Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Ականի պայթյուն որոնողական աշխատանքի ժամանակ. Արցախի փրկարարներն ամփոփում են շաբաթը

Ականի պայթյուն որոնողական աշխատանքի ժամանակ. Արցախի փրկարարներն ամփոփում են շաբաթը

3553
Տարածել

Հուլիսի 12-18-ն ընկած ժամանակահատվածում Արցախի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնը գրանցել է 879 զանգ: Ջերմաստիճանի կտրուկ բարձրացմամբ պայմանավորված՝ աճել են հրդեհի դեպքերը: Ստացված 29 կանչից մեկը բռնկվել է բնակելի շինությունում, 23-ը՝ չոր խոտածածկ տարածքներում, 2-ը՝ տրանսպորտում, 1-ը՝ փայտե վագոն-տնակում, 2-ը՝ աղբավայրերում, 1-ը՝ վերելակում: Ծառայության փրկարար ուժերի վարչության հրշեջ-փրկարարները կանչերին արձագանքել են արագ եւ օպերատիվորեն կազմակերպել հրդեհաշիջման աշխատանք: Տուժածներ չկան:

Ճանապարհատրանսպորտային երեք պատահար է գրանցվել: Տուժել է 9 քաղաքացի, զոհեր չկան: Մարմնական վնասվածքներով բուժհաստատություններ տեղափոխված անձանց առողջական վիճակը բավարար է:

Գրանցվել է տեխնածին 44 պատահար, եւս 47 կանչ` բնակչությանն օգնություն ցուցաբերելու մասով: Փրկարարները ստացել են դուռ բացելու 9 եւ վերելակ բացելու 4 կանչ, կատարել են հիվանդի տեղափոխման, ջրամատակարարման եւ բարձրության վրա տեխնիկական աշխատանքներ:

Սակրավորական խմբերը շարունակել են հետախուզական աշխատանքները զինամթերքի եւ այլ պայթուցիկ առարկաների հայտնաբերման ուղղությամբ: Յոթ օրվա ընթացքում հայտնաբերվել եւ ոչնչացվել են 53 պայթուցիչ, 28 հրթիռ, 6 ավիառումբ:

ՓՈՒՎ արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խմբերն Արցախի օկուպացված տարածքներում շարունակում են իրականացնել զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներ: Զինադադարից հետո մինչ օրս տարհանվել է 1604 աճյուն:

Շաբաթվա ընթացքում գրանցվել է մեկ արտակարգ պատահար: Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքում որոնողական աշխատանքներ իրականացնելու ժամանակ ականապայթյունային վիրավորում է ստացել փրկարարներին ուղեկցողներից մեկը: Վերջինս բուժում է ստանում կենտրոնական հոսպիտալում, նրա առողջական վիճակը կայուն է: