Գլխավոր Նորություններ ՔԻՄԻԱԿԱՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԽՆԴԻՐԸ՝ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

ՔԻՄԻԱԿԱՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԽՆԴԻՐԸ՝ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

934
Տարածել

Նուբարաշենի թունաքիմիկատների վնասազերծման ծրագրեր

«911. Արտակարգ թերթի» 5-րդ (557) համարում

(13.02-19.02.2015) անդրադարձել ենք Նուբարաշենի կայուն օրգանական աղտոտիչ (ԿՕԱ) հանդիսացող ժամկետանց պեստիցիդների գերեզմանոցի վնասազերծման հեռանկարներին։ Դեռ 2015-ին Գլոբալ էկոլոգիական հիմնադրամը հաստատել էր մոտ 900 տ թափոնի ոչնչացման ծրագրի ֆինանսավորումը՝

4,7 մլն դոլար բյուջեով։ Նախատեսվում էր 4 տարվա ընթացքում ոչնչացման նպատակով երկրից արտահանել պեստիցիդները, իսկ աղտոտված հողաշերտերն աղտազերծել և վերամշակել։

 

2015-ի մարտին ՀՀ ԱԻ նախարարությունը և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ներկայացուցչությունը (ՄԱԶԾ) քննարկեցին «Ժամկետանց պեստիցիդների պաշարների ոչնչացում և կայուն օրգանական աղտոտիչներով (ԿՕԱ) աղտոտված տարածքների աղտազերծում` քիմիկատների անվտանգ կառավարում» ծրագիրը, մասնավորապես՝ Նուբարաշենի գերեզմանոցում թաղված թունաքիմիկատների ոչնչացմանն ուղղված միջոցառումների իրականացման նախագիծը։ Դրա համաձայն՝ նախատեսվում է Հրազդան քաղաքի մոտ շահագործման հանձնել պահեստավորման արդիական միջազգային չափանիշներին համապատասխան վտանգավոր քիմիական թափոնների կառավարման Կոտայքի ազգային կենտրոնը, որտեղ ժամանակավոր կպահպանվեն Նուբարաշենից և այլ տարածքներից հեռացված, փաթեթավորված ԿՕԱ պեստիցիդները։

Ծրագիրն արժանացավ բնապահպանների բուռն արձագանքին. մտահոգությունը հիմնականում վերաբերում էր համայնքամերձ տարածքում քիմիական թափոնի պահեստավորման սոցիալական և բնապահպանական ազդեցությանը, ինչպես նաև պահեստի տարածքում Նուբարաշենի գերեզմանոցից արտափորված աղտոտված հողի վերամշակմանը։ Ներկայացնում ենք ծրագրի տարբեր կողմերի մոտեցումները հարցի առնչությամբ։

Ծրագրի համակարգող Գայանե Ղարագեբակյանի խոսքով՝ Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցի պեստիցիդների թափոնի մաքրումն (լիկվիդացումը) անհրաժեշտություն է, քանի որ զանգվածում առկա են կայուն քլորօրգանական աղտոտիչներ, ինչպիսիք են ԴԴՏ-ն և լինդանը, որոնք բնության մեջ ինքնուրույն չեն քայքայվում, այլ ոչնչացվում են միայն բարձր ջերմաստիճանային այրման միջոցով։ Կարևոր հանգամանք է նաև այն, որ գերեզմանոցն ու հարակից բլուրները գտնվում են սողանքային տարածքում, իսկ տեղանքին մոտ հեռավորության վրա է «Էրեբունի» արգելոցը, որտեղ աճում են հնամենի ժամանակներից հայտնի վայրի ցորենի չորս տեսակներից երեքը՝ արարատյան, ուրարտու և միահատիկ։ Մեկ այլ խնդիր է հանրապետության տարբեր համայնքներում տեղակայված նախկին «Հայբերրիություն» և «Հայգյուղքիմիա» ընկերությունների պահեստներում դեռ խորհրդային ժամանակներից մնացած ժամկետանց պեստիցիդների թափոնը՝ մոտ 150 տ զանգվածով, որը նախատեսվում է գյուղատնտեսության նախարարության աջակցությամբ հավաքել, փաթեթավորել և ոչնչացնել Նուբարաշենի թափոնի հետ միասին։ «Բարձր ջերմաստիճանային այրման միջոցով քիմիական թափոնների ոչնչացման միջազգայնորեն սերտիֆիկացված տեխնոլոգիական գործարաններ կան Եվրամիության երկրներում։ Մրցութային կարգով ընտրված գործարանում կիրականացվի Նուբարաշենի գերեզմանոցի և մյուս համայնքների պահեստների ժամկետանց պեստիցիդների ոչնչացումը»,- մանրամասնում է համակարգողը։

Մինչ գերեզմանոցի արտափորման աշխատանքների ու փաթեթավորման ավարտը՝ բնապահպանական և առողջապահական անվտանգության նորմերի համաձայն կվերակառուցվի Հրազդան քաղաքի մոտակայքում գտնվող նախկին քաղպաշտպանության պահեստային տարածքը, որը ժամանակին ծառայել է որպես բժշկական պարագաների, քիմիական, վառելիքային և այլ պահուստային նյութերի պահպանման պահեստ։ Այն կծառայի որպես ժամանակավոր պահպանման վայր մինչև թափոնի ողջ զանգվածի ոչնչացման կազմակերպումը, կշահագործվի ԱԻ նախարարության նշանակած անձնակազմի կողմից։ Վերակառուցման աշխատանքների նախագծման ընթացքում կիրականացվի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում (ՇՄԱԳ):

Ի պատասխան հարցին՝ ինչպիսի բնապահպանական և առողջապահական ռիսկեր է պարունակում համայնքամերձ պահեստում նման մեծ քանակությամբ թափոնի տեղակայումը, Գայանե Ղարագեբակյանը վստահեցնում է՝ շինությունը գտնվում է հատկացված տարածքի խորքում՝ ճանապարհից հեռու. «Ցանկացած քիմիական նյութի հետ գործ ունենալը որոշակի ռիսկ է պարունակում։ Սակայն ժամանակի հետ դրանք կորցնում են իրենց ակտիվությունը, և այդպիսով նվազում է քիմիական ռեակցիաների մեջ մտնելու դրանց պոտենցիալը։ Քիմիական թափոնն ավելի քիչ վտանգավոր է դառնում, հատկապես, եթե խառնված է փոքր քանակով հողի հետ և փաթեթավորված պահանջվող ստանդարտների համապատասխան։ Այդ առումով նույնիսկ քիմիապես պասիվ և կայուն ԴԴՏ-ն և լինդանը պատշաճ պահեստավորման դեպքում գործնականորեն վտանգ չեն ներկայացնում»։

Առաջիկայում կիրականացվի Նուբարաշենի գերեզմանոցի տեղանքի նոր հետազոտում՝ թաղված թափոնի տեղակայման կոորդինատների ճշգրտման նպատակով, ինչպես նաև կկատարվեն մանրակրկիտ գեոֆիզիկական և հիդրոլոգիական հետազոտություններ՝ գերեզմանոցի և հարակից տարածքի կայունությունը, ստորգետնյա և գրունտային ջրերի առկայությունը գնահատելու նպատակով։ Ծրագրի համակարգողի հաղորդմամբ՝ տարբեր մասնագետներ բազմիցս այցելել են տեղանք և վերջին երկու տարվա ընթացքում ակնհայտ վտանգավոր փոփոխություն չեն արձանագրել։ Ժամկետանց պեստիցիդների ոչնչացումից հետո կքննարկվեն և կընտրվեն աղտոտված հողի մաքրման առավել անվտանգ, արդյունավետ և տնտեսապես մատչելի լուծումները։

Ներկա դրությամբ դեռ պաշտոնապես լուծված չէ քիմիական թափոնի տարանցման երկիր հանդիսացող Վրաստանի թույլտվության տրամադրման հարցը։ Վրաստանի օրենսդրությունն արգելում է իր երկրի տարածքով առանց նախապես տեղեկացման վտանգավոր թափոն տեղափոխելը։ Սակայն, ինչպես պնդում է մասնագետը, հարցն ըստ էության լուծելի է՝ հաշվի առնելով այն, որ Հայաստանն ու Վրաստանը վտանգավոր թափոնի տարանցման խնդիրը կարգավորող Բազելի և Ռոտերդամի կոնվենցիաների ստորագրող կողմեր են։ Թափոնի հիմնական գնահատումից հետո կակտիվացվեն բանակցությունները տարանցման երկրների կառավարությունների հետ։ «Թյուր կարծիք կա, որ ԿՕԱ թափոն են միայն ժամկետանց պեստիցիդները։ Այդպես չէ. Ստոկհոլմի կոնվենցիայով բնորոշված են 21 տիպի ԿՕԱ նյութեր, որոնք առաջանում են մարդու կենսագործունեության հետևանքով։ Շատ երկրներ ունեն տեխնոլոգիաներ և սեփական ուժերով են վնասազերծում կամ ոչնչացնում անընդհատ կուտակվող ԿՕԱ քիմիական նյութերը։ Մենք նույնպես պիտի կարևորենք մեր երկրում մաքուր միջավայրի ապահովումը. այս գործում դեռ շատ անելիքներ կան»,- ամփոփում է Գայանե Ղարագեբակյանը։

ԱԻՆ ԲՊԱՀՎԿ վարչության տեխնածին վթարների բաժնի պետ, փ/ծ գնդապետ Կարապետ Կարապետյանի խոսքով՝ Կոտայքի ազգային կենտրոնի նախագծային աշխատանքների իրականացման համար արդեն հատկացվել է 275 000 դոլար։ Վերակառուցման աշխատանքների նախագծման փուլում կիրականացվի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում, կլինեն հանրային լսումներ։

Փրկարարը բացառում է այն վարկածը, ըստ որի՝ պահեստի վերակառուցումը կարող է տեղանքում գրունտային ջրերի աղտոտման և ջրագոյացման գոտիների խաթարման պատճառ դառնալ։ Իրականում գրունտային ջրերը գտնվում են մեծ խորությունների վրա և պաշտպանված են բազալտի ջրամերժ շերտով։ Ի հակադրություն բնապահպանների դիմադրությանը՝ նա մատնանշում է վտանգավոր թափոն պարունակող նախկին պահեստների կիսաքանդ և անմխիթար վիճակը. դրանց զգալի մասը գտնվում է բաց երկնքի տակ՝ առանց որևէ վերահսկողության։ Օրինակ՝ Երասխավան համայնքում տեղակայված պահեստը 1990-ականներին արկակոծման է ենթարկվել, շինությունը փլվել է, բռնկվել է հրդեհ. թափոնի ներկայիս վիճակը հայտնի չէ։ Բացի դրանից՝ տեղումներից թունաքիմիկատներն արտահոսում են, գրանցվել են գողության և վաճառքի դեպքեր, իսկ պահեստավորման միջոցով հնարավոր կլինի այդ ամենը կանխել։

Կարապետ Կարապետյանն անհեռանկարային է համարում Նուբարաշենի գերեզմանոցի արտափորված հողաշերտի տեղափոխումը Կոտայքի մարզ. «Ամենայն հավանականությամբ՝ քիմիական նյութերը կփաթեթավորվեն պոլիէթիլենային տակառների մեջ և կմնան տեղում՝ ծածկի տակ։ Մեր բաժնի մասնագետները նախորդ աշնանը մոտ 300 մ տրամագծով ուսումնասիրել են գերեզմանոցի տարածքը. քիմիական նյութերի արտահոսք չի գրանցվել, իսկ սողանքային մարմնի շարժ նկատվում է միայն գերեզմանոցի հարակից լանջին։ Եթե սողանքի վտանգը չլիներ, ընդհանրապես հարկ չէր լինի մտահոգվելու գերեզմանոցի ոչնչացման մասին, քանի որ տեղանքում գերակշռող կավաշերտը նվազեցնում է աղտոտված նյութերի միախառնումը գրունտային ջրերին»։

Համայնքային պահեստներում պահվող քիմիական նյութերի վտանգավորության մասին զրուցեցինք նաև բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանի հետ։ Վերջինիս կարծիքով՝ կիսաքանդ վիճակում գտնվող պահեստների թափոնն այդ տարածքների քիմիական աղտոտման իրական սպառնալիք է ներկայացնում։ Այդուհանդերձ, հետաքրքրական է, որ ներկայումս այդ շինությունները և հարող տարածքները գտնվում են համայնքների և մասնավոր անձանց տնօրինության ներքո։

Ինչ վերաբերում է Նուբարաշենի թունաքիմիկատների վնասազերծմանը, ապա, պաշտոնյայի խոսքով, 2011-ին ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի կողմից հատկացվել է 201 500 եվրո գումար՝ «Նուբարաշենի ժամկետանց թունաքիմիկատների և կայուն օրգանական աղտոտիչների գերեզմանոցի տարածքի գնահատում և իրագործելիության ուսումնասիրություն» ծրագրի իրականացման նպատակով։ Արդյունքում առաջարկվել է Նուբարաշենի սպառնալիքի կառավարման 5 սցենար, որոնցից ամենաարդյունավետը թունաքիմիկատների գերեզմանոցի լիկվիդացումն է։ Արդեն հայտարարվել է գերեզմանոցի ԿՕԱ-ներ պարունակող պեստիցիդների տարհանման և առնչվող մաքրման աշխատանքների գնահատման ու նախագծման միջազգային մրցույթ։ Ընտրված կազմակերպությունը կիրականացնի թափոնի քիմիական բաղադրության և տեղաբաշխման, տարածքի կայունության, ջրահեռացման, խորքային ջրերի առկայության, ռիսկերի գնահատման և վիճակի ուսումնասիրություն։

Մանրամասներին կանդրադառնանք առաջիկայում։