Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Փրկարարները 585 կանչի են արձագանքել

Փրկարարները 585 կանչի են արձագանքել

3230
Տարածել

Անցած շաբաթ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ստորաբաժանումները արտակարգ իրավիճակների, դեպքերի ու պատահարների վերաբերյալ 585 ահազանգի են արձագանքել: Շատ դեպքերում փրկարարները դեպքի վայր մեկնելուն զուգահեռ տեղեկությունը փոխանցել են այլ ծառայության. շտապօգնություն, «Վեոլիա Ջուր», էլցանց, գազի վթարային ծառայություն, կանաչապատման ծառայություն, ոստիկանություն եւ այլն:

Շոգ եղանակով պայմանավորված դեռ շատ է հրդեհների քանակը. անցած շաբաթ՝ 226 հրդեհ է գրանցվել (անցած շաբաթ գրանցվել էր 169 հրդեհ)՝ այրվել են տան գույք, շինությունների փայտյա կառուցատարրեր, շինանյութ, անասնակեր, բուսածածկ տարածքներ, աղբ, ջերմահարվել են պտղատու եւ դեկորատիվ ծառեր: Գրանցվել է նաեւ հրդեհի 24 կեղծ ահազանգ:

Անցած շաբաթ փրկարարները 159 կենցաղային կանչ են ստացել, որից մոտ 60-ը՝ փակ դուռ բացելու վերաբերյալ: Վատառողջ, ծանրաքաշ, սակավաշարժ քաղաքացուն բնակարանից իջեցնելու, բնակարան բարձրացնելու կամ բնակարանում տեղից տեղ տեղափոխելու կանչեր են սպասարկվել Երեւանի Արաբկիր, Նոր Նորք, Շենգավիթ, Ավան, Կենտրոն վարչական շրջաններում, Լոռիում, Արմավիրում, Արարատում, Շիրակում, Սյունիքում: Տարբեր վայրերում արգելափակված (դիտահոր, վերելակի հորան, նկուղ, տանիք, շենքի օդատար-ծխատար, անձրեւաջրերի հեռացման խողովակ, մեքենայի շարժիչի տակ, ջրանցք եւ այլն) մի շարք կենդանիներ են ազատվել: Բնակավայրերի տարբեր մասերում՝ փողոցներ, բակեր, բնակիչներին անհանգստացնող շներին եւ կատուներին փրկարարները հեռացրել են անվտանգ տարածք: Բնակարաններում, գրասենյակներում օձ նկատելու վերաբերյալ 32 ահազանգ է ստացվել, օձ է հայտնաբերվել եւ անվտանգ տարածք տեղափոխվել 18 դեպքում: Տարբեր վայրերում, տարբեր պատճառներով արգելափակված 10 մեքենա է հանվել երթեւեկելի հատված, անվտանգ տարածք է տեղափոխվել 10 մարդ:

Անցած շաբաթ փրկարարները հրդեհները կանխելու նպատակով հսկվող այրում են կազմակերպել չոր խոտով պատված տարբեր տարածքներում: