել են հետեւյալ հիմնական աշխատանքները:

  • 2022 թվականի սեպտեմբերի 4-ին Հայկական քաղաքային որոնողափրկարարական թիմը վերաորակավորվել եւ ստացել է հավաստագիր 5 տարի ժամկետով` երկարաձգելով ՄԱԿ-ի «Որոնողափրկարարական հարցերով միջազգային խորհրդատվական խմբի» (The International Search and Rescue Advisory Group՝ INSARAG) արտաքին որակավորումը:
  • ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի վտանգների նվազեցման գործակալության «Քիմիական, կենսաբանական, ճառագայթային եւ միջուկային անվտանգության ոլորտում համագործակցության» ծրագրի (ՔԿՃՄ-ԱՀԾ) (բյուջեն՝ 4,6 միլիոն ԱՄՆ դոլար) շրջանակներում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը տրամադրվել է մոտ 1,7 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ քիմիական, կենսաբանական, ճառագայթային եւ միջուկային հետախուզության, մարդկանց եւ տարածքների վարակազերծման գույք եւ համապատասխան տեխնիկական միջոցներ: Ծրագրի շրջանակներում իրականացվել են 8 վերապատրաստման դասընթաց, վերապատրաստում է անցել 151 փրկարար ծառայող, որից 20-ը՝ արտերկրում։
  • 2022 թվականին փրկարար ծառայության կարիքների համար ձեռք են բերվել «Mavic 2 Enterprise Advanced» եւ «DJI Matrice 30» տեսակների անօդաչու թռչող սարքեր:
  • Փրկարար ծառայությունը համալրվել է 17 ԱԹՍ-ով, 2 ստորջրյա դրոնով, 2 գիշերային տեսանելիության սարքով, 1 լազերային թեոդոլիտ սարքով, 1 միավոր «Մագիրուս» մակնիշի հրշեջ-ավտոմեքենայով, 1 միավոր «Պոլարիս» մակնիշի կվադրոցիկլով, 1400 հատ (լրակազմ) հրշեջ համազգեստով: Փրկարար ծառայության տեխնիկական հագեցվածության բարելավման նպատակով պետական բյուջեից հատկացվել է 782,8 միլիոն դրամ: Նշված գումարով ձեռք է բերվել 8 միավոր «ՈՒԱԶ Պատրիոտ կլասիկ» մակնիշի եւ 11 միավոր «ՈՒԱԶ Պիկապ» մակնիշի ավտոմեքենա: Ռուսաստանը որպես հումանիտար օգնություն տրամադրել է 6 միավոր «ՈՒՐԱԼ 5557» մակնիշի, 5 միավոր «ՈՒԱԶ ТР ТС 018/2011» մակնիշի ավտոմեքենա եւ 13 լրակազմ հիդրավլիկ գործիքների հավաքածու: 9 մեքենա եւ 7 լրակազմ հիդրավլիկ գործիքների հավաքածու հատկացվել են Արցախի Հանրապետությանը։
  • Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության դրամաշնորհով (3500 ԱՄՆ դոլար) ձեռք են բերվել 109 հատ մարտկոցով եւ միաժամանակ մեխանիկական եղանակով աշխատող ուսակիր սրսկիչ, որոնք կարելի է օգտագործել անտառային հրդեհների մարման ժամանակ:
  • «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ի եւ Ֆրանսիայի ատոմային եւ այլընտրանքային էներգիայի կոմիսարիատի (CEA) Շրջակա միջավայրի վերահսկողության եւ վերլուծության դեպարտամենտի (DASE) միջեւ համագործակցության արդյունքում սեյսմիկ վտանգի գնահատման ոլորտում ներկայումս ՀՀ տարածքում գործում է 6 սեյսմոլոգիական Guralp տեսակի ժամանակակից կայան, իսկ Վայոց ձորի մարզի Վայք համայնքում` «Վայք» սեյսմիկ կայանների փունջ, որոնք տեղադրվել են ֆրանսիական կողմի աջակցությամբ: Այդ սեյսմիկ կայանների տվյալները ստացվում են առցանց եղանակով, մշակվում եւ պահպանվում են Գառնիի երկրաֆիզիկական դիտարանում գտնվող տվյալների կենտրոնում:
  • ՀՀ պետական բյուջեի միջոցներով (509 միլիոն դրամ) «Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնում» այս տարի կկառուցվի անգարատիպ բազմաֆունկցիոնալ վարժահամալիր, ինչը թույլ կտա տեղում կազմակերպել ինչպես մեր մասնագետների բազմակողմանի ուսուցումը եւ վերապատրաստումը, այնպես էլ պայմանագրային հիմունքներով արտերկրի, այդ թվում՝ նաեւ Քաղաքացիական պաշտպանության միջազգային կազմակերպության կողմից գործուղված մասնագետների ուսուցումը։
  • Ռուսաստանի ֆինանսավորմամբ ՌՀՄԱԿ-ում տկտեղակայվի ուսումնական 3 մոդուլ՝ նախատեսված փրկարարական տարբեր ուղղություններով մասնագետների գործնական հմտությունների ուսուցանման համար:
  • «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի» միջին մասնագիտական կրթական ծրագրում ներդրվել է «Հեռակառավարվող սարքերը որոնողափրկարարական աշխատանքներում» նոր մասնագիտություն: Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը երաշխավորվել է ՃԿՊԱ-ում մշակված «Ճգնաժամ հաղթահարողներ» 2-րդ, 3-րդ, 4-րդ եւ 5-րդ դասարանների ուսուցչի ձեռնարկները:

Հրապարակման պատրաստեց Արամ ԶԱՔԱՐՅԱՆԸ