Գլխավոր Վերլուծություն Վերապատրաստվել են հրշեջ-փրկարարներն ու բուժաշխատողները

Վերապատրաստվել են հրշեջ-փրկարարներն ու բուժաշխատողները

272
Տարածել

ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի (ՄԱԲՀ) եւ «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ» (ԱՌՆԱՊ) հիմնադրամի համագործակցության շրջանակում, «Արտակարգ իրավիճակներում վերարտադրողական առողջության նվազագույն նախնական ծառայությունների փաթեթ» ծրագրով 2022 թվականին արտակարգ իրավիճակներում վերարտադրողական առողջության հիմնախնդիրների վերաբերյալ մեկօրյա վեց դասընթաց է անցկացվել Արարատի մարզի Մասիս, Արտաշատ եւ Արարատ խոշորացված համայնքների հրշեջ-փրկարարների եւ բուժաշխատողների համար, որոնց մասնակցել է 65 բուժաշխատող եւ 57 հրշեջ-փրկարար: Դասընթացները վարել են վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի ոլորտի բարձրակարգ մասնագետները:

Դասընթացների նպատակն է արագ արձագանքման ուժերին փոխանցել գիտելիքներ ու հմտություններ, որոնք թույլ կտան արտակարգ իրավիճակում հղիներին ու ծննդաբերող կանանց ցուցաբերել անհետաձգելի վերարտադրողական ծառայություն՝ դրանով նվազեցնելով մայրական ու նորածնային մահացության եւ հիվանդացության մակարդակը։

Դասընթացի ընթացքում քննարկվել են ճգնաժամային իրավիճակներում կանանց առանձնահատուկ կարիքներն ու վերարտադրողական առողջության հետ կապված խնդիրները, ճգնաժամային իրավիճակներում սեռական բռնության, սեռավարակների տարածման, մայրական եւ նորածնային մահերի, անցանկալի հղիությունների ռիսկի մեծացման հավանականությունը։ Մասնակիցներին ներկայացվել է «Նվազագույն նախնական ծառայությունները»՝ MISP ռազմավարությունը (արձագանքման մեխանիզմը), որը լայնամասշտաբ արտակարգ իրավիճակների ժամանակավոր լուծում է, երբ առկա է առողջապահական ծառայություններ մատուցելու տեղական ռեսուրսի կորուստ։

Մասնակիցներին առաջադրվել են իրավիճակային խնդիրներ, ցուցադրվել են ծննդաբերության մասին տեսաֆիլմեր, ներկայացվել է MISP «Մաքուր ծննդաբերության փաթեթը», որը նախատեսված է արտահիվանդանոցային պայմաններում հրատապ անհրաժեշտության պայմաններում ծննդօգնություն տրամադրելու համար:

Մասնակից բոլոր կառույցներին տրամադրվել են «Մաքուր ծննդաբերության փաթեթներ»՝ 37-ը՝ ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական ծառայության ստորաբաժանումներին, 17-ը՝ բնակավայրերում գործող փոքր բժշկական կազմակերպություններին։

Պատրաստեց ԱՆԻ ԱՆՏՈՆՅԱՆԸ

Լուսանկարները տրամադրել է «ԱՌՆԱՊ» հիմնադրամի ներկայացուցիչ Վահան Հարությունյանը

Հ.Գ. Նման վերապատրաստումներ անցկացվում են 2017 թվականից՝ ՄԱԲՀ ֆինանսավորմամբ եւ «ԱՌՆԱՊ» հիմնադրամի նախաձեռնութամբ։ Այլ մարզերում անցկացված գվերապատրաստումներ.

Վայոց ձոր

Սյունիք

Տավուշ

Շիրակ