Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Փրկարարները քաղաքացուն իջեցրել են ժայռից

Փրկարարները քաղաքացուն իջեցրել են ժայռից

2108
Տարածել

Անցած շաբաթ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ստորաբաժանումները արտակարգ իրավիճակների, դեպքերի ու պատահարների վերաբերյալ 385 ահազանգի են արձագանքել: Շատ դեպքերում փրկարարները դեպքի վայր մեկնելուն զուգահեռ տեղեկությունը փոխանցել են այլ ծառայության. շտապօգնություն, «Վեոլիա Ջուր», էլցանց, գազի վթարային ծառայություն, կանաչապատման ծառայություն, ոստիկանություն եւ այլն:

Գրանցվել է 94 հրդեհ. այրվել են տան գույք, շինությունների փայտյա կառուցատարրեր, շինանյութ, անասնակեր, բուսածածկ տարածքներ, աղբ, ջերմահարվել են պտղատու եւ դեկորատիվ ծառեր: Գրանցվել է նաեւ հրդեհի 12 կեղծ ահազանգ:

Փրկարարները 152 կենցաղային կանչ են ստացել, որից մոտ 50-ը՝ փակ դուռ բացելու վերաբերյալ: Վատառողջ, ծանրաքաշ, սակավաշարժ քաղաքացուն բնակարանից իջեցնելու, բնակարան բարձրացնելու կամ բնակարանում տեղից տեղ տեղափոխելու կանչեր են սպասարկվել Երեւանի Աջափնյակ, Արաբկիր, Ավան, Նոր Նորք, Կենտրոն, Էրեբունի, Շենգավիթ վարչական շրջաններում, Լոռիում, Տավուշում: Տարբեր վայրերում արգելափակված (դիտահոր, վերելակի հորան, նկուղ, տանիք, շենքի օդատար-ծխատար, անձրեւաջրերի հեռացման խողովակ, մեքենայի շարժիչի տակ, ջրանցք եւ այլն) մի շարք կենդանիներ են ազատվել: Բնակավայրերի տարբեր մասերում՝ փողոցներ, բակեր, բնակիչներին անհանգստացնող շներին եւ կատուներին փրկարարները հեռացրել են անվտանգ տարածք: Ձնաբքի, մերկասառույցի եւ այլ պատճառներով արգելափակված 35 մեքենա է հանվել երթեւեկելի հատված, անվտանգ տարածք է տեղափոխվել 40 մարդ:

Այլ կանչեր. Վայոց ձորի փրկարարներն ահազանգ են ստացել, որ քաղաքացին Արենի բնակավայրի «Նորավանքի ձոր» կոչվող տարածքում բարձրացել է ժայռը եւ չի կարողանում իջնել: Հրշեջ-փրկարարներն ժայռից իջեցրել են 31-ամյա տղամարդուն:

Անցած շաբաթ փրկարարները տարբեր ուսումնական, առողջապահական հաստատություններում, համայնքապետարաններում, մասնավոր հիմնարկներում կազմակերպել են «Հրդեհաշիջման եւ տարհանման աշխատանքների իրականացումը ուսումնական հաստատությունում», «Անձնակազմի պատսպարման իրականացումը «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում», «Օդային տագնապի դեպքում բնակչության պաշպանության կազմակերպումը» եւ այլ թեմաներով դասեր եւ ուսումնավարժանքներ: