Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Փրկարարները 400 կանչի են արձագանքել

Փրկարարները 400 կանչի են արձագանքել

98
Տարածել

2023 թվականի ապրիլի 10-16-ը ժամանակահատվածում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության ստորաբաժանումները արտակարգ իրավիճակների, դեպքերի ու պատահարների վերաբերյալ 400 ահազանգի են արձագանքել: Շատ դեպքերում փրկարարները դեպքի վայր մեկնելուն զուգահեռ տեղեկությունը փոխանցել են այլ ծառայության. շտապօգնություն, «Վեոլիա Ջուր», էլցանց, գազի վթարային ծառայություն, կանաչապատման ծառայություն, ոստիկանություն եւ այլն:

Անցած շաբաթ գրանցվել է 50 հրդեհ: Այրվել են տան գույք, շինությունների փայտյա կառուցատարրեր, շինանյութ, անասնակեր, բուսածածկ տարածքներ, աղբ, ջերմահարվել են պտղատու եւ դեկորատիվ ծառեր: Գրանցվել է նաեւ հրդեհի 23 կեղծ ահազանգ:

Անցած շաբաթ փրկարարները 157 կենցաղային կանչ են ստացել, որից մոտ 70-ը՝ փակ դուռ բացելու վերաբերյալ: Վատառողջ, ծանրաքաշ, սակավաշարժ քաղաքացուն բնակարանից իջեցնելու, բնակարան բարձրացնելու կամ բնակարանում տեղից տեղ տեղափոխելու կանչեր են սպասարկվել Երեւանի Ավան, Դավիթաշեն, Նոր նորք, Շենգավիթ, Մալաթիա-Սեբաստիա, Կենտրոն վարչական շրջաններում, Լոռիում, Կոտայքում, Արմավիրում, Շիրակում: Տարբեր վայրերում արգելափակված (դիտահոր, վերելակի հորան, նկուղ, տանիք, շենքի օդատար-ծխատար, անձրեւաջրերի հեռացման խողովակ, մեքենայի շարժիչի տակ, ջրանցք եւ այլն) մի շարք կենդանիներ են ազատվել: Բնակավայրերի տարբեր մասերում՝ փողոցներ, բակեր, բնակիչներին անհանգստացնող շներին եւ կատուներին փրկարարները հեռացրել են անվտանգ տարածք: Բնակարաններում, գրասենյակներում եւ փակ այլ տարածքներում օձ նկատելու վերաբերյալ 8 կանչ է ստացվել: Երեք դեպքում փրկարարները բռնել են օձերին եւ տեղափոխել անվտանգ տարածք: Տարբեր վայրերում, տարբեր պատճառներով արգելափակված մեքենաների վերաբերյալ 20 կանչ է ստացվել: Բոլոր դեպքերում փրկարարները ազատել են  մեքենաները, անվտանգ տարածք է տեղափոխվել 42 մարդ:

Անցած շաբաթ փրկարարները տարբեր ուսումնական, առողջապահական հաստատություններում, համայնքապետարաններում, մասնավոր հիմնարկներում կազմակերպել են «Հրդեհաշիջման կազմակերպումը քիմիական արտադրամասի անալիտիկ լաբորատորիայում», «Հրդեհաշիջման աշխատանք­ների կազմակերպումն եւ իրականացումը ատոմակայանի քիմիական արտադրամասի լաբորատո­րային կից բոցոֆոտոմետիայի սենյակում», «Բնակչության ազդարարում, տարհանում, պատսպարում», «Երկրաշարժի ժամանակ բնակչության վարվելակերպի կա­նոնները», «Հրդեհաշիջում, տարհանում եւ առաջին օգնության կազմակերպումը ուսումնական հաստատություններում», «Բնակչության պաշտպանության միջոցառումների իրականացումը համաճարակների առաջացման դեպքում», «Հրդեհաշիջումը բազմաբնակարան շենքի երկրոդ հարկում» եւ այլ թեմաներով դասախոսություններ, ուսումնավարժություններ եւ գործնական պարապմունքներ: