Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Արգելափակումից հանվել է 38 մեքենա

Արգելափակումից հանվել է 38 մեքենա

1532
Տարածել

Փետրվարի 14-20-ը ժամանակահատվածում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ստորաբաժանումները արտակարգ իրավիճակների, դեպքերի ու պատահարների վերաբերյալ 398 ահազանգի են արձագանքել: Շատ դեպքերում փրկարարները դեպքի վայր մեկնելուն զուգահեռ տեղեկությունը փոխանցել են այլ ծառայության. շտապօգնություն, «Վեոլիա Ջուր», էլցանց, գազի վթարային ծառայություն, կանաչապատման ծառայություն, ոստիկանություն եւ այլն:

Անցած շաբաթ գրանցվել է 96 հրդեհ՝ այրվել են տան գույք, շինությունների փայտյա կառուցատարրեր, շինանյութ, անասնակեր, բուսածածկ տարածքներ, աղբ, ջերմահարվել են պտղատու եւ դեկորատիվ ծառեր: Գրանցվել է նաեւ հրդեհի 16 կեղծ ահազանգ:

Անցած շաբաթ փրկարարները 153 կենցաղային կանչ են ստացել, որից ավելի քան 60-ը՝ փակ դուռ բացելու վերաբերյալ: Վատառողջ, ծանրաքաշ, սակավաշարժ քաղաքացուն բնակարանից իջեցնելու, բնակարան բարձրացնելու կամ բնակարանում տեղից տեղ տեղափոխելու կանչեր են սպասարկվել Երեւանի Աջափնյակ, Արաբկիր, Էրեբունի, Կենտրոն, Նորք Մարաշ, Նոր Նորք վարչական շրջաններում, Կոտայքում, Լոռիում, Արմավիրում: Տարբեր վայրերում արգելափակված (դիտահոր, վերելակի հորան, նկուղ, տանիք, շենքի օդատար-ծխատար, անձրեւաջրերի հեռացման խողովակ, մեքենայի շարժիչի տակ, ջրանցք եւ այլն) մի շարք կենդանիներ են ազատվել: Բնակավայրերի տարբեր մասերում՝ փողոցներ, բակեր, բնակիչներին անհանգստացնող շներին եւ կատուներին փրկարարները հեռացրել են անվտանգ տարածք: Տարբեր վայրերում, տարբեր պատճառներով արգելափակված 38 մեքենա է հանվել երթեւեկելի հատված, անվտանգ տարածք է տեղափոխվել 60 մարդ:

Անցած շաբաթ փրկարարները տարբեր ուսումնական, առողջապահական հաստատություններում, համայնքապետարաններում, մասնավոր հիմնարկներում կազմակերպել են «Հրդեհաշիջման, տարհանման եւ առաջին բուժօգնության կազմակերպումն ուսումնական հաստատություներում», «Հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպումն ու իրականացումը մանկապարտեզում», «Հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպումն ու իրականացումը ատոմակայանի թիվ 63 թունելի ուղղությամբ», «Հրդեհաշիջումը էլեկտրական ենթակայաններում», «Հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպումն ու իրականացումը Նաիրիտի 2/11 արտադրամասում», «Հրդեհաշիջումը բնակելի շենքի տանիքում», «Առատ ձյան եւ մերկասառույցի հետեւանքով փակված ավտոճանապարհների ձնամաքրման աշխատանքների իրականացում», «Հրդեհաշիջումը բնակելի նկուղային հարկում», «Օդային տագնապի դեպքում բնակչության պաշպանության կազմակերպումը» եւ այլ թեմաներով ուսումնավարժություններ: