Գլխավոր Վերլուծություն Մեկ օր՝ Շողակաթի փրկարարական հենակետում

Մեկ օր՝ Շողակաթի փրկարարական հենակետում

316
Տարածել

Հուլիսի կեսից Գեղարքունիքի մարզի Շողակաթ համայնքի հարակից հանրային լողափում գործում է փրկարարական հենակետ, որում հերթապահում են ԱԻՆ փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի ծառայողները։ Հերթափոխը կատարվում է 10 օրը մեկ։ Երեք փրկարար պարբերաբար շրջում են մոտորանավակով, զգուշացնում հնարավոր վտանգների մասին։ ՀՆՓԱԻԿ 16-րդ փրկարարական ջոկատի խմբի պետ, փ/ծ կապիտան Արտյոմ Կարապետյանը նկատում է՝ մարդիկ ավելի զգոն են դարձել, գիտակից, չեն անցնում լողանշանները։ Հիմնական խնդիրը քամին է, որը երբեմն քշում-տանում է փչովի օղակը կամ գնդակը, եւ մեկը շտապում է բռնել այն՝ հեռանալով  ափից։ Վերադարձը դժվարանում է ներքին հոսանքների պատճառով։

Իր երրորդ  հերթապահությունն է, ջրափրկարարական աշխատանքի անհրաժեշտություն դեռ չի եղել։  Գույքն  ու տեխնիկան միշտ պատրաստ վիճակում են՝ սպասարկելու ոչ միայն ջրում,  այլեւ ցամաքում գրանցված դեպքերը։

2004 թվականից ԱԻ համակարգում է։ Ավարտել է «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան»՝  «Տնտեսագիտություն եւ կառավարում» մասնագիտությամբ։  Ջոկատում առաջին իսկ օրվանից հասկացել է՝ սա՛ է իր երազած աշխատանքը։

Արդյո՞ք փոխվել է բնավորությունն այս 18 տարվա ընթացքում․ «Նույն մարդն եմ (ժպտում է), աշխատանքս շատ եմ սիրում: Երբեք ուրիշը չեմ փնտրել։ Իհարկե, դժվար է, ոչ մի դեպք չի կրկնվում, ամեն իրավիճակի պիտի քո իմացածով լուծում տաս։ Բայց եթե սիրում ես, ամեն ինչ հաղթահարելի է դառնում»։

Օրվա եռուզեռից ազատ ժամանակ մեկամյա դստեր հետ է խոսում։ Առաջին անգամն է, որ երկար ժամանակ հեռու է նրանից։ Ընտանիքն իր ուժն է, ապավենը։

16-րդ փրկարարական ջոկատի լեռնափրկարար-դեսանտ, փ/ծ ավագ ենթասպա Մկրտիչ Անտոնյանը խոստովանում է՝ փոքրուց զինվորականների շրջապատում է մեծացել, ինքն էլ ուզում էր այդ ուղին ընտրել։ Սակայն կյանքն այլ հունով տարավ։ 2011 թվականից՝ դեռ ՃԿՊԱ-ում ուսումնառության տարիներին, փրկարարական ջոկատում է աշխատում։ «Աշխատանք կա, որ անում ես զուտ գումար վաստակելու համար։ Մեր ծառայության դեպքում այդպես չէ։ Նեղության պահին մարդուն հասնելը՝ սկսած փակ դուռ բացելու հասարակ կանչից, նրա սրտանց շնորհակալությունն ամեն ինչ արժեն։ Բացի դրանից՝ քո մասնագիտությունն ավելի ես արժեւորում, երբ, ասենք, օտարազգի հրահանգիչներն են քեզ գնահատական տալիս։ Բազմաթիվ վերապատրաստումները, այլ երկրների փրկարարների հետ համագործակցությունն ինձ դարձրել են այսպիսին»,- ասում է Մկրտիչը։

Փրկարարը շատ հատկանիշներ պիտի ունենա ու տարիների փորձով հղկի իր մեջ։ Կարեւորը պիտի միշտ կարողանա ընդունել իր թերացումները եւ աշխատել թիմում։ Մկրտիչի խոսքով՝ իրենք Աստծո գործերին չեն խառնվում։  Եթե տուժածն առաջին րոպեներին չի մահացել, ուրեմն փրկելու առաքելությունն իրենց ձեռքում է։

Զավեշտալի դեպքերից ենք խոսում։ Պատմում է՝ ծանր ավտովթարի ահազանգ էին ստացել․ դեպքի վայրում աշխատանքի բաժանում կատարելիս իրեն հասել էր արգելափակված տուժածի հետ խոսելու եւ նրան հանգստացնելու գործը։  Աչքի պոչով հետեւում էր ծառայակից ընկերների աշխատանքին, եւ հանկարծ սաստիկ ցավից տուժածը կծեց նրա թեւը։ Հետագայում արդեն փրկված ուղեւորի հետ հիշում էին դեպքն ու ծիծաղում։

Աշխատանքից դուրս այլ զբաղմունք ունի՝ ջերմոցային բիզնես է հիմնել։ Բայց, իհարկե, փրկարարությունն առաջին տեղում է․ հերիք է մեկ զանգ, եւ բոլոր գործերը դառնում են երկրորդական։

ՀՆՓԱԻԿ ջրասուզական ջոկատի ջրասուզակ, փ/ծ ենթասպա Հարություն Հարությունյանը 2013 թվականից է ոլորտում։ Ընդհանուր պրոֆիլի փրկարար, լեռնափրկարար, ապա՝ ջրասուզակ․ ասում է՝ ցանկացած մասնագիտության մեջ ինքդ քեզ գտնելու լավագույն տարբերակն անընդհատ սովորելն է։ Մասնագիտությամբ տնտեսագետ Հարությունն օրերից մի օր որոշեց փոխել իր կյանքը եւ ընտրեց ՃԿՊԱ «Ճգնաժամային կառավարում» բաժինը։ Գիտական գործունեությամբ հետաքրքրված է, սակայն պրակտիկ փրկարարությունը զբաղեցնում է ողջ ժամանակը։ Որքան հնարավոր է՝ գիտելիք է «գողացել» իր դասախոսներից, որոնք ոչ միայն արտակարգ իրավիճակների ոլորտն են իր առջեւ բացել, այլեւ սերմանել կարեւոր մարդկային հատկանիշներ։

Նախորդ տարի հանրապետության լավագույն ջրասուզակ ճանաչված փրկարարն անձնական շատ ռեկորդներ ունի․ վերջինը Ղրղզստանի բարձրլեռնային լճերից մեկում 42 մետր խորությամբ սուզումն էր, ինչը ծովի մակարդակի համեմատությամբ հավասար է 60 մետրի։

Ջրասուզակ լինելն իր ֆիզիկական ու հոգեբանական բարդություններն ունի․ բացի նրանից, որ հիմնականում մահվան դեպքերի հետ ես առնչվում, նաեւ անընդհատ օրգանիզմիդ անսովոր միջավայր ես փոխում։  Կրկնակի մեծանում է պատասխանատվության զգացումը, երբ գտնում ես որոնվողին։ Ուշադրության արժանի տասնյակ մանրուքների մեջ՝ սառնասրտություն, անվտանգության կանոններ պահելը եւ այլն, մի կարմիր թել կա՝ նրբանկատությունը․ շատ կարեւոր է, թե ինչպես ես ցամաքում սպասողին հանձնում իր հարազատին։

Հարությունը երկու որդի ունի։ Երազանքների մասին խոսելիս առաջին բառը «խաղաղությունն» է։ Մյուս կողմից էլ բնավորությամբ ըմբոստ է ու չհարմարվող․ վստահ է՝ խաղաղություն պիտի պարտադրել ուժով, որ կարողանանք վերադարձնել մեր կորցրած հայրենիքը։

 

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարը՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ