Գլխավոր Սպիտակ-30 Ստեփանավանը 1988-ի երկրաշարժից հետո․ չհրապարակված կադրեր

Ստեփանավանը 1988-ի երկրաշարժից հետո․ չհրապարակված կադրեր

3738
Տարածել

Սպիտակի երկրաշարժի մասին վավերագրական ֆիլմերը քիչ են, իսկ աղետի գոտում աշխատած թղթակիցների անդրադարձները՝ իրադարձային բնույթի։ «Լոռէ» փրկարար ջոկատի հրամանատար Արմեն Առաքելյանն իր արխիվում ունի 16 մմ-ոց կինոխցիկով նկարահանված կինոնյութ երկրաշարժ ապրած Ստեփանավանի մասին։

«Կինոխցիկը մեր տուրիստական արշավների ժամանակ էինք օգտագործում։ Երկրաշարժից 10 օր անց, երբ խելքը գլուխներս եկավ, որոշեցինք քանդված շենքերը նկարել։ Մարդիկ ճանաչում էին մեզ, ընդառաջում, կիսվում։ Եվ՛ լավն ենք նկարել, եւ՛ վատը։ Օրինակ՝ վրան չունեցող անօթեւանների կողքին մի մեծահարուստ բետոն էր լցրել ու տարածքը ծածկել հումանիտար օգնության ներքնակներով։ Հիմնականում պատկերել ենք Ստեփանավանի եռուզեռը»,- մանրամասնեց Արմեն Առաքելյանը։

Ստեփանավանցիների մեծ մասին հաջողվել էր փրկվել, քանի որ կարողացել էին տարհանվել շենքերից մինչեւ երկրորդ՝ կործանիչ ցնցումը։ Ավերվել էր քաղաքի բնակֆոնդի 80 տոկոսը, հատկապես՝ բարձրահարկ շենքերը։ Ընդհանուր առմամբ՝ Ստեփանավանում զոհերի թիվը, Սպիտակի եւ Գյումրու համեմատ, քիչ էր՝ 125 հոգի։

Փրկարարի խոսքով՝ կինոժապավենի արժեքը նրանում է, որ այն պարունակում է կադրեր մի քանի հազար բնակիչ ունեցող «Չերյոմուշկա» թաղամասից, որի հետքն այսօր չկա։ Թաղամասը ժամանակին ճանաչվել է շինարարության համար ոչ պիտանի, եւ նոր տների կառուցման համար ընտրվել է ավելի սեյսմակայուն գրունտ ունեցող տարածք։ «Փորձել ենք ժապավենը որեւէ կերպ թվայնացնել, դժվարությամբ գտել ենք պրոյեկցիոն լամպ, սակայն որակը բավարար չէ»,- ամփոփեց Արմեն Առաքելյանը։

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները՝ Ստեփանավանի մշակույթի եւ ժամանցի կենտրոնի աշխատակից Սամվել Ավագյանի

Հ․Գ․ Բովանդակային առումով եզակի այս կինոնյութն իրավամբ արժանի է ուշադրության եւ ֆինանսավորման դեպքում կարող է դառնալ թե՛ փաստագրական, թե՛ գեղարվեստական արժեք։