Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Լավագույնը՝ հրշեջ-փրկարար Թաթուլ Ավետիսյան

Լավագույնը՝ հրշեջ-փրկարար Թաթուլ Ավետիսյան

3676
Տարածել

2011 թվականից Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունն անցկացնում է «Արիության համաստեղություն» հանրապետական փառատոն եւ «Լավագույնն ըստ մասնագիտության» սկզբունքով որոշում լավագույն փրկարարներին: 2017-ի «Արիության համաստեղության» հաղթողներից մեկը Ապարանի հրշեջ-փրկարարական ջոկատի ծառայող Թաթուլ Ավետիսյանն է: Նա ակտիվ մասնակցություն է ունեցել Բյուրականի, Խոսրովի անտառների և Արայի լեռան տարածքում բռնկված հրդեհներին, որոնողափրկարարական աշխատանքներին։ Մենք մեկ օր Թաթուլի հյուրն էինք:

Ապարանի ջոկատի վրանային հենակետի սպասարկման տարածքում  ձնաբուք է, հերթապահներն ամեն պահ ահազանգի են սպասում։ Ավագ սերժանտ, 36-ամյա Թաթուլ Ավետիսյանը համեստորեն նշում է՝ ջոկատում թե վրանում՝ ծառայությունը նույն պատասխանատվությամբ են կատարում։ Ապարանի տարածաշրջանը միշտ տարբերվել է խիստ կլիմայական պայմաններով․ Ապարան-Քուչակ, Քուչակ-Արագած գյուղ և դեպի Արագած լեռ տանող ճանապարհներին օրական տասնյակ դեպքեր են գրանցվում։ Ձյան մեջ արգելափակվելու վտանգ կա հատկապես Բյուրականի անտառի և Ապարանի ջրամբարի տարածքում։

Ծնունդով  ձորագլուխցի երիտասարդը փրկարար ծառայությունում է 2012 թվականից։ Խոստովանում է՝ այլ կառույցներում աշխատանքի հեռանկարներ ևս կային, սակայն դիմացինին օգնության ձեռք մեկնելու պահանջը «ստիպեց» իրեն  փրկարարի համազգեստն ընտրել։

Ջանում է ամենքի, նույնիսկ 4-ամյա դստեր՝ Միլենայի համար օրինակելի լինել, որպեսզի  բոլորը հասկանան հրշեջ-փրկարարի աշխատանքի կարևորությունը։ Հաճախ է զրուցում համագյուղացիների  հետ, բացատրում խոտի դեզի անվտանգ տեղակայման պայմանները․ իր խոսքը հարգում են մեծից փոքր։ «Աղջիկս շատ հետաքրքրասեր է, մանկապարտեզում ամեն առիթով հպարտանում է, որ իր հայրը փրկարար է (ծիծաղում է)։ Ձեռքս բռնում է և պահանջում իրեն էլ ջոկատ տանել։ Փոքրուց անվտանգության կանոնները սովորեցրել եմ, որ հետագայում իրեն պաշտպանել իմանա»,- ասում է Թաթուլը։

Ծառայության 6 տարվա ընթացքում շատ դժվարություններ է հաղթահարել․ գիտակված ընտրություն էր, ամեն լավ ու վատ բանի պետք է պատրաստ լինել։ Դժբախտ միջադեպերից ծանրացած սիրտը միայն ծառայակից ընկերների առաջ է բացում։ Տանն իր «ծառայողական գաղտնիքները» ոչ ոք չգիտի:

Վրանային հերթապահությունը հիմնականում լարված է անցնում, իսկ հարաբերական հանգստի ժամանակը զուր չի վատնում․ մասնագիտական գրականություն է կարդում։ Եթե նախկինում տուժածին օգնելն ինքնաբուխ էր, առանց հստակ գիտելիքի, ապա այսօր լիարժեք տիրապետում է առաջին օգնության բոլոր նրբություններին։ Թաթուլի խոսքով՝ փրկարար ծառայողն առաջին հերթին պիտի պատասխանատու լինի և ֆիզիկապես առողջ, կարողանա տարաբնույթ աշխատանքներից գլուխ հանել։ Ի վերջո, նրան մարդու կյանքն է վստահված։

Հաճախ քաղաքացու գույքն ու առողջությունը փրկելը սեփական անվտանգությունից վեր է դասում։ Վստահ է՝ հարազատ ջոկատը միշտ թիկունքին է կանգնած։ Եղել է՝ հրկիզվող եղևնիների թանձր ծուխն ամբողջ անտառն է պատել՝ վտանգավոր իրավիճակ ստեղծելով։  Բարեբախտաբար միմյանց օգնությամբ տարածքից անվնաս են դուրս եկել։

Ապարանի ջոկատում իրեն «Պուտին» մականունն են տվել՝ ճաղատության և գործին «նախագահական» լրջությամբ վերաբերվելու պատճառով։ Հրշեջ-փրկարարը վերհիշում է՝ նախորդ տարի Արագած լեռ ուղևորվող չինացի զբոսաշրջիկների էին արգելափակումից դուրս բերել, տեղափոխել փրկարարական մեքենա, տաք ծածկոցներ տրամադրել։ Ջերմ վերաբերմունքից օտարերկյա ճամփորդները հուզվել էին՝ բացատրելով, որ ոչ մի օտար երկրում նման բան չէին տեսել․ «Մենք ամեն օր հարյուրավորների հետ ենք շփվում։ Նրանց մեջ կան շնորհակալ մարդիկ և այնպիսիները, որոնց քննադատում են քո աշխատանքը, ամեն չնչին հարցով դժգոհություն հայտնում։ Ցանկալի կլիներ, որ մեր բնակչությունն ավելի լուրջ մոտենար փրկարարին, հասկանար, որ նա ուժ չի խնայում՝ իրենց օգնելու համար»։

Թաթուլը նաև մեծ բնասեր է։ «Բնությունը կյանք է» կարգախոսին հավատարիմ փրկարարը ծանոթ-անծանոթին ամեն տարի մայիսից հրավիրում է Ապարան՝ ծաղկող բնությունը տեսնել-հիանալու։ Հետաքրքիր ժամանցն ապահովված է՝ քաղաքային կոլորիտ և համեղ հյուրասիրություն։

Անի ԱՆՏՈՆՅԱՆ