Գլխավոր ՀՀ ՆԳՆ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ

ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ

828
Տարածել

Դասընթաց սյունեցի փրկարարների և բուժաշխատողների համար

Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ (ԱՌՆԱՊ) հիմնադրամի, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի և բնակչության հիմնադրամի Հայաստանի գրասենյակների համատեղ նախաձեռնությամբ, ՀՀ արտակարգ իրավիճակների և առողջապահության նախարարությունների աջակցությամբ այս տարվա ապրիլ-հունիս հատվածում Սյունիքի մարզի բուժհաստատությունների աշխատակիցների և փրկարարների համար կազմակերպվել է «Արտակարգ իրավիճակներում վերարտադրողական առողջության նվազագույն ծառայությունների փաթեթ» թեմայով հինգ դասընթաց՝ Կապան, Քաջարան, Մեղրի, Գորիս և Սիսիան քաղաքներում: Մեղրիի դասընթացին մասնակցել են նաև Ագարակ քաղաքի բուժաշխատողներն ու փրկարարները: Ընդհանուր թվով մասնակցել է 140 բուժաշխատող և 173 փրկարար՝ 150 կին, 169 տղամարդ մարզի բոլոր բուժհաստատություններից և փրկարար ծառայության ստորաբաժանումներից:

Արտակարգ իրավիճակներում բարձրանում է սեռական բռնության ռիսկը: Մասնագետները վստահ են, որ սեռական բռնության ենթարկվածի հետ պետք է աշխատի նույն սեռի բուժաշխատող: Նաև այս պատճառով է կարևորվում «Արտակարգ իրավիճակներում վերարտադրողական առողջության նվազագույն ծառայությունների փաթեթ» դասընթացին տղամարդկանց և կանանց հավասար մասնակցությունը:

Վերարտադրողական առողջության պահպանմանն ուղղված նախնական նվազագույն ծառայությունների փաթեթը արտակարգ իրավիճակների ժամանակ հղիներին և ծննդաբերող կանանց անհետաձգելի բուժօգնություն ցուցաբերելու առաջնահերթ և փոխկապակցված գործողությունների ամբողջություն է: Վիճակագրությունը մտահոգիչ է. ճգնաժամային իրավիճակներում հայտնված մարդկանց 4 տոկոսը հղի կանայք են, հղիների 15 տոկոսն ունի մանկաբարձական բարդություններ, այդ թվում՝ կյանքին սպառնացող խնդիրներ, մոտ 15 տոկոսն ունի կեսարյան հատմամբ ծննդաբերելու անհրաժեշտություն: Աֆրիկայում վերարտադրողական տարիքի 22 կնոջից, իսկ զարգացած երկրներում 7300 կնոջից մեկը մահանում է հղիության և ծննդաբերության հետևանքով: Վերարտադրողական տարիքի՝ սեռական կյանքով ապրող կանանց 75 տոկոսը գոնե մեկ անգամ վարակվել է տեղային և անվտանգ որևէ վարակով:

Այս թվերն են ստիպել միջազգային մակարդակներում բարձրացնել վերարտադրողական առողջության պահպանման հարցը, քայլեր ձեռնարկել արտակարգ իրավիճակներում գտնվողներին, հատկապես հղիներին ու ծննդաբերող կանանց անհետաձգելի առողջապահական ծառայություններ մատուցելու ուղղությամբ, ինչը կնպաստի մայրական ու նորածնային մահացության և հիվանդացության նվազեցմանն ու կանխարգելմանը: Միավորված ազգերի կազմակերպության և միջազգային այլ կառույցների մակարդակով խնդրի լուծման նպատակով բազմաթիվ փաստաթղթեր են ընդունվել. «Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիր», «Կանանց նկատմամբ բոլոր տեսակի խտրականությունների վերացման», «Ռասայական խտրականության  բոլոր տեսակների վերացման», «Երեխաների իրավունքների  մասին» կոնվենցիաներ, «Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքի պակտ» և այլն:

Սյունիքի մարզում կազմակերպված դասընթացների նպատակն էր զարգացնել փրկարարների և բուժաշխատողների կարողությունները, փոխանցել գիտելիքներ ու հմտություններ, որոնք թույլ կտան արտակարգ իրավիճակներում օգնության հասնել հղիներին ու ծննդաբերող կանանց:

Առողջապահության նախարարության մոր և մանկան առողջության պահպանման վարչության մայրական և վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանը բուժաշխատողների և փրկարարների համար առանձին զեկույցներ է ներկայացրել հենց վերը նշված թեմաներով: Բուժաշխատողների համար. «Սեռական և վերարտադրողական առողջությունը ճգնաժամային իրավիճակներում», «Միջազգային հիմնական հանձնարարականները  ճգնաժամային իրավիճակներում՝ մոր և մանկան առողջության պահպանման համար», «Սեռական բռնության ենթարկված անձանց բժշկական ծառայությունների տրամադրումը», «ՄԻԱՎ-ի կանխարգելումը ճգնաժամային իրավիճակներում», «Կոմպլեքսային ծրագրերի պլանավորումը սեռական ճանապարհով փոխանցվող վարակների (ՍՃՓՎ) և ՄԻԱՎ ոլորտներում», «Նվազագույն նախնական ծառայությունների փաթեթ աղետների ժամանակ վերարտադրողական առողջության ոլորտի խնդիրները հասցեագրելու համար»: Փրկարարների համար. «Սեռական և վերարտադրողական առողջությունը ճգնաժամային իրավիճակներում», «Նվազագույն նախնական ծառայությունների փաթեթ աղետների ժամանակ վերարտադրողական առողջության ոլորտի խնդիրները հասցեագրելու համար», «Արտակարգ իրավիճակներում հղի կանանց տրամադրվող անհետաձգելի բժշկական օգնություն»:

Դասընթացների կազմակերպիչների կարծիքով, արդյունքները դրական են: Հնարավորության դեպքում ծրագիրը կտարածվի Հայաստանի այլ մարզերում:

 

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ