Գլխավոր ՀՀ ՆԳՆ 2022 թվականին կգնահատվի պետական եւ համայնքային տասնյակ մարմինների ՔՊ վիճակը

2022 թվականին կգնահատվի պետական եւ համայնքային տասնյակ մարմինների ՔՊ վիճակը

2955
Տարածել

Հայաստանի հանրապետության վարչապետի 2019 թվականի նոյեմբերի 15-ի 1695-Ն որոշմամբ հաստատվել է Հայաստանի հանրապետության պետական կառավարման համակարգի, տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների քաղաքացիական պաշտպանության վիճակի համալիր գնահատման ժամանակացույցը: Այս գնահատումը քաղաքացիական պաշտպանության նախապատրաստական միջոցառումների շրջանակում է: Ըստ վարչապետի որոշման, քաղաքացիական պաշտպանության վիճակի համալիր գնահատում պետք է իրականացվի 5 տարին մեկ: 2019-2024 հատվածի համար նախատեսված է 51 գնահատում՝ նախագահի, վարչապետի աշխատակազմեր, սահմանադրական դատարան, տարբեր նախարարություններ ու պետական այլ կառույցներ, Երեւան, մարզեր, համայնքներ եւ այլն:

Աշխատանքներն իրականացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության քաղաքացիական պաշտպանության եւ բնակչության պաշտպանության հարցերով կառավարական մարմինների, կազմակերպությունների գործունեության համակարգման բաժինը:

Ըստ վարչապետի նշված որոշման, 2022 թվականին, քաղաքացիական պաշտպանության վիճակի համալիր գնահատում կարվի պետական եւ համայնքային տասնյակ կազմակերպություններում՝ արդարադատության, արտաքին գործերի նախարարություններ եւ ենթակա մարմիններ, բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմին, կենտրոնական ընտրական հանձնաժողով, հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողով, հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդ, Լոռու, Արագածոտնի, Տավուշի, Շիրակի մարզային կառույցներ եւ համայնքապետարաններ:

Պետական կառավարման համակարգի, տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների քաղաքացիական պաշտպանության վիճակի համալիր գնահատումն իրականացվում է մի շարք ուղղություններով. ինժեներական պաշտպանություն, ճառագայթային եւ քիմիական պաշտպանություն, բժշկական պաշտպանություն, տարհանման միջոցառումների կազմակերպում, քաղաքացիական պաշտպանության կազմավորումների եւ ղեկավար կազմի պատրաստում-պատրաստվածություն, կառավարման, կապի եւ ազդարարման համակարգեր եւ այլն:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ