Գլխավոր Միջոցառումներ ԱԻՆ ներկայացուցիչները մասնակցել են Պեկինում անցկացված դասընթացին

ԱԻՆ ներկայացուցիչները մասնակցել են Պեկինում անցկացված դասընթացին

2489
Տարածել

Դեկտեմբերի 3-23-ը Պեկինում  անցկացվող «Երկրաշարժերի ժամանակ արձագանքումն ու փրկարարական աշխատանքները զարգացող երկրների համար» դասընթացին Չինաստանի Կարմիր Խաչի ասոցիացիայի հրավերով, ի թիվս տասնյակ երկրների, մասնակցել է նաեւ հայկական պատվիրակությունը՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ԱԻ քաղաքականության մշակման եւ միջազգային համագործակցության վարչության երկրորդ բաժնի պետ Սոնա Հովհաննիսյանը, ԱԻՆ Փրկարար ծառայության քաղաքացիական պաշտպանության վարչության պետի տեղակալ, փ/ծ գնդապետ Արման Ասատրյանը, ՓԾ Բնակչության պաշտպանության եւ աղետների հետեւանքների վերացման կազմակերպման վարչության պետի  տեղակալ, փ/ծ գնդապետ Արմեն Դաշյանը, Փրկարար ուժերի վարչության Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատի հրամանատար, փ/ծ մայոր Կարեն Ավետիսյանը։

Մասնակիցները ծանոթացել են չինարենին, սովորել գրել եւ նկարել հիերոգլիֆներով, ուսումնասիրել Չինաստանի աղետների կառավարման համակարգը, Չինաստանի Կարմիր խաչի ասոցիացիայի գործունեությունը, որոնողափրկարարական թիմի (CISAR) հնարավորությունները եւ տեխհագեցվածությունը։ Խոսվել է նաեւ Չինաստանի տնտեսության, աշխարհագրական սահմանների, «Մեկ գոտի, մեկ ուղի» (One belt, one road) բաց տնտեսական եւ դիվանագիտական նախաձեռնության մասին, որին անդամակցում է նաեւ Հայաստանը։

Յուրաքանչյուր երկիր հանդես է եկել արձագանքման եւ աղետների ռիսկի կառավարման սեփական քաղաքականության մասին զեկույցով։ Հայ փրկարարները պատմել են ԱԻՆ կառուցվածքի, խնդիրների եւ գործունեության, ինչպես նաեւ՝ ՄԱԿ-ի «Որոնողափրկարարական հարցերով միջազգային խորհրդատվական խմբի»՝ INSARAG-ի չափանիշներին համապատասխան քաղաքային որոնողափրկարարական   ՔՈՓ, թիմերի մասին։ Այլազգի մասնագետները ՔՈՓ թիմերի ծավալած վրանային ավանը գնահատել են գերազանց։ Ընդհանուր առմամբ՝ հայերն առանձնացել են իրենց գիտելիքով, ջերմ եւ ուշադիր վերաբերմունքով:

Կազմակերպվել  է նաեւ ճանաչողական այց Չինաստանի Կարմիր խաչի ասոցիացիայի 999 արձագանքման կենտրոնի Պեկինի մասնաճյուղ, Չինաստանի Կարմիր խաչի գլխամաս, հրդեհային անվտանգության թանգարան: «Ամեն ինչ այնքան լավ էր մշակված, որ ոչ ոք չհոգնեց դասընթացից։ Բոլորս դարձել էինք մի ընտանիքի պես։ Ձմռանը Պեկինում շատ ցուրտ է, սակայն օլիմպիական խաղերի նախապատրաստական տրամադրությունից անմասն մնալ չի լինում»,- վերհիշում է Սոնա Հովհաննիսյանը։

Էքսկուրսիոն ծրագրի շրջանակում մասնակիցներն այցելել են Չինական մեծ պատ, Պեկինի կենդանաբանական այգի, Օլիմպիական ավան, «Արգելված քաղաք», Շաոշան քաղաքում գտնվող Մաո Ցզեդունի տուն-թանգարան եւ ապակե կամուրջ։

Դասընթացի ավարտին հայ պատվիրակների շնորհակալական խոսքը հուզել է շատերին․ արդեն արված է միասին «հազարավոր մղոն ճամփորդելու» առաջին փոքր քայլը՝ համագործակցությունը, որը շարունակական կլինի։

Պեկինից փրկարարները վերադարձել են վկայագրերով,  առաջին օգնության գույքով եւ գրականությամբ։

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները տրամադրել են մասնակիցները