Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Փրկարարները 802 կանչի են արձագանքել

Փրկարարները 802 կանչի են արձագանքել

2559
Տարածել

Անցած շաբաթ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ստորաբաժանումները արտակարգ իրավիճակների, դեպքերի ու պատահարների վերաբերյալ 802 ահազանգի են արձագանքել: Շատ դեպքերում փրկարարները դեպքի վայր մեկնելուն զուգահեռ տեղեկությունը փոխանցել են այլ ծառայության. շտապօգնություն, «Վեոլիա Ջուր», էլցանց, գազի վթարային ծառայություն, կանաչապատման ծառայություն, ոստիկանություն եւ այլն:

Շոգ եղանակով պայմանավորված դեռ շատ է հրդեհների քանակը. անցած շաբաթ՝ 308 հրդեհ է գրանցվել՝ այրվել են տան գույք, շինությունների փայտյա կառուցատարրեր, շինանյութ, անասնակեր, բուսածածկ տարածքներ, աղբ, ջերմահարվել են պտղատու եւ դեկորատիվ ծառեր: Գրանցվել է նաեւ հրդեհի 50 կեղծ ահազանգ: Հրդեհները կանխելու նպատակով փրկարարները չորացած խոտածածկով տարածքներում հսկվող այրումներ են կազմակերպում:

Անցած շաբաթ փրկարարները 185 կենցաղային կանչ են ստացել, որից մոտ 70-ը՝ փակ դուռ բացելու վերաբերյալ: Վատառողջ, ծանրաքաշ, սակավաշարժ քաղաքացուն բնակարանից իջեցնելու, բնակարան բարձրացնելու կամ բնակարանում տեղից տեղ տեղափոխելու կանչեր են սպասարկվել Երեւանի Աջափնյակ, Նոր նորք, Քանաքեռ-Զեյթուն, Մալաթիա-Սեբաստիա, Շենգավիթ վարչական շրջաններում, Լոռիում, Արմավիրում: Տարբեր վայրերում արգելափակված (դիտահոր, վերելակի հորան, նկուղ, տանիք, շենքի օդատար-ծխատար, անձրեւաջրերի հեռացման խողովակ, մեքենայի շարժիչի տակ, ջրանցք եւ այլն) մի շարք կենդանիներ են ազատվել: Բնակավայրերի տարբեր մասերում՝ փողոցներ, բակեր, բնակիչներին անհանգստացնող շներին եւ կատուներին փրկարարները հեռացրել են անվտանգ տարածք: Բնակարաններում, գրասենյակներում օձ նկատելու վերաբերյալ 47 ահազանգ է ստացել, օձ է հայտնաբերվել եւ անվտանգ տարածք տեղափոխվել 18 դեպքում: Տարբեր պատճառներով արգելափակված 9 մեքենա է հանվել երթեւեկելի հատված, անվտանգ տարածք է տեղափոխվել 9 մարդ:

Անցած շաբաթ փրկարարները տարբեր ուսումնական, առողջապահական հաստատություններում, համայնքապետարաններում, մասնավոր հիմնարկներում կազմակերպել են «Օդային ազդանշանի դեպքում համայնքի բնակչության պատսպարման իրականացում», «Հրդեհաշիջման և տարահանման աշխատանքների իրականացումը հրդեհապայթյունավտանգ օբյեկտում», «Հակառակորդի հարձակման դեպքում համայնքի ինքնաբավ կենսաապահովումն ու ինքնապաշտպանությունը» եւ այլ թեմաներով ուսումնավարժություններ: