Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Վնասազերծվել է կասետային 28 հրթիռ, թնդանոթի 1 արկ եւ 1 ավիառումբ. Արցախի...

Վնասազերծվել է կասետային 28 հրթիռ, թնդանոթի 1 արկ եւ 1 ավիառումբ. Արցախի փրկարարներն ամփոփում են շաբաթը

3390
Տարածել

2021 թվականի օգոստոսի 30-ից սեպտեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածում Արցախի հանրապետության ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում գրանցվել է 980 զանգ՝ 27՝ տեխնածին, 38՝ կենցաղային, հիվանդի տեղափոխում՝ 6, վերելակի բացում՝ 8, օձի հայտնաբերում՝ 2: Հրշեջ-փրկարարները կատարել են 18 ելք: Ջրամատակարարման աշխատանքներ կատարելու նպատակով փրկարարները կատարել են 16 ելք:

Հրդեհի 14 դեպք գրանցվել է չոր խոտածածկ տարածքներում, 2-ը՝ աղբանոցներում, 2-ը՝ էլեկտրալարերի կարճ միացումից: Տուժածներ չկան: Ըստ եղանակային կանխատեսումների՝ առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա եւս 2-3 աստիճանով: Տեղումներ չեն սպասվում: Հրշեջ փրկարարները հրդեհավտանգ շրջանում կշարունակեն ծառայությունն ուժեղացված ռեժիմով:

Անցած շաբաթ գրանցվել է մահվան ելքով ճանապարհատրանսպորտային մեկ պատահար: Մարտունու շրջանի Թաղավարդ համայնքի բնակիչը Ասկերանի շրջանի Խնածախ համայնքի տարածքում իրեն պատկանող «Ուազ» մակնիշի ավտոմեքենայով շրջվել է: Փրկարարներն ու շտապ բժշկական օգնություն կայանի բժիշկները նրան տեղափոխել են հիվանդանոց, սակայն տուժածի կյանքը փրկել չի հաջողվել:

Ծառայության փրկարար ուժերի վարչության սակրավորական խմբերն ինժեներահետախուզական աշխատանքներ են իրականացրել Մարտակերտի եւ Ասկերանի շրջաններում: Շաբաթվա ընթացքում հայտնաբերվել եւ վնասազերծվել է կասետային 28 հրթիռ, թնդանոթի 1 արկ եւ 1 ավիառումբ: Հանրապետության տարածքում հետախուզական եւ ականազերծման աշխատանքներին մասնակցում են ռուսական խաղաղապահ ուժերի, «Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամի եւ «The Halo Trust» ոչ կառավարական ականազերծող կազմակերպության սակրավորները:

Զինադադարից հետո` անցած 10 ամսվա ընթացքում, Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների արդյունքում փրկարար ջոկատները հայտնաբերել եւ տարհանել են ընդհանուր 1656 աճյուն, որոնց թվում նաեւ քաղաքացիական անձինք են:

 

 

Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայություն