Գլխավոր Վերլուծություն Փրկարար կինոլոգները վերապատրաստվել են ԱՄՆ-ում

Փրկարար կինոլոգները վերապատրաստվել են ԱՄՆ-ում

2331
Տարածել

Ապրիլի 17-26-ը հայ կինոլոգների պատվիրակությունը գործուղվել է Ամերիկայի միացյալ նահանգների Կանզաս նահանգ՝ փորձի փոխանակման նպատակով։ Պատվիրակության կազմում էին արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության «Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի» հետախույզ-կինոլոգիական ջոկատի հրամանատար, փ/ծ փոխգնդապետ Էդգար Գալոյանը, հրամանատարի տեղակալ, փ/ծ լեյտենանտ Հովնան Բարսեղյանը եւ Հայաստանի կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի շնագիտական կենտրոնի մասնագետները:

Մասնագետները հանդիպել են Կանզասի ճանապարհային պարեկային ծառայության K9 խմբի ծառայողների հետ, այցելել Տոպիկա քաղաքի ոստիկանական վարչություն, ռազմական ոստիկանության 89-րդ բրիգադ, Ճգնաժամային քաղաք, որն իրենից ներկայացնում է ուժային կառույցների եւ կոմունալ ծառայություններ մատուցող աշխատակիցների համար նախատեսված մեծ վարժահրապարակ։

Առաջին երեք օրում մեր պատվիրակները ծանոթացել են հիմնականում թմրանյութ ու պայթուցիկ որոնող շների՝ հովվաշների եւ մալինուաների վարժեցման, խնամքի եւ այլ հարցերի: Ճգնաժամային քաղաքում հայ փրկարարները հետեւել են փրկարար շների՝ լաբրոդորների աշխատանքին։

«Տարբերություններ շատ կան։ Օրինակ՝ Կանզասում կինոլոգը շուն չի պատրաստում։ Քաղաքներից մեկում շները բուծվում ու վարժեցվում են, այնուհետեւ կցվում կինոլոգին։ Շունն ապրում է նրա հետ, գնում աշխատանքի։ Ոստիկանական ծառայության դեպքում կինոլոգին նույնիսկ տրամադրվում է շան համար հարմարեցված մեքենա։ Վարժեցման արագացված կուրս ունեն՝ 10 շաբաթ տեւողությամբ, որից շաբաթական առնվազն 8 ժամը շունը հոտառության զարգացման պարապմունքներ է անում»,- մանրամասնում է Էդգար Գալոյանը։

Կանզասում որոնող շները վարժեցվում են իրական նյութերով եւ մարդկանց դիերով (հարազատների համաձայնության դեպքում) ի տարբերություն մեր երկրի, որտեղ իրավիճակային խաղերում ներգրավվում են նմանակողներ։

Հետաքրքիր է կինոլոգ-շուն սերտ կապը։ Կանզասում կինոլոգի կարիերան, նրա խրախուսանքներն ու նկատողությունները կախված են իր շնից։ Ամերիկացի մասնագետների խոսքով՝ որոնող եւ փրկարար շները կարող են ծառայել առավելագույնը 10 տարի։ Նրանց պրոֆեսիոնալությունը գնահատվում է կարգերով։ Տարեկան թեստավորման արդյունքում, կախված շան առողջական վիճակից եւ պատրաստվածությունից, կարգը կարող է իջնել կամ բարձրանալ։ Սա կինոլոգին անընդհատ մրցակցելու եւ ինքնակատարելագործվելու ձգտում է տալիս։

Հրամանատարը հատկապես ուշադրություն հրավիրեց Ճգնաժամային քաղաքի հագեցվածությանը եւ տարածաշրջանին բնորոշ տորնադոների դեմ պայքարելու մեթոդներին։ Օրինակ՝ շների բների կողքին պարտադիր կառուցվում են բետոնապատ ապաստարաններ, որտեղ կենդանին կարող է թաքնվել տորնադոյի ժամանակ։ Նման ապաստարաններ կան նաեւ մարդկանց համար։ Այս կողմերում տորնադոները հաճախակի են եւ ավերիչ, որոնողական աշխատանքները կատարվում են հենց տորնադոյից ավերված շինությունների փլատակներում։

Հայ փրկարարները հանդիպել են նաեւ Կանզաս նահանգի Ազգային գվարդիայի հրամանատար, գեներալ Դեյվիդ Ա․ Վեյշարին, առաջարկել ամերիկացի կինոլոգներին հյուրընկալել Հայաստանում՝ մեր մասնագետներին վերապատրաստելու նպատակով։

Այցերից դուրս պատվիրակները շրջել են մի շարք քաղաքներում։ Հրամանատարը նկատում է՝ երթեւեկության անվտանգության խնդիր գրեթե չկա։ Փողոցներում բացակայում են լուսացույցները, սակայն վարորդները կանգնում են ամեն խաչմերուկում։ Իրար նկատմամբ հարգանքը մեծ է․ ոչ ոք դիմացինին ձայնային ազդանշանով չի սպառնում, պատրաստ է ճանապարհ զիջելու։

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները տրամադրել է Էդգար Գալոյանը