Գլխավոր Վերլուծություն Սպորտը՝ փրկարարների մասնագիտական խթան

Սպորտը՝ փրկարարների մասնագիտական խթան

2343
Տարածել

Արտակարգ իրավիճակների նախարարությունում անցկացվող սպորտային միջոցառումները բարի ավանդույթ են դարձել։ Ամեն տարի փրկարար ծառայության տարբեր ստորաբաժանումների միջեւ անցկացվում են շախմատի եւ սեղանի թենիսի առաջնություններ: Առաջինը՝ նախարարության մարզադահլիճում, երկրորդը՝ Շախմատի տանը։ Մրցանակային տեղեր գրաված ծառայողներն արժանանում են դիպլոմների։ Այս երկու մարզաձեւում որոշ փրկարարներ արդեն բարձր վարկանիշ եւ անուն ունեն։

Բացի դրանից, ՓԾ տնօրենի հրամանով, Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի փրկարարական ֆակուլտետի, կենտրոնական ապարատի ստորաբաժանումների, Երեւան քաղաքի եւ մարզային փրկարարական վարչությունների փրկարար ծառայողների համար ամիսը մեկ անգամ կազմակերպվում է 2 ժամ տեւողությամբ սպորտ-մասսայական միջոցառում, հիմնականում՝ վոլեյբոլի մրցում։ Փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության հրշեջ-փրկարարական պատրաստության բաժնի պետ, փ/ծ մայոր Գարեգին Սաֆարյանի խոսքով՝ խաղն անցկացվում է կա՛մ ստորաբաժանմանը հարակից տարածքում, կա՛մ մոտակա ուսումնական հաստատության մարզադահլիճում։ Այս պահին քննարկվում է նախարարության մարզադահլիճի գույքը թարմացնելու հարցը։

Մեկ այլ ծրագրով գործում է մասնագիտական պատրաստության պարապմունքների տարեկան թեմատիկ պլան, որը ներառում է 40 ժամ ֆիզիկական պատրաստություն։ Այն նախատեսված է ՓԾ հատուկ եւ հրշեջ-փրկարարական ջոկատների, Սեւանի հատուկ ջրափրկարարական ջոկատի, քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի շարքային ու կրտսեր հրամանատարական անձնակազմի համար։

Թերեւս կարեւորագույն սպորտային նախաձեռնություններից մեկը պատանի հրշեջների մրցումներն են, որոնք մեկնարկել են 2013 թվականից։ Հանրապետական փուլում հաղթողներից ձեւավորվում է թիմ, որը մասնակցում է միջազգային մրցաշարի։ «Կորոնավիրուսի հետ կապված՝ երեք տարի գործընթացը դադարեցվել էր։ Աշնանը կսկսենք նոր թիմերի հավաքագրումն ու պարապմունքները»,- ասաց բաժնի պետը։

Անի ԱՆՏՈՆՅԱՆԸ

Լուսանկարներում՝ Երեւանի փրկարարական վարչության թիվ 11 ՀՓՋ ծառայողների վոլեյբոլի մրցումները

Հ.Գ. Նախորդ տարիներին անցկացված մի քանի մարզական միջոցառման եւ հաղթողների մասին կարդացեք.

Վոլեյբոլի առաջնություն՝ ԱԻՆ-ում

ՃԿՊԱ պրոռեկտորը՝ փրկարար ծառայության շախմատի առաջնության չեմպիոն