Գլխավոր Միջոցառումներ Փրկարարներն ապահովել են սպորտային միջոցառման անվտանգությունը

Փրկարարներն ապահովել են սպորտային միջոցառման անվտանգությունը

2807
Տարածել

Հունվարի 13-16-ն Աշոցքում անցկացվեց Հայաստանի դահուկավազքի առաջնությունը, որին մասնակցում էր ավելի քան 30 դահուկորդ, այդ թվում՝ Ռուսաստանից։ Այս տարի մրցաշարն առաջին անգամ բաց էր արտերկյա հյուրերի համար։

Կանանց մրցապայքարում հաղթող ճանաչվեց Կատյա Գալստյանը, տղամարդկանցից՝ Միքայել Միքայելյանը։ Լավագույնները մասնակցելու են ձմեռային օլիմպիական խաղերին, որոնք կկայանան փետրվարի 4-20-ը Պեկինում։

Ինչպես նախորդ տարիներին, այս տարի եւս մրցաշարի անվտանգությունը վստահված էր փրկարարներին։ Աշոցքի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատար, փ/ծ մայոր Վահագն Դանիելյանի խոսքով՝ ամբողջ ընթացքում տեղանքում հերթապահել է երեք փրկարար՝ պատահարի դեպքում տուժածի տարհանման համար անհրաժեշտ պատգարակով եւ բժշկական պայուսակով։ Տեղում են եղել նաեւ ոստիկանության եւ շտապօգնության աշխատակիցները։ Չնայած չափազանց ցուրտ եղանակին՝ արտակարգ դեպքեր չեն գրանցվել։ Մասնակիցները տեղանքին քաջածանոթ էին։ «Ցրտի պատճառով քիչ մարդ էր եկել առաջնությունը դիտելու։ Ոմանց ցրտահարությունից պաշտպանելու համար տեղափոխել ենք մեր մեքենա։ Միջոցառման երկրորդ օրը դրսում -24 աստիճան էր, այսօր կարծես թե արեւի երես կտեսնենք»,- կատակում է հրամանատարը։

Ձնաբքի պատճառով Աշոցքի տարածքաշրջանում ամենաշատ դեպքերը գրանցվել են հենց հունվարի 13-ին՝ առաջնության բացման օրը՝ փրկարարները տասնյակ մեքենաներ են դուրս բերել արգելափակումից։

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները տրամադրել են փրկարարները