Գլխավոր Նորություններ ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔ-ՎԱՐԺԱՆՔ

ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔ-ՎԱՐԺԱՆՔ

829
Տարածել

Առաջին անգամ՝ INSARAG-ի չափանիշներով

Հոկտեմբերի 13-ին՝ Աղետների ռիսկի նվազեցման միջազգային օրը, ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի բակալավրի կրթական ծրագրի 3-րդ և 4-րդ կուրսերի ավելի քան 111 ուսանողի մասնակցությամբ ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի «Լուսակերտ» գործնական պարապմունքների կենտրոնում անցկացվեց ցուցադրական գործնական պարապմունք-վարժանք՝ ՄԱԿ-ի մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակի ներքո գործող «Որոնողափրկարարական հարցերով միջազգային խորհրդատվական խմբի» (The International Search and Rescue Advisory Group INSARAG) սահմանած չափանիշներով: Առաջին անգամ է, որ վարժանքն անցկացվում էր ուսանողների մասնակցությամբ:

Վարժանքին հետևում էին ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը, ՀՀ ԱԻ փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գեներալ-մայոր Մուշեղ Ղազարյանը, Աղետների ռիսկի նվազեցման միջազգային օրվան նվիրված «Դիմակայունություն հանուն կայուն զարգացման» երևանյան եռօրյա միջազգային համաժողովին մասնակից եվրոպական և ասիական 17 երկրների ներկայացուցիչներ, ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում նույն օրն անցկացված Միջբուհական ուսանողական գիտաժողովի մասնակիցներն ու հյուրեր:

Վարժանքի սցենարն առավելագույնս մոտեցված էր իրականությանը: Ուսանողների փրկարարական գործողություններին հետևում էին ակադեմիայի պրոֆեսիոնալ փրկարար դասախոսները, որոնք նաև INSARAG-ի հայկական թիմի անդամներ են: Վարժանքը բարդ էր. INSARAG-ը սահմանել է 250 չափանիշ՝ սկսած կառավարումից մինչև տուժածների հայտնաբերում, տարածքի նշագրում և այլն: Ուսանողները պետք է հաղթահարեին դժվարին չափանիշները:

Սցենարի համաձայն, տեղի է ունեցել երկրաշարժ, կան փլուզումներ, խուճապ է, զոհեր, տուժածներ կան: Պայմանական աղետի գոտում ուսանողներն առանձնացրեցին վտանգավոր տեղամասերը, ձևավորվեցին օպերատիվ կառավարման շտաբ, հաստատվեց տեղական ինքնակառավարման մարմինների հետ գործակցությունը: Ուսանողները պարանային գործողություններով կազմակերպեցին փլուզված բարձրահարկ շենքից տուժած մարդկանց տարհանումը, փլատակներում մնացած մարդկանց հայտնաբերումն ու դուրս բերումը, ցուցաբերեցին առաջին օգնություն:

Ֆիզիկական և տեխնիկական որոնումն իրականացվում էր երեք տեսակի սարքերով: Ուսանողները փլած պանելները կտրում-մասնատում էին պնևմատիկ, հիդրավլիկ, էլեկտրական, մեխանիկական սարքերով: Սցենարը բարդ էր նաև նրանով, որ փրկարարական աշխատանքները սկսելուց հետո կառավարման շտաբում պարբերաբար նոր ահազանգեր էին ստացվում. երկաթուղային կայարանում հրդեհ է, խուճապահար մարդկանց հոգեբանական աջակցություն է պետք, վագոն-ռեստորանում մարդիկ ծխախեղդ են լինում, ուղեկցորդուհին ուշագնաց ընկած է վագոնում: Արագ գործողություններով ուսանող-փրկարարները վագոնից տարհանեցին 15 տուժածների և մեկուսացրեցին սաստկացող հրդեհը և մարեցին:

Շենքի փլատակներից աղետյալների ձայներ են լսվում: Փրկարարները կտրեցին փլատակների հաստ պանելները և պատգարակով դուրս բերեցին տուժածներին: Որպեսզի տուժածները փոշեխեղդ չլինեն, ուսանող-փրկարարները գործածեցին օդազտիչ սարք, որը մեծապես օգնեց տուժածների փրկությանը:

Շենքերից մեկի փլուզման հետևանքով մեքենաներ են բախվել պատին ու մնացել քարերի արանքում, որտեղ մարդիկ են արգելափակվել: Վարժանքի մասնակիցները հմուտ գործողություններով կտրեցին ու հեռացրեցին ջարդոտված մեքենայի վերնամասը, տուժածներն ունեին սրունքի բաց կոտրվածք և ողնաշարի վնասվածք: Փրկարարները տուժածներին դուրս բերեցին մեքենայից, ցուցաբերեցին առաջին օգնություն և պատգարակներով մոտեցրին ահազանգով տեղ հասած շտապօգնության մեքենային:

Ամեն տեղամասում ուսանողների առանձին խումբ էր: «Քաղաքացիական պաշտպանություն» մասնագիտություն ընտրածներն աշխատում էին «Երկրաշարժի ժամանակ ավտովթարի հետևանքների վերացում» հատվածում: Հրդեհաշիջման աշխատանքներում ներգավվել էին «Հրդեհային պաշտպանություն» մասնագիտության ուսանողները: Փլատակների մաքրումն իրականացնում էին «Փրկարարական գործի» ուսանող-մասնագետները:

Երկրաշարժից տուժածների դերում էլ ակադեմիայի ուսանողներն էին, ինչը, ըստ բուհի փրկարարական ֆակուլտետի դեկան, վարժանքի կազմակերպչական խմբի ղեկավար, փ/ծ գնդապետ Գևորգ Հովակիմյանի՝ ուսանելի է, քանի որ ապագա փրկարարը թե՛ ֆիզիկական որոնում իրականացնողի, թե՛ արտակարգ դեպքի ականատեսի դերում սովորելու, փրկարարական գործի դժվարություններն ու նրբությունները զգալու հնարավորություն ունի:

Ակադեմիայի փրկարար մասնագետներն ապահովում էին վարժանքի անվտանգությունը, փրկարարական աշխատանքներին չէին միջամտում: Իսկ երբ ուսանող-փրկարարների համար իրավիճակը դառնում էր արտակարգ կամ սխալ, միջամտում էին, ճշգրիտ ցուցումներ տալիս և հրահանգում շարունակել: Ավարտին ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը նշեց, որ վարժանքների արդյունքներից գոհ է. «Այն վկայեց փրկարարական աշխատանքներում ակադեմիայի ուսանողների պատրաստվածության աստիճանը: Բացի դրանից, մենք հնարավորություն ունեցանք մեր օտարերկրյա գործընկերներին ցուցադրելու մեր փրկարարական կարողությունները, տեխնիկական հագեցվածությունն ու ակադեմիայի աշխատանքն ու բարձր պատրաստվածությունը, ինչը շատ կարևոր է: Սա մեծ հնարավորություն էր ուսանողների համար ևս մեկ անգամ ցուցադրելու ակադեմիայում ստացած գիտելիքները վարժանքում»:

«Կեցցե՛ն ակադեմիայի ուսանողները,- հիացմունքով նկատեց ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գեներալ-մայոր Մուշեղ Ղազարյանը և հավելեց,- բավականին պատրաստված ուսանողներ ունենք: Ես՝ որպես փրկարար, հիացած եմ INSARAG-ի չափորոշիչներով անցկացված ուսանողական այս վարժանքից, հիացած եմ ուսանողների փրկարարական կարողություններով: Կային փոքրիկ թերություններ, որոնք շտկելի են: Բայց… չմոռանանք, որ դեռ ուսանողներ են: Նրանք իրենց շատ լավ դրսևորեցին, հատկապես՝ պարանային գործողություններում: Հրդեհաշիջումն իրականացրեցին հմտորեն: Բավականին գեղեցիկ ստացվեց ավտովթարը: Ամեն ինչ շատ լավ էր»:

«Վարժանքի նպատակը համալիր փրկարարական աշխատանքների կատարման, աղետի կառավարման, փրկարարական հմտությունների հղկումն էր ուսանողների կողմից: Ուսանողներն ունեն ուրույն մտածողություն, և մենք ուզում էինք տեսնել՝ այդ նոր, թարմ մտածողությունը որևէ դեր կխաղա՞ր, կարո՞ղ ենք արդյոք հղկել որոշ բաներ, որ ժամանակին չենք նկատել: Մեր նպատակն էր ուսանողների մոտ զարգացնել թե՛ աղետի կառավարման հմտությունները, թե՛ փրկարարական աշխատանքների կատարումը տարբեր արտակարգ իրավիճակներում՝ սկսած հրդեհից, վերջացրած փլատակների տակ աշխատանքներ կատարելով»,- նշեց ակադեմիայի ռեկտոր, փ/ծ գեներալ-մայոր Համլետ Մաթևոսյանը:

«Փրկարար-ուսանողներն աշխատեցին գերազանց, ինչ պլանավորել էինք՝ իրականացվեց գերազանց մակարդակով: Հրդեհը նախատեսածից մեծ ստացվեց: Ուսանողները և՛ կարողացան մեկուսացնել, և շիջում իրականացնել: Շատ գոհ եմ ուսանողներից»,- ամփոփելով ուսանողների վարժանքը՝ նշեց վարժանքի կազմակերպչական խմբի ղեկավար, փ/ծ գնդապետ Գևորգ Հովակիմյանը:

Իսկ հոկտեմբերի 17-ին ակադեմիայի դահլիճում պարապմունք-վարժանքին մասնակցած ուսանողներին հանդիսավոր պայմաններում տրվեցին հավաստագրեր: «Փրկարարի գործը թիմային աշխատանք է, միայն այդ դեպքում են հասնում լավագույն արդյունքի, ինչը դուք ապացուցեցիք վարժանքի ժամանակ»,- շնորհակալություն հայտնելով ուսանողներին՝ նշեց ակադեմիայի ռեկտոր, փ/ծ գեներալ-մայոր Համլետ Մաթևոսյանը:

 

Ֆելիքս ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆ