Գլխավոր Վերլուծություն Երկուսը մեկում. Հանգիստ եւ «Քաղված դասեր» քննարկում Ծաղկաձորում

Երկուսը մեկում. Հանգիստ եւ «Քաղված դասեր» քննարկում Ծաղկաձորում

449
Տարածել

Հայկական կարմիր խաչի ընկերությունն (ՀԿԽԸ) իրականացրել է հետաքրքիր ծրագիր։ Սուրմալուի պայթյունից հետո որոնողափրկարարական աշխատանքներ կատարած խաչական կամավորներն ու փրկարար ծառայողները՝ 80 հոգի, երկու խմբով (նոյեմբերի 20-24-ը եւ 24-28-ը) որպես խրախուսանք, հնարավորություն ունեցան  հանգստանալու Ծաղկաձորում։

ՀԿԽԸ լրատվական եւ լուսաբանման բաժնի վարիչ Նունե Գրիգորյանի խոսքով՝  նախաձեռնության նպատակներից մեկն էր հետագա լայնամասշտաբ արտակարգ իրավիճակներում սերտացնել Հայկական կարմիր խաչի եւ ԱԻՆ փրկարար ծառայության համագործակցությունը։

Մասնակիցների հետ աշխատել էր նաեւ հոգեբանը։ «Ինչպես գիտենք՝ զոհերի թվում կար երեխա, երիտասարդներ։ Բացի դրանից՝ եղանակային պայմանները դժվարեցնում էին որոնողական աշխատանքը։ Սա մեր կամավորների առաջին մեծ աշխատանքն էր։ Առողջական լուրջ հետեւանքներ չեն արձանագրվել, միայն ընդհանուր ընկճվածություն, ինչի ուղղությամբ պարբերաբար վերականգնողական աշխատանքներ են տարվում»,- մանրամասնեց Նունե Գրիգորյանը։

Եռօրյա հանգստի մեկ օրը նվիրված էր «Քաղված դասեր» խորագրով աշխատաժողովին, որը վարում էր ՀԿԽԸ Ստեփանավանի տարածքային մասնաճյուղի նախագահ, Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի միջին մասնագիտական կրթական ծրագրի ղեկավար, միջազգային կարգի փրկարար Արմեն Առաքելյանը։

Երեք մակարդակում քննարկվեցին աղետի գոտում կատարված աշխատանքը, դրական ու բացասական կողմերը։ Մասնակիցներն ավելի խորքային ծանոթացան միմյանց գործառույթներին, տեխնիկական հնարավորություններին։ Փրկարարները բարձր գնահատեցին խաչականների աշխատանքը, որն իր մեջ ներառում էր թե՛ փրկարարություն, թե՛ առաջին օգնություն, թե՛ դիերի հետ աշխատանք։

«Հայկական կարմիր խաչի ընկերության գրասենյակը Սուրմալուի դեպքից հետո ցանկություն էր հայտնել, որ իրենց համար փլատակներում աշխատելու վերաբերյալ դասեր կազմակերպվեն: Աշխատաժողովն անցավ շատ ակտիվ»,- ամփոփեց Արմեն Առաքելյանը։

Աշխատաժողովի ժամանակ մասնակիցները ներկայացրել են դեպքի հետ կապված իրենց առաջարկները, որոնք առանձին կվերլուծվեն եւ հաշվի կառնվեն հետագայում։

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարը տրամադրել է Արմեն Առաքելյանը

Հ.Գ. Հիշեցնենք, որ Սուրմալու տոնավաճառում պայթյունից հետո իրականացված որոնողափրկարարական աշխատանքների ավարտից հետո արտակարգ իրավիճակների նախարարի հրամանով շնորհակալագրեր եւ պատվոգրեր ստացան ոչ միայն փրկարարները, այլ նաեւ՝ մի շարք քաղաքացիներ, ոստիկաններ, Հայկական կարմիր խաչի ընկերության եւ այլ կազմակերպությունների աշխատակիցներ: