Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Զինամթերքի վնասազերծումը շարունակվում է. Արցախի փրկարարներն ամփոփում են շաբաթը

Զինամթերքի վնասազերծումը շարունակվում է. Արցախի փրկարարներն ամփոփում են շաբաթը

3164
Տարածել

2021 թվականի նոյեմբերի 1-7-ը ժամանակահատվածում Արցախի հանրապետության ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում գրանցվել է 641 զանգ:

Հրշեջ փրկարարները շաբաթվա ընթացքում կատարել են 3 ելք. նոյեմբերի 3-ին ժամը 21:16-ին Մարտունու շրջանային արտակարգ իրավիճակների բաժնում տեղեկություն է ստացվել Մարտունու շրջանի Կաղարծի համայնքի տարածքում բռնկված հրդեհի մասին: Հրդեհաշիջման եւ կրակի մեկուսացման աշխատանքները իրականացրել են Մարտունու շրջանային արտակարգ իրավիճակների բաժնի հրշեջ-փրկարարական մասի 2 մարտական հաշվարկ, աշխատանքներին օգնել են Կաղարծի համայնքից 5 բնակիչ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:50-ին, մարվել` ժամը 00:30-ին:

Դժբախտաբար Ն.Գ.-ին պատկանող երկհարկանի բնակելի տունը լրիվությամբ այրվել է, ներսում հայտնաբերվել է նրա դին: Դեպքի առթիվ ստուգումներ է իրականացնում ծառայության պետական հրդեհային եւ տեխնիկական անվտանգության տեսչությունը:

Ռազմական գործողությունների ընթացքում զոհված եւ անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների կամ մասունքների որոնողական աշխատանքներ իրականացնելու համար՝ արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խմբերն անցած շաբաթ ելք չեն կատարել: 2020 թվականի նոյեմբերի 13-ից սկսած Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների արդյունքում՝ մինչ օրս հայտնաբերվել եւ տարհանվել է ընդհանուր 1697 աճյուն, որոնց թվում նաեւ քաղաքացիական անձինք են:

Տարբեր տեսակի ու տրամաչափի ռազմամթերքի հայտնաբերման եւ դրանց ոչնչացման աշխատանքների ուղղությամբ սակրավորական խմբերը գործընկեր կառույցների հետ մեկտեղ ամենօրյա ռեժիմով հանրապետության բոլոր շրջաններում իրականացնում են հետախուզական աշխատանքներ:

Շաբաթվա ընթացքում հայտնաբերվել եւ վնասազերծվել է կասետային 16 հրթիռ, 25 պայթուցիչ, հակահետեւակային 2 եւ ականանետային 1 ական, 6 հրթիռ, թնդանոթի 7 արկ, 4 ավիառումբ եւ 8 ձեռքի նռնակ:

Անցած շաբաթվա ընթացքում գրանցվել է տեխնածին բնույթի 23, սոցիալ-կենցաղային բնույթի՝ 29 կանչ: Փրկարարները կատարել են դռան 6 եւ վերելակի 1 բացում, առողջական խնդիր ունեցող 4 քաղաքացու տեղափոխել են բուժհաստատություն, բնակչությանը ջուր մատակարարելու նպատակով կատարվել է 5 ելք: Գրանցվել է այլ բնույթի 13 կանչ:

Շաբաթվա ընթացքում գրանցվել է ճանապարհատրանսպորտային 3 պատահար, տուժել է 6 քաղաքացի: Փրկարարները վերջիններիս ցուցաբերել են անհրաժեշտ օգնություն, որից հետո տուժածները տեղափոխվել են համապատասխան բժշկական հաստատություններ:

Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայություն