Գլխավոր Միջոցառումներ Այս շաբաթվա վարժանքներից՝ հրդեհաշիջում, տարհանում, պատսպարում

Այս շաբաթվա վարժանքներից՝ հրդեհաշիջում, տարհանում, պատսպարում

3262
Տարածել

Արմավիրի մարզում անցկացվել է ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ «Հրդեհաշիջման եւ որոնողափրկարարական աշխատանքների իրականացումը ուսումնական հաստատությունում» թեմայով։ Նպատակը՝ ստուգել եւ կատարելագործել արձագանքող ուժերի եւ կազմակերպության կազմավորումների գործնական հմտությունները որոնողափրկարարական եւ վթարավերականգնողական աշխատանքների ժամանակ։

Մասնակցում էին Արմավիրի մարզային փրկարարական վարչությունը, Վաղարշապատի թիվ 29 հրշեջ փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ, ոստիկանության, շտապօգնության, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» եւ «Վեոլիա ջուր» ընկերությունների ներկայացուցիչներ, Էջմիածնի արհեստագործական պետական ուսումնարանի կազմավորումները։

Ըստ սցենարի՝ գրունտային ջրերի հոսքից ուսումնարանի երկրորդ մասնաշենքում տեղի է ունեցել հիմնական ամրաններից կոնստրուկցիաների անջատում, ինչի հետեւանքով աստիճանավանդակները մասնակի փլուզվել են: Առաջին հարկի դասասենյակներից մեկում 10 ուսանող է արգելափակվել, որոնցից 3-ը՝ մարմնական վնասվածքով։ Էլեկտրական լարերի կարճ միացումից երկրորդ հարկում հրդեհ է բռնկվել, այնտեղ մնացել է մեկ աշխատակից: Որոնողափրկարարական, հրդեհաշիջման եւ վթարավերականգնողական աշխատանքների անվտանգ իրականացման համար անհրաժեշտ է հոսանքազրկել ուսումնարանի շենքը:

Կազմակերպվում է անձնակազմի տարհանում, դուրս են բերվում արգելափակված ուսանողները, սանիտարական խումբն առաջին բուժօգնություն է ցուցաբերում ձախ նախաբազկի կոտրվածքով, ձեռքերի եւ գլխի հատվածում թեթեւ վնասվածքներ ստացած երեք տուժածի։ Հրշեջ-փրկարարները հայտնաբերում են ծխապատ գոտում մնացած աշխատակցին եւ տարհանում։ Իրականացվում է հետախուզություն, մարտական բացազատում եւ հրդեհաշիջում: Մյուս ծառայությոնների մասնագետները կատարում են վթարավերականգնողական աշխատանքներ։

Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ախուրյան բնակավայրում եւ Նիկոլ Աղբալյանի անվան ավագ դպրոցում Շիրակի մարզային փրկարարական վարչությունն անցկացրել է ուսումնավարժություն՝ «Պատսպարման կազմակերպումը «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմայով: Փորձարկվել է Ախուրյան բնակավայրի էլեկտրաշչակը, որը գտնվում է սարքին վիճակում:

Կազմակերպվել է անձնակազմի եւ աշակերտների տարհանում ու պատսպարում դպրոցի նկուղում։ Ուսումնավարժության ավարտից հետո Ախուրյան բնակավայրի վարչական ղեկավար կազմի հետ համատեղ ուսումնասիրվել է բնակավայրի բնակելի տների նկուղների պատրաստվածության վիճակը:

Պատրաստեց Անի ԱՆՏՈՆՅԱՆԸ

Լուսանկարները տրամադրել են փրկարարները