Գլխավոր Միջոցառումներ Անտառային հրդեհների կանխարգելման միջոցառումներ՝ Տավուշում

Անտառային հրդեհների կանխարգելման միջոցառումներ՝ Տավուշում

3143
Տարածել

Օգոստոսի 18-ից «Դիլիջան» ազգային պարկի տարածքում գտնվող «Պարզ լիճ» եւ Հաղարծին բնակավայրի հանգստյան գոտիներում Տավուշի մարզային փրկարարական վարչությունը շրջիկ մեքենաներով իրականացնում է բնակչության իրազեկում հակահրդեհային կանոնների պահպանման վերաբերյալ։

Վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնի ավագ հրահանգիչ, փ/ծ լեյտենանտ Նարեկ Սաֆարյանի խոսքով՝ կորոնավիրուսի պատճառով սահմանափակումներով պայմանավորված՝ այս տարի աննախադեպ է Տավուշի մարզում, հատկապես՝ Ենոքավանում հանգստացողների թիվը։

Տարին երաշտային է, ամենուր՝ հրավտանգ։ Բարեբախտաբար «Դիլիջան» ազգային պարկում հրդեհներ մինչ օրս չեն գրանցվել։ Նախորդ տարիների դեպքերի վիճակագրությունը հաշվի առնելով՝ կանխարգելիչ միջոցառումներն սկսվել են ավելի վաղ։ Փրկարարներն անտառտնտեսության աշխատակիցների հետ կատարել են շրջայցեր հրդեհավտանգ տարածքներում, ցուցաբերել մեթոդական օգնություն։

Վերահսկողությունը կշարունակվի՝ ըստ անհրաժեշտության։

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները տրամադրել է Նարեկ Սաֆարյանը