Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Փրկարարները 915 կանչի են արձագանքել

Փրկարարները 915 կանչի են արձագանքել

1428
Տարածել

Օգոստոսի 29-ից սեպտեմբերի 4-ը ժամանակահատվածում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ստորաբաժանումները արտակարգ իրավիճակների, դեպքերի ու պատահարների վերաբերյալ 915 ահազանգի են արձագանքել: Շատ դեպքերում փրկարարները դեպքի վայր մեկնելուն զուգահեռ տեղեկությունը փոխանցել են այլ ծառայության. շտապօգնություն, «Վեոլիա Ջուր», էլցանց, գազի վթարային ծառայություն, կանաչապատման ծառայություն, ոստիկանություն եւ այլն:

Շոգ եղանակով պայմանավորված դեռ շատ են հրդեհները: Անցած շաբաթ գրանցվել է 406 հրդեհ: Այրվել են տան գույք, շինությունների փայտյա կառուցատարրեր, շինանյութ, անասնակեր, բուսածածկ տարածքներ, աղբ, ջերմահարվել են պտղատու եւ դեկորատիվ ծառեր: Գրանցվել է նաեւ հրդեհի 37 կեղծ ահազանգ:

Անցած շաբաթ փրկարարները 222 կենցաղային կանչ են ստացել, որից մոտ 130-ը՝ փակ դուռ բացելու վերաբերյալ: Վատառողջ, ծանրաքաշ, սակավաշարժ քաղաքացուն բնակարանից իջեցնելու, բնակարան բարձրացնելու կամ բնակարանում տեղից տեղ տեղափոխելու կանչեր են սպասարկվել Երեւանի — Աջափնյաk, Կենտրոն, Նոր նորք, Արաբկիր, Մալաթիա-Սեբաստիա, Շենգավիթ, Դավիթաշեն, Նորք-Մարաշ վարչական շրջաններում, Կոտայքում, Լոռիում, Արագածոտնում, Շիրակում, Արմավիրում: Տարբեր վայրերում արգելափակված (դիտահոր, վերելակի հորան, նկուղ, տանիք, շենքի օդատար-ծխատար, անձրեւաջրերի հեռացման խողովակ, մեքենայի շարժիչի տակ, ջրանցք եւ այլն) մի շարք կենդանիներ են ազատվել: Բնակավայրերի տարբեր մասերում՝ փողոցներ, բակեր, բնակիչներին անհանգստացնող շներին եւ կատուներին փրկարարները հեռացրել են անվտանգ տարածք: Բնակարաններում, գրասենյակներում օձ նկատելու մասին 40 ահազանգ է ստացվել: 19 դեպքում օձը հայտնաբերվել է: Փրկարարները բռնել են օձերին եւ տեղափոխել անվտանգ տարածք: Տարբեր վայրերում, տարբեր պատճառներով արգելափակված մեքենաների վերաբերյալ 10 կանչ է ստացվել: Բոլոր դեպքերում փրկարարները ազատել են մեքենաները, անվտանգ տարածք է տեղափոխվել 13 մարդ:

Անցած շաբաթ փրկարարները տարբեր ուսումնական, առողջապահական հաստատություններում, համայնքապետարաններում, մասնավոր հիմնարկներում կազմակերպել են «Հրդեհաշիջման եւ տարհանման միջոցառումների կազմակերպումն ու իրականացումը 220 ԿՎՏ բաց բաշխիչ սարքավորումների տարածքում յուղային անջատիչում կարճ միացման հետեւանքով առաջացած հրդեհի դեպքում», «Հրդեհաշիջման եւ տարհանման միջոցառումների կազմակերպումը եւ իրականացումը ուսումնական հաստատու­թյունում առաջացած հրդեհի դեպքում», «Տարհանման միջոցառումների կազմակերպումը հրդեհի դեպքում», «Հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպումը եւ իրականացումը մանկապարտեզում», «Երկրաշարժի հետեւանքով տուժած անձնակազմի տարահանում, առաջին բուժօգնության ցուցաբերում» եւ այլ թեմաներով ուսումնավարժություններ: