Գլխավոր Վերլուծություն Որոնողական աշխատանքները շարունակվում են

Որոնողական աշխատանքները շարունակվում են

2333
Տարածել

Արդեն 27-րդ օրն է` Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության Սեւանի հատուկ ջրափրկարարական ջոկատը որոնում է Սեւանա լճում կորած քաղաքացուն: Դեպքի մասին շատ մանրամասներ հայտնի չեն, ինչը զգալիորեն դժվարեցնում է ջրասուզակների աշխատանքը:
Մայիսի 6-ին երկու ձկնորս գտնվել են լճի Զոլաքար-Վարդենիկ հատվածում, իսկ ուժեղ փոթորկից հետո նրանց հետ կապը կորել է: Մեկի մարմինը հայտնաբերվել է մայիսի 23-ին որոնման համար ընտրված տեղանքից 7-8 կմ հեռավորության վրա` ափի մոտ: Մյուս քաղաքացու  կոորդինատների մասին հնարավոր է միայն ենթադրություն անել:
Ջոկատի հրամանատար, փ/ծ  փոխգնդապետ Արմեն Ճզմաչյանի խոսքով` եթե հաջողվեր գոնե գտնել խորտակված նավը, որոնումն ավելի արդյունավետ կկազմակերպվեր: 15 օր շարունակ տեղանքում հերթապահել է 2 եւ ավելի հերթափոխ`8 մոտորանավակով: Ներկայումս աշխատանքներում ներգրավված են 1 հերթափոխ ու 3 մոտորանավակ: Վաղ առավոտից սուզումները կատարում է փորձառու ջրասուզակ Վահե Մելքոնյանը, իսկ կեսօրից հետո գործի է դրվում «Գնոմ» ստորջրյա որոնողական սարքը: Փրկարարների եւ ջրահեղձվածի հարազատների նախաձեռնությամբ օգտագործվել են նաեւ տարբեր կազմակերպությունների տրամադրած 3D Solar եւ կողքի տեսանելիության էխոլոկատոր սարքերը, որոնք նախատեսված են ստորջրյա սքանավորման համար: Սակայն տեսանկարահանումներն արդյունք չեն տվել:
Նշենք, որ նախորդ տարվա աշնանը գրանցվել էր ջրահեղձության մեկ այլ դեպք: Քաղաքացու որոնումները տեւել են մեկուկես ամիս, ապա դադարեցվել` որեւէ հետք չգտնելու պատճառով:

Պատրաստեց Անի ԱՆՏՈՆՅԱՆԸ
Լուսանկարները տրամադրել է վարչությունը