Գլխավոր Միջոցառումներ ՔՊ եւ այլ թեմաներով վարժանքներ՝ մարզերում

ՔՊ եւ այլ թեմաներով վարժանքներ՝ մարզերում

2213
Տարածել

Շարունակվում են վարժանքները համայնքներում եւ ուսումնական հաստատություններում։

Նախորդ շաբաթվա ընթացքում Արմավիրի մարզի Նոր Արտագերս համայնքում եւ միջնակարգ դպրոցում մարզային փրկարարական վարչությունն անցկացրել է «Պատսպարման կազմակերպումը «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմայով վարժանք: Գործարկվել է համայնքի էլեկտրաշչակը, կազմակերպվել է համայնքի բնակչության, միջնակարգ դպրոցի մանկավարժական անձնակազմի, աշակերտների պատսպարում մասնավոր տների եւ առանձնատների նկուղներում։ Համայնքի ղեկավարի հետ կատարվել է բնակելի տների նկուղների պատրաստվածության վիճակի ուսումնասիրություն, տրվել են համապատասխան ցուցումներ եւ առաջարկություններ: Ճգնաժամային կառավարման կենտրոնի պետ, փ/ծ փոխգնդապետ Ջ․ Բարսեղյանը ներկայացրել է «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության պաշտպանության վարվելակերպի կանոնները։

Բացի դրանից՝ մեթոդական օգնություն եւ մասնակցություն է ցուցաբերվել «Ավտոճանապարհային մեքենաներ» ընկերությունում «Առատ ձյան եւ մերկասառույցի հետեւանքով փակված ավտոճանապարհների ձնամաքրման աշխատանքների իրականացում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժությանը։

Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ծառայողները Զարինջա, Թաթուլ, Նոր Արթիկ, Կարբի եւ Օհանավան համայնքներում անցկացրել են վարժանքներ «Բնակչության ազդարարում, պատսպարում եւ տարհանում» թեմայով՝ շչակի գործարկմամբ։ Թալինի հրշեջ-փրկարարական ջոկատը Թաթուլի հիմնական դպրոցում իրականացրել է «Հրդեհաշիջման, տարհանման եւ առաջին բուժօգնության կազմակերպումը ուսումնական հաստատություներում» թեմայով հրշեջ մարտավարական վարժանք։ «Տելեկոմ Արմենիա» ընկերության Թալինի տեղամասում հատուկ տակտիկական ուսումնավարժությունը «Կապի համակարգի վթարի դեպքում վթարավերականգնողական խմբերի գործողությունները» թեմայով էր։

Պատրաստեց Անի ԱՆՏՈՆՅԱՆԸ

Լուսանկարները տրամադրել են փրկարարները